Արցախի հյուսիս-արևմտյան մասում՝ Թարթառ գետի ձախ ափին ժայռերի վրա հպարտ բազմած Քարվաճառի անմահական մեղրի մասին շատերս ենք լսել և ահա սեպտեմբերի 14-ին Նոր Շահումյանի շրջկենտրոնում` Քարվաճառում կազմակերպված «Բարի գալուստ Մեղրաբերդ» խորագիրը կրող մեղրի փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան Արցախի տարբեր շրջանները ներկայացնող գունեղ տաղավարներում համտեսելու ոչ միայն Քարվաճառի մեղրի յուրահատուկ համն ու հոտը, մեղրից պատրաստված ավանդական ճաշատեսակներն ու քաղցրավենիքները, այլ նաև Արցախ աշխարհի բերքն ու բարիքը, անմահական թոթի օղին և իհարկե ժենգյալով հացը։ Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած փառատոնները հրաշալի հնարավորություն են ազգային մշակույթը, տեղական արտադրանքը ներկայացնելու, վաճառելու։
Քարվաճառի մաքուր օդն ու տարբեր ծաղիկների առկայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում մեղվապահության զարգացման համար։
Նշեմ, որ Շահումյանի շրջանում ավարտվել են մեղրաքամի աշխատանքները, մասնագետների խոսքով այստեղ մեկ փեթակի միջին բերքատվությունը 13 կգ է, իսկ այս տարի ընդհանուր առմամբ քամվել է 30.350 կգ մեղր։ Իսկ մեղրի փառատոնի տաղավարներում շրջանի տարբեր համայնքների մեղվապահների ներկայացրած մեղրաբջիջներից չառանձնացված մեղրի հյութեղ շրջանակների շուրջ էին հավաքվել նաև ժրաջան մեղուները և յուրահատուկ աշխուժություն էին հաղորդում փառատոնին։
Կարդացեք նաև
Տեղին է հիշատակել, որ հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում Էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։ Ամենաքաղցր այս փառատոնը նպատակ ունի Քարվաճառի համեղ ու բուժիչ մեղրը ճանաչելի դարձնելու և նոր շուկաներ գրավելու։
Փառատոնին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար անձինք։
Նշեմ, որ փառատոնի ընթացքում առանձնակի գունագեղությամբ աչքի էր ընկնում Մարտունու տաղավարը, ներկա էր նաև Մարտունու շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար, արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Արարատ Մելքումյանը։ Նա բոլորին սիրով հրավիրեց հոկտեմբերին Մարտունիում կայանալիք Արցախի անմահական նռան փառատոնին։
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ