Հայաստանի իշխանություններն ազատ են արձակել մերձմոսկովյան «Բիր Հաուզ» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Օհանյանին, որի հանդեպ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել՝ կապված ռեստորանի մոտ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի հետաքննության հետ: Rosbalt-ի փոխանցմամբ՝ քանի որ Օհանյանը Հայաստանի քաղաքացի է, հանցագործության հետ հավանական առնչությունը պարզվելու է ոչ թե Ռուսաստանում, այլ Երևանում:
Գրիգոր Օհանյանը Հայաստան է տեղափոխվել սպանությունից անմիջապես հետո՝ 2019թ. հունիսի 1-ին: Ռուսաստանի իրավապահները գործի քննության ընթացքում եկել են այն եզրահանգման,որ Օհանյանը հնարավոր է առնչություն ունի սպանության հետ, այդ պատճառով նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել: Քանի որ Օհանյանը ՀՀ քաղաքացի է, չի կարող արտահանձնվել Ռուսաստան: Այն բանից հետո, երբ ռեստորանի սեփականատերը անազատության մեջ անցկացրել է հնարավոր առավելագույն ժամկետը՝ 40 օր, նրան ազատ են արձակել: Քննության ավարտից հետո ՌԴ Քննչական կոմիտեն կարող է Օհանյանի գործի հետ կապված նյութերն առանձին վարույթով ուղարկել Երևան, այս պարագայում գործը կքննեն Հայաստանում:
Գրիգոր Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչել հարցաքննության ժամանակ:Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ