«Մենք ենք տերը մեր երկրի», «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսա′ր միայն սար»-այս կարգախոսներով Բաղրամյան 26-ից մեկնարկեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպած քայլերթը՝ ի պաշտպանություն Ամուլսարի:
Զուգահեռաբար երթեր են մեկնարկել Երևանի քաղաքապետարանի, զորավար Անդրանիկի արձանի մոտակայքից: Դրանց բոլորի երթուղու ավարտը Ազատության հրապարակն է:
Այս պահին երթի մասնակիցները «Մեր անունն է պայքար…» պաստառով շրջում են Երևանի կենտրոնով և իրազեկում քաղաքացիներին, թե ինչու են պայքարում և ինչ պահանջում: Երթի նախաձեռնողները վստահեցրին՝ սա միայն տեղացիների՝ ջերմուկցիների, գնդեվազցիների պայքարը չէ, այլ սա մեր ազգի որոշումն է, որ հանքը չշահագործվի:
Նշենք, որ երթի մասնակիցներին միացել են նաև Ջերմուկից ավտոերթով Երևան եկած քաղաքացիները:
Կարդացեք նաև
Ամուլսարի պահապանները հայտարարեցին. «Ամուլսարի հիմնահարցը միայն բնապահպանական հիմնախնդիր չէ: Բնապահպանականն իր հերթին, բայց մեր առաջին կարգախոսը, որ հնչեցնում ենք՝ մենք ենք տերը մեր երկրի, առաջին հերթին սա ենք ցույց տալիս: Հուսանք՝ մինչև Անկախության օրը կառավարությունը վճռականություն կունենա հստակություն մտցնելու Ամուլսարի ճակատագրի հարցում: Մեզ համար հստակ է, որ Ամուլսարը սար է և հանք չի դառնալու: Եվ մենք ակնկալում ենք իշխանությունների վերջնական վճռական որոշումը: Այս հարցն արդեն շատ երկարեց: Ամուլսարը հանք չի դառնալու և վե′րջ»:
Երթի մասնակիցները մոտեցան կառավարության շենքին և գոչեցին. «Մենք ենք տերը մեր երկրի», «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսա′ր միայն սար: Մենք վճռական ենք մինչև վերջ. դե թող լսեն լսողները»:
Երթի մասնակիցները այնուհետև շարժվեցին Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցով կբարձրանան դեպի Ազատության հրապարակ:
Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:
Լուսանկարը՝ ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ