Սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց խորհրդարանի երրորդ նստաշրջանի մեկնարկից, ԲՀԿ խմբակցության առաջադրած օրինագծերից, երկրի ներքաղաքական զարգացումներից և հրապարակված տնտեսական վերջին ցուցանիշներից։
Ազգային ժողովի նոր նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին օրակարգային 57 հարցով, որից 17-ը անցել են երկրորդ ընթերցման փուլ։ Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած 9 նախագծերին, ասաց, որ դրանցից մեկը մերժվել է, հինգը անցել են երկրորդ ընթերցման, երկուսն էլ դեռ լրացումների փուլում են։ Մերժված նախագիծը Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցով ԲՀԿ-ի առաջարկությունն էր, որը վերաբերում էր անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում, օրինակ՝ կարկտահարման կամ երաշտից ավելի քան 50 տոկոս տուժած գյուղատնտեսական հողատարածքին․ «Օրինագծով առաջարկում էինք այդ չափի տուժած տարածքի համար հողի գույքահարկը չվճարվի․ կառավարությունը մի քանի անգամ մերժել է տարբեր պատճառաբանություններով, իմ կարծիքով դրանք հիմնավորումներ չունեն։ Եթե գյուղացին չի կարողանում հողից եկամուտ ստանալ, ապա պետությունը պետք է նույնիսկ փոխհատուցի այդ վնասները, մենք էլ առաջարկում ենք գոնե այդ տարվա տվյալ հողի գույքահարկը գյուղացին չվճարի, իսկ կառավարությունը պնդում է, որ սա ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմնի խնդիրն է, քանի որ տվյալ հարկատեսակը վճարվում է ՏԻՄ բյուջեին։ Ցավոք, նախագիծը չընդունվեց»։
Կարդացեք նաև
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ