Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Սեպտեմբեր 14,2019 17:06

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13

ԳԼՈՒԽ 14

Մարիխուանա

Ամռան զովաշունչ զեփյուռն էր թևածում Նյու Յորքի վողոցներում, իսկ էլեկտրական լույսերի հեղեղը կուրացնում էր՝ գիշերային կյանքի վայելքներ գովազդելով։ Ալեքսանդր Գոմեսը քայլում էր «Three wishes» խորտկարանի ուղղությամբ, բայց մտքերը մնացել էին Ջերոմ Մայերի բնակարանում։ Թերևս հարբած էր, թերևս չափն անցել էր վիսկի խմելիս, սակայն կարողացել էր պահպանել պարկեշտության կանոնները։ Եվ համբուրել էր Ավգուստայի ձեռքը հրաժեշտից առաջ, և պատվել էր կնոջը ասպետական խոնարհումով, և լռել էր բառեր, որոնք ծաղիկների պես էին և մեռած ընկերոջ շիրիմն էին զարդարում։ Արտառոց քայլքը վանում էր անցորդներին։ Ոմանք շրջվում էին՝ հարբած խելագարին ևս մի անգամ զննելու գայթակղությանը ենթարկվելով, ոմանք շամփրում էին հայացքով։ Ի՞նչ էին մտածում նրանք, և արդյոք ի՞նչ խորհուրդներ էին թևածում նրանց ուղեղների գաղտնարաններում։  Ըստ էության, կապիտանը թքած ուներ այս իրականության վրա, քանզի կյանքի փորձով գիտեր, որ մեծամասնությունն ապրում է քար շպրտելու միտումով, իսկ կարեկցող անհատները սակավաթիվ են։ Ամռան զովաշունչ զեփյուռը վայելելով՝ Ալեքսանդր Գոմեսն առաջանում էր մանր քայլերով, ալարկոտ ու անշտապ։

– Ծաղրածո՛ւ,- ատամների արանքից նետեց մորուքավոր գաճաճը, որ անցավ Ալեքսանդրի ուսին թերևս քսվելով ու կորավ մարդկային հորձանքում։

– Ես քո՛,- թունդ հայհոյեց կապիտանը, ապա քրքջաց բարձր, լիաթոք.- Վիետնամում թշնամին ծծում էր արյունս բացեիբաց, այստեղ նույն բանն անում են ստորությամբ, գաղտնածածուկ։ Սա ի՞նչ կյանք է։ Տեսնես ո՞վ է մոգոնել գոյության դժոխքը, և ո՞ւմ հանճարն է կառուցել մարդկային այս ընտանիքը՝ տաղանդն ու խելագարությունը խաչասերելով։ Ավգուստա…

Ալկոհոլի գոլորշիներով ներծծված տղամարդը ոչ մի կերպ չէր ազատվում խաժ աչքերով գեղեցկուհու ներկայությունից, չէր հաղթահարում եզակի այն հուզմունքը, որ համակել էր նրան այն պահից ի վեր, երբ ոտք դրեց Ջերոմ Մայերի բնակարանը։

«Նա ընկերոջս կինն է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, և չկա ճշմարտություն մեկ այլ։ Սակայն, գրողը տանի, ես հիմա ի՞նչ եմ մտածում և ի՞նչ եմ ստում ինքս ինձ։ Չէ՞ որ այրվում եմ Ավգուստային ևս մի անգամ տեսնելու ցանկությամբ, բայց ո՞ւր, դեպի ո՞ւր կարող է առաջնորդել այս ցանկությունը, երբ չկան ճանապարհներ, քանզի բոլոր ուղիները արգելափակվում են ընկերոջս գերեզմանով»։

Տաքսի նստելով՝ Ալեքսանդրը մրթմրթաց հասցեն, իսկ սևամորթ վարորդը ծամածռվեց մի պահ։ Վիսկիի հոտը խարսխվել էր նրա ռունգերում։ Սակայն ուշ գիշերվա այս ժամին հանդիպող ուղևորները հիմնականում հարբած էին լինում, սա նորություն չէր, և սևագործությամբ հաց վաստակող սևամորթը վաղուց իսկ հաշտ էր ներկա իրականության հետ։

«Երանի Հովհաննես Կանայանը խորտկարանում լինի,- մտածում էր կապիտանը՝ իսկապես ցանկանալով ընկերակցությունը նրա, ով հարուստ էր կյանքի փորձով, ուներ հեղինակություն և առնացի կամք ուներ։- Կարգին մարդ էր, նեղության ընկեր եղավ, ոչ թե սրանց պես…»։

Եվ Ալեքսանդրը հայացքով չափեց փողոցով աճապարող հատուկենտ անցորդներին, որոնք, ըստ էության, ոչ մի վատ բան չէին արել։

Ամբոխը տհաճ է, նախ և առաջ, իր յուրահատուկ գորշությամբ, ինչը որևէ այլ բանի հետ չի շփոթվում, իսկ ամբոխի մաս կազմողը առանձնահատուկ է, քանզի ճանաչվում է ցածր, փոքրոգության այլևայլ դրսևորումներ պարունակող իր արարքներով։ Մեքենան կանգ առավ «Three wishes» խորտկարանի առջև։ Վճարելով և վարորդին թեյավճար թողնելով՝ Ալեքսանդրը դուրս եկավ խցիկից։

Թերևս նույն դեմքերն էին սեղանների մոտ, թերևս անփոփոխ էր մթնոլորտը, որ հագեցած էր մարդկային քրտնքի, սուր համեմունքների և թունդ ծխախոտի համախառն բուրմունքով։

– Հովհաննես Կանայանը այստե՞ղ է,- մատուցողին մոտենալով՝ հարցրեց Ալեքսանդրը։

Երիտասարդն անմիջապես ճանաչեց «Մարտական արիության խաչ» կրող կապիտանին, փոքր-ինչ զարմացավ և չափեց նրան ոտքից գլուխ, քանզի վերջինս այժմ քաղաքացիական հագուստով էր։

– Մի տասը րոպե առաջ գնաց,- չոր կտրեց մատուցողն ու անցավ իր գործին։

«Եվ ի՞նչ,- մտածեց կապիտանը,- հիմա ո՞ւր գնամ։ Տուն չեմ վերադառնալու, բացառվա՛ծ է։ Իսկ հյուրանո՞ց… Ա՜ա՜ա՜, մի րոպե…»։

Բարմենն ինչ-որ բան էր խառնշտորում վաճառասեղանի տակ և, պետք է ասել, աշխատում էր բուռն ջանասիրությամբ։ Ալեքսանդրը մաքրեց կոկորդը՝ հազի օգնությամբ ուշադրություն պահանջելով, և ճանկռվող ապակու խզխզոց հիշեցնող աղմուկը դադարեց։

– Ի՞նչ տամ,- գլուխը բարձրացնելով՝ հարցրեց բարմենը։

Մաշկը հոտած կաղամբի գույն ուներ, իսկ աչքերը արնալից, նեղավուն գծեր էին դեմքի վրա։

«Մարիխուանա,- մտածեց կապիտանը։- Աշխարհի արարումից ի վեր մարդը տառապում է իր նմանին ոչնչացնելու ախտով։ Քաղաքակրթության նվաճումներն արժեզրկվում են ամեն անգամ, երբ բանական արարածն անասնանում է իր բանականության մեջ՝ կյանքի կոչելով սպանդ, պատերազմ, կոտորածն մանկանց։ Սակայն եթե գոյության կռիվն ինքնապահպանության բնազդներ է պարունակում, ապա ի՞նչ բացատրություն կարող են ունենալ ինքնակործանման՝ ինքնաոչնչացման դրսևորումները, որոնք մարդն ընտրում է կամահոժար՝ իր եսը խորտակելու հակում ցուցաբերելով։

Մարիխուանա…

Մտազուրկ ակնաբիբեր…

Մեր տղերքից քանի-քանիսը զոհվեցին…

Պատերազմն ունի արյան մեջ ներծծվելու յուրահատուկ փուլեր։ Նորելուկ զինվորներց շատերը այլակերպվում են առաջին մարտում՝ առաջին անգամ ճանաչելով մարդ սպանելու սրտխառնուքը։ Բերանում պապանձվում է բառը, իսկ լեզուն սկսում է չենթարկվել։ Նրանք մարտնչում են՝ հաղթահարելով քրտնարտադրության դողէրոցքը, իսկ նրանցից շատերը ակամա միզում ու արտաթորում են հենց շալվարի մեջ։ Ոմանք դեռ երկար ժամանակ չեն ազատագրվում աղիների թուլությունից, որ գլուխ է բարձրացնում ամեն անգամ, երբ համընկնում են փոխհրաձգություն սկսելու հրամանն ու այլընտրանք չունենալու գիտակցությունը։ Թմրադեղերը չեն օգնում իհարկե, սակայն զինվորներից շատերը ի վերջո հանգում են հոգևոր հաշմանդամությունը թմրեցնելու գաղափարին, և երբեմնի անթույլատրելին հանկարծ ընդունվում է դառնաղի ուրախությամբ։ Քանի-քանիսը մեռան ընդարմության մեջ… Քաջարի երիտասարդներ էին,  բայց պարտվեցին ի վերջո և ի վերջո կործանվեցին անփառունակ մահով։ Իսկ այս հաստագլուխ բարմենն այստեղ վայելքներ է ճաշակում՝ բնավ չկասկածելով, որ այսօր չորացրել է իր ուղեղն ու հիմա բթամտության նմուշ է ընդամենը…»։

– Ասում եմ՝ ի՞նչ տամ։ Չես լսո՞ւմ։

– Գարեջուր,- սթափվելով՝ արձագանքեց Ալեքսանդրը։

Մինչ բարմենը պատվերն էր կատարում, կապիտանը մտմտում էր հետագա իր անելիքները և բնավ չէր պատկերացնում, թե ուր պիտի գնա։

– Համեցեք։

Փրփրադեզ հեղուկով լեփ-լեցուն գավաթը թրխկաց վաճառասեղանին։

– Լսիր, եղբայր,- կում անելով՝ ասաց Ալեքսանդրը,- Հովհաննես Կանայանին ինչպե՞ս գտնեմ։ Հեռախոսահամարը ունե՞ս։

– Իսկ ժամացույցին նայե՞լ ես, հը՞։ Ինչքան գիտեմ, նորմալ մարդիկ այս ժամին իրար չեն զանգահարում։

– Ճիշտ ես,- համաձայնեց Ալեքսանդրը,- բայց դու այստեղ կապ չունես։ Հովհաննեսի հեռախոսահամարը տանն եմ թողել, ինքն էր ինձ տվել, ու եթե հիմա հեռաձայնեմ նրան, դա բնավ չի ենթադրում, թե քո մատը խառն է այս գործին։ Դե՛. կօգնե՞ս։

– Ցանկացած օգնություն, սակայն, իր գինն ունի։

– Եղավ, եղավ, չեմ առարկում,- ժպտադեմ պատասխանեց կապիտանն ու թղթադրամը բաժակի տակ դնելով՝ շարունակեց,- ինքս էի ուզում առաջարկել։

Բարմենը դարձյալ անհայտացավ վաճառասեղանի ետևում, ապա դուրս եկավ անսպասելի և արնագույն հայացքն Ալեքսանդրի դեմքին բևեռելով՝ ասաց.

– Ես կապ չունեմ։

Թուղթը ճանկելով՝ կապիտանը շնորհակալության պես մի բան գռմռաց, պարպեց բաժակն ու շարժվեց հեռախոսախցիկի ուղղությամբ։

Քնաթաթախ կնոջ ձայնն անակնկալի բերեց Ալեքսանդրին։

– Ներեցեք,- կմկմաց կապիտանը,- ներեցեք, ի սեր Աստծո… Վիետնամի պատերազմից եմ վերադարձել, դրսում մնացած զինվոր եմ, կարո՞ղ եմ խոսել Հովհաննեսի հետ։

Լսափողի մյուս ծայրում լռություն էր. լոկ կրծքային շնչառությունն էր մատնում զրուցակցի ներկայությունը։ Ի վերջո կինն ասաց.

– Հովհաննեսը բենզալցակայանում է։ Զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով…

– Շնորհակալ եմ…

Բայց կինն արդեն կախել էր լսափողը։

Ասվածը հազիվհազ մտապահելով՝ Ալեքսանդրը հավաքեց թվերը։

– Այո՛։

– Հովհաննես Կանայանին կանչեք, խնդրեմ։

– Մի րոպե։

Եվ Ալեքսանդրն ի վերջո խոսեց երկար փնտրված ու թերևս սիրելի մարդու հետ։

(շարունակելի)

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել