Այսօր առավոտյան Ջերմուկի տաքսիների կանգառ հրապարակից մեկնարկեց ի պաշտպանություն Ամուլսարի ավտոերթ դեպի Երևան: Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ավտոերթով շարժվում են դեպի Երևան մասնակցելու Երևանում ժամը 18.30-ին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կողմից անցկացվելիք ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի:
Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց, որ իրենց մեքենաներով կմիանան Գնդեվազի, Վայքի, Եղեգնաձորի տարբեր բնակավայրերի բնակիչներ. «Կապ չունի՝ ով որտեղ է ապրում, եթե գիտակցում ենք, որ Ամուլսարը հայրենիք է, մենք այսօր բոլորս պիտի հավաքվենք Երևանում և մեր խաղաղ ակցիայով ավելի ամրապնդենք Ամուլսարի պաշտպանությունը: Այսօր ՀՀ-ում մի քանի ուժեր տարբեր նպատակներով ակցիաներ են անում: Ամուլսարի պայքարն ամուր պայքար է. սա զուտ Ամուլսարի փրկության համար է, և որ վայրկյանին կառավարությունը կլեգիտիմացնի Ամուլսարի փրկության՝ մեր որոշումը, հենց այդ վայրկյանից այլևս մենք փողոց դուրս չենք գա: Այս ակցիաները նպատակ ունեն մեր ձայնը լսելի դարձնել ու Ամուլսարի ճակատագիրը փրկել»:
Ամփոփելով Շիրակ Բունիաթյանն ասաց. «Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երևանում»:
Ամուլսարի պահապանները նաև հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշում են. «Ամուլսարի պահապան ջերմուկցիները դեռ հեղափոխության առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Ամուլսարը հայրենիք է, ուստի հայրենիքի փրկության ճանապարհին մենք այլևս ետ քայլ չունենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից