Երեկ երեկոյան Գյումրու «Սև Բերդ» ամրոցում տեղի ունեցավ հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը, որն ուղեկցվեց սիրված ֆիլմերից որոշ դրվագների ցուցադրմամբ։
Մաեստրոյի 80-ամյակը լրացել էր հունվարի 27-ին, այն նշվեց հոբելյանական համերգներով, որոնք անցկացվեցին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Հայաստանում մեկնարկը տրվեց Արցախից ու ամփոփվեց կոմպոզիտորի հարազատ քաղաքում՝ Գյումրիում։
Մանսուրյանական չքնաղ մեղեդիներն ունկնդրելու էին եկել ոչ միայն Շիրակի տարբեր տեղանքների բնակիչները, այլ մեծ թվով հյուրեր մայրաքաղաքից ու արտերկրից։
Կարդացեք նաև
Ներկա էր նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կոմանդոսը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ իր կնոջ հետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և այլք։
Մանսուրյանական համերգի կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն է՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ, ելույթ ունեցողը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր։ Գյումրիում մասնակցություն ունեցավ նաև Բալասանյան ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամը։
Հետաքրքիրն այն է, որ հանդիսատեսը «Սև Բերդ» էր շտապում համերգից մոտ մեկ ժամ շուտ․ սովորաբար մշակութային միջոցառումներին փոքր-ինչ ուշացած են ներկայանում։
Համերգի ողջ ընթացքում հնչում էին հոտնկայս ծափահարություններ, հանդիսատեսը, պարբերաբար շուռ գալով դեպի օթյակում նստած կոմպոզիտորը, խոնարհվում էր նրա առջև։ Նրա կինոերաժշտության հնչյունների ներքո էլ շատերն արտասվում էին, տեղափոխվում դեպի իրենց մանկության տանգոն։
Առաջինը ելույթ ունենալու պատիվը տրվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
«Սիրելի՛ գյումրեցիներ, ամեն անգամ, երբ ես գալիս եմ Գյումրի, ես վերադառնում եմ հայրենիք»,- գյումրեցիներին ոգևորող նման խոսքերով սկսեց իր ելույթը Երևանի քաղաքապետը՝ շարունակելով․ «Հետաքրքիրն այն է , որ երկար ժամանակ այդ զգացողությունը կար, բայց փաստավորված չէր, և մի քանի տարի առաջ ընտանեկան մի խնջույքի ժամանակ․ մեր ընտանիքն այնքան էլ մեծ չէ, երբ ներկա էին նաև մեր ընտանիքի մեծերից, խոսքը խոսքի հետևից, խոսքը խոսքի հետևից, և ես իմացա, որ ես, իրոք, գյումրեցի եմ։ Պարզվեց, որ իմ տատիկը՝ հայրիկիս մայրիկը, գյումրեցի է, պարզվեց, որ հայրիկս Գյումրիում է ծնվել, այնուհետ տեղափոխվել են Երևան։ Իհարկե, սա շատ կարևոր էր ինձ համար այն պարագայում, որ շատերն ասում էին՝ այս տղուն այս հումորը որտեղի՞ց։ Եվ ապացույցը մի քիչ երկար սպասեց, բայց կարևորը հաստատվեց։
Ուզում եմ մի փոքր խոսել այս համերգի մասին, այս համերգների շարքի մասին․ տարվա սկզբին, երբ մտերմիկ ընթրիքի ժամանակ մաեստրոյի հետ նստած էինք և ծնվեց այս գաղափարը, այն ժամանակ դժվար էր պատկերացնել, թե ինչ ճանապարհ պետք է անցնենք դրա համար, որովհետև և՛ գաղափարը, և՛ իրականացումը պետք է լիներ այնպիսի բարձր մակարդակի, որ ուղղակի արժանի լիներ մեր մաեստրոյին, մեր պարոն Մանսուրյանին։
Երբ սկսվեց աշխատանքը՝ բավականին բարդ, ծանր, և իր վրա այս բարդությունը, ծանրությունը վերցրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Բոլորդ շատ լավ գիտեք, որ նա գյումրեցի է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ գյումրեցիներին, և՛ Գյումրիին, որ ժամանակավոր, պարտքով պարոն Վիրաբյանին տվել եք մեզ, որպեսզի այն մշակույթը, այն մշակութային արժեքները, այն ճաշակը, որ կա Գյումրիում, պարոն Վիրաբյանը բերի նաև իր հետ Երևան»։
Երևանի քաղաքապետն ասաց, որ Աստված նվեր է տվել Տիգրան Մանսուրյանին, նրա միջոցով մեզ է նվիրում աստվածային երաժշտությունը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ , մեծարանքի խոսքեր հնչեցնելով, Փառք տալով Աստծուն, որ Տիգրան Մանսուրյանին է պարգևել հայ ազգին, նրան նվիրեց Գյումրվա ֆայտոն ու քաղաքի գերբը։
Մաեստրոն իր ելույթում նշեց, որ զգացված է ջերմությունից։
«Այս տարվա ամբողջ համերգային շարքը, որ տեղի ունեցավ, անշուշտ, շատ գեղեցիկ օր մենք պարոն Մարությանի հետ ընտանյոք Նոր Տարին դիմավորեցինք, որոշեցինք, որ ես պիտի լինեմ հեղինակ համերգային շարքի և կազմակերպողը լինելու է քաղաքապետարանը և անձամբ պարոն քաղաքապետը։ Անշուշտ, այսպիսի հսկայական ծրագիր անհնար էր իրականացնել առանց նյութական աղբյուրի, որ տրամադրեց պարոն վարչապետը՝ սիրված Նիկոլ Փաշինյանը։
Ես իմ առաջնային խնդիրը միշտ գործիքային երաժշտությունից զատ համարել եմ այն երաժշտությունը, որը կապված է մեր գրականության հետ և ես իմ 40 տարվա աշխատանքներից ընտրեցի երկու հեղինակի, որոնց երաժշտությունը ինձ ապահովեց ամբողջ մի համերգային երեկո։ Եղավ համերգ ամբողջությամբ Չարենց, մեկ շաբաթ հետո ամբողջությամբ եղավ Իսահակյան, և այս երկու համերգները սկիզբն եղան այս տարվա համերգաշարի»,- ասաց մաեստրոն։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Մլքեյանին, նա նաև նշեց, որ իր պարտքն է համարել լինել հայ գրականության ու հայ պոեզիայի երգ-երաժիշտը, նրա զավակը երաժշտության մեջ։ Նա նաև իր հարցմունքը հայտնեց առ այն, որ մեկի գլխում ծագել է ամբողջ ֆիլմերը հավաքելն և նորից գործիքավորելը։
«Գիտեք այս ֆիլմերի երաժշտությունը ես տանը չունեմ, որովհետև գրել եմ, հանձնել եմ Մոսկվայի նվագախմբի գրադարանին և դրանից հետո իմ կապը կտրվել է այդ ամբողջ իրականության հետ։ Ես չգիտեմ այնտեղ կա՞ն, չկա՞ն այդ ամբողջ նոտաները, բայց ահա մի ամբողջ հսկա երաժիշտների խումբ լծվեց այս գործին՝ նորից նորոգել, նորից գործիքավորել, նորից ֆիլմերից հանել հատվածներ, ընտրել։ Մենք մշակել ենք բոլորով միասին, ես ամբողջությամբ նվիրված եմ եղել այս գործին։ Եվ եղել եմ թե՛ խորհրդատու, խմբագիր երբեմն՝ նայած դերի։ Ուզում եմ ասել, որ այս նվագախմբի հետ մենք լավ աշխատեցինք»,-ասաց Տիգրան Մանսուրյանը։
Մաեստրոն պատմեց նաև իր հիշողությունները՝ կապված Գյումրիի հետ։
«Ես այնքան թանկ հիշատակներ ունեմ քաղաքի հետ կապված, բայց նախ ևառաջ մարդկանց հետ կապված»,- ասաց նա՝ հիշելով իր ուսուցիչներին։
Մաեստրոն նաև ասաց՝ այն օգնությունը, որ ստացել է գյումրեցիներից, եթե որևէ մեկին պատմի, կհնչի որպես զգացմունքային պատմություն, սակայն դա իրականություն է։
Նա մի շատ հետաքրքիր դրվագ պատմեց Գյումրիում անցկացրած իր ուսանողական տարիներից։
«Միայն մի տիկնոջ հիշեմ, Գյումրու տրիկոտաժի գործարանում շատ ռուս կանայք կային աշխատող, նրանից մեկը մատուցող էր դարձել, աշխատում էր «Հոկտեմբեր» կինոթատրոնի փողոցի վրա։ Մի քանի անգամ մտել եմ այնտեղ, ես «պրյանիկ» շատ էի սիրում, հիմա էլ եմ շատ սիրում, գնել եմ մեկ բաժակ կակաո ու մեկ էլ մի քանի «պրյանիկ», հենց որ այդ կինը մոտեցել է, և ես ուզել եմ վճարել, խիստ հայացքով, ոչ մի դրական զգացում չարտահայտող ձայնով ասում էր՝ «վոն»՝ կորչիր այստեղից, փող չէր վերցնում։
Մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, զարմանալի է՝ ի՞նչ գիտեր, ինչո՞ւ էր այդպես որոշել․․․Գիտեք դրանք անհետ չեն անցել ինձ համար, այսօր ես պատմում եմ, բայց դրանք ես ապրել եմ ֆիլմերի մեջ՝ իբրև երաժշտություն, լինի դա «Կտոր մը երկինքը», լինի դա «Հին օրերի երգը», լինի դա «Մեր մանկության տանգոն․․․»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
Նրա ներկայացմամբ՝ ֆիլմերի երաժշտությունն ամբողջությամբ Գյումրիից է տարել, այն իրականությունից, որն ապրել է այս քաղաքում։
Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ