Զրուցակիցս տաղանդավոր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն է:
-Հարգելի Մարիաննա, Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել հայաստանյան ամենատարբեր լրատվամիջոցներին: Խոսել եք և՛ Ձեր անցած ճանապարհի, և՛ ձեռքբերումների, և՛ հաջողությունների մասին: Պետք է խնդրեմ՝ ևս մեկ անգամ խոսենք ամենասկզբից՝ Ձեր ընտանիքի մասին, որտե՞ղ եք ծնվել, սովորել, ովքե՞ր են ծնողներդ…
-Ծնվել եմ Երևանում` հայկական ավանդական ընտանիքում, որտեղ տիրել է սեր, ջերմություն, հարգանք: Ծնողներս շատ համեստ ու բարի մարդիկ են՝ ջանք ու եռանդ չխնայելով, ապահովել են լիարժեք մանկություն այն դժվար` մութ ու ցուրտ տարիներին:
-Խոսեցիք դժվար տարիներից: Պատմեք, թե ինչպես որոշվեց, որ դուք քանոնահարուհի եք դառնալու և ինչո՞ւ հատկապես ընտրեցիք ազգային գործիքը` քանոնը…
-Իմ կյանքում երբեք պլանավորված ու պատահական ոչինչ չի լինում: Հանրակրթական դպրոցին համատեղ հաճախել եմ բազմաթիվ խմբակներ, բայց երևի ի վերուստ էր կանխորոշված – ճակատագիր: Իմ կարծիքով քանոն նվագարանը բոլոր երաժշտական գործիքներից տարբերվում է իր մոգական ելևէջներով, շատ հայկական է ու վայել հայուհուն:
-Հայուհուն վայել գործիքով ի՞նչ հաջողություններ եք գրանցել: Պատմեք այդ մասին…
-Իմ ամենակարևոր ձեռքբերումը դա իմ գիտելիքն է, իմ տաղանդն ու աշխատասիրությունը: Իմ ուղին ինքս եմ հարթել, շատ մեծ դժվարություններով՝ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր լավ պահս շատ թանկ ու բարձր եմ գնահատում:
-Առաջիկա ի՞նչ պլաններ կան…
-Ես գործող քանոնահար եմ, միշտ բեմում եմ և իմ ուժերի սահմաններում փորձում եմ իմ քանոնի ձայնը հասանելի ու լսելի դարձնել:
-Երիտասարդ սերունդը այսօր նախապատվությունը տալիս է երաժշտական այլ ժանրերին: Արդյո՞ք հայ երիտասարդները գնահատում են ժողգործիքները, ո՞վ է Ձեր հանդիսատեսը….
-Չեմ կարծում՝ կգտնվի մարդ, ով անտարբեր կլինի բարձրաճաշակ արված գործի, բարձրորակ ու պրոֆեսիոնալ արտիստի ներկայացրած արվեստից: Իմ հանդիսատեսը բարձր արվեստը գնահատող հասարակությունն է, շատ խիստ տարբերվող՝ բարձր կուլտուրայով և վերաբերմունքով:
-Դուք տարաբնույթ միջոցառումների եք մասնակցում` բարեգործական, հասարակական հիմունքներով: Խոսենք նաև այդ մասին…
-Գիտեք ես չեմ կարող անտարբեր լինել ու մերժել, ես այդպես եմ դաստիարակվել՝ ես դա եմ տեսել: Իմ կարիքը, երբ կա, ես միշտ պատրաստ եմ սիրով ներկայանալ ու ներկայացնել մեր ազգային մաքուր ու անաղարտ երաժշտությունը: Ես ինչ անում եմ սրտանց եմ անում, երբեք չակնկալելով որևիցե բան, ինձ համար կարևորը իմ հանդիսատեսի գոհունակ աչքերն ու սրտաբուխ խոսքերն են: Գիտեք ինչ երջանկություն է, երբ նվագիդ ընթացքում հուզվում, ապրում և գոհանում են: Շատ պարտավորեցնող է, երբ հանդիսատեսդ մի քանի սերնդի ներկայացուցիչն է ու բոլորի սրտին քո երաժշտությունը հարազատ է, սիրելի:
Իմ հոգու ձայնը միշտ հնչում է, ես չեմ կարող լռել, քանի դեռ քանոնս հնչում է…
-Դուք շատ արտիստների նման չեք նկարահանում տեսահոլովակներ, բայց Ձեր անունը անընդհատ շահարկվում է: Ի՞նչ կասեք, ո՞րն է հաջողության գրավականը:
-Ես գերադասում եմ հանդես գալ բարեգործական մենահամերգով, քան տեսահոլովակ նկարահանել…
Ես կարողանում եմ կենդանի կատարումներով հանդես գալ: Եթե անունդ շահարկվում է, ուրեմն սիրում ու ընդունում են քեզ՝ քո արած գործով:
-Սա՞ է Ձեր հաղթաթուղթը…
-Մաքրությունը, բարությունը, որը շատ կարևոր է արվեստում: Չեմ նմանակում, ես կերտել եմ իմ ձեռագիրը:
– Իսկապես: Ձեր մաքրամաքուր կատարումները հմայել են բազմաթիվ պրոֆեսիոնալների:
-Դա երկար տարիների անցած ուղու արդյունքն է: Շատ հաճելի է ինձ համար նման փաստը, որ կոմպոզիտորները իրենց ստեղծագործությունների պրեմիերաները վստահում են ինձ, և նաև նոր սերունդը նայելով, լսելով ոգեշնչվում, սիրում ու քայլեր է անում այս ասպարեզում:
-Ըստ Ձեզ, Հայաստանում Ձեր նման արտիստներին ի՞նչ է պակասում:
-Պակասը շատ է, ես լավատես եմ: Թող ամեն ինչ կարգավորվի ու կայունանա, որ յուրաքանչյուրն իր տեղում լինի ու արարի իր իսկ հայրենիքում:
-Զրույցի վերջում շատ կարևոր հարց ևս: Ի՞նչ սպասի հանդիսատեսը առաջիկայում Մարիաննա Գևորգյանից…
-Ես իմ արվեստը շատ եմ սիրում ու միշտ ներկայանում եմ նորություններով, նոր գործերով: Հանդիսատեսին երկար սպասելու առիթ չեմ տա:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ