Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում դատարանների կայացրած որոշումներն ընդհանրապես դառնում են քաղաքական շահարկումների առարկա․ «Փաստ»

Սեպտեմբեր 14,2019 13:13

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բոլոր պայմանները կային, որպեսզի նոր իշխանությունները համախմբեին ժողովրդին, առաջ քաշեին ընդհանուր նպատակներ, որոնց կարելի էր հասնել միայն ողջ հայության ջանքերի արդյունքում։

Սակայն պատեհ իրավիճակը բաց թողնվեց, իշխանությունները գնացին այլ ճանապարհով, և հանրության շրջանում բաժանարար գծեր անցկացվեցին։

Իսկ որ չարության և մաղձի տարածման դոզայի ավելացումը հենց իշխանությունների սրտով է, դրա մասին են վկայում սոցցանցերում իշխանության համակիրների վիրավորական, հայհոյական մեկնաբանությունները։

Սակայն ուշագրավ է, որ հասարակության մեջ բաժանարար գծեր անցկացնելու այս իրավիճակից որոշ շրջանակներ փորձում են օգտվել, և պատահական չէ, որ դատարանների մուտքերի մոտ անընդհատ սադրանքներ են արվում։

Այսպիսի իրադրության պայմաններում նկատելի է ՀԱԿ-ի ներկայացուցիչների ակտիվացումը։ Ու ամենահետաքրքրականն այն է, որ վերջիններիս հիմնական անհանգստության թեման պտտվում է երկրորդ նախագահի հետ կապված տեղի ունեցող դատական գործընթացի շուրջ։

Թերևս սա չի կարող պատահական լինել, քանի որ Մարտի 1-ի գործով զարգացումները ցանկացած պահի կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, ուստի պետք է ինչքան հնարավոր է ապահովագրվել անցանկալի ընթացքից։

Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ նրանցից ոմանք իրենց բառապաշարով, ծայրահեղականությամբ ու պահվածքով առաջին հերթին վնասում են Նիկոլ Փաշինյանին ու նրա հռչակած գաղափարներին:

Այս համատեքստում որոշ քաղաքական գործիչներ և իրավաբաններ փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ գոյություն ունի, պետք է լիովին փոխել ՍԴ-ի կազմը։

Իսկ վերջերս Մարտի 1-ի գործի հետ կապված ՍԴ որոշման հրապարակումից հետո ՍԴ-ն վերակազմավորելու կողմնակիցները այն կարծիքին են, որ ՍԴ-ի որոշումը չի կարող օրինական ուժ ունենալ, քանի որ այն չի արտահայտում ժողովրդի կամարտահայտությունը։

Այն, որ ՍԴ անդամները կարող են ընդունելի կամ անընդունելի լինել, հարցի մի կողմն է, կարող են մասնագետները քննարկել նաև ՍԴ որոշումների վերաբերելիության հարցը, յուրովի մեկնաբանել դրանք, սակայն Բարձր դատարանի որոշումը անվերապահ կատարելը կասկածի տակ դնելը դուրս է ցանկացած տրամաբանությունից:

Ըստ իրավունքի բազմաթիվ մասնագետների, ՍԴ-ի որոշումը անընդունելի համարելը հակաօրինականության քարոզ է, քանի որ փորձ է կատարվում ազդել դատարանի կողմից որոշումների կայացման վրա։

Իսկ վերջին շրջանում դատարանների կայացրած որոշումներն ընդհանրապես դառնում են քաղաքական շահարկումների առարկա, ինչը որոշակի շրջանակների համար հիմքեր է ստեղծում պնդել, որ դատական այս կամ այն գործընթացը կամ որոշումը բացառապես քաղաքական բնույթ ունի, այնինչ դատական համակարգը պետք է հանդես գա լիովին անկախ և անաչառ դիրքերից։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30