Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն, իրավապահ մարմինները կարող են մի քանի տասնյակ հանցագործությունների, այդ թվում՝ անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով ստանալ նաև քրեական գործերով կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց՝ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները:
Այսինքն, նախատեսվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման, մինչդեռ գործող կարգավորումներով նման տեղեկություններ հնարավոր է ստանալ բացառապես կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ։
Նկատենք, որ թեև փոխվարչապետի մակարդակով նախատեսվող փոփոխությունը շատ վտանգավոր համարվեց, այնուամենայնիվ, կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
Դիտարկելով օրենսդրական փոփոխությունից բխող ռիսկերը թե՛ իրավական, թե՛ տնտեսական բաղադրիչների համատեքստում՝ «Փաստը» զրուցել է փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանի և տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
Կարդացեք նաև
Մարատ Ատովմյանի խոսքով, նախագծի տրամաբանությունը, ըստ էության, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է, բայց փորձագետը չի բացառում ռիսկերի հնարավորությունը:
«Հիմնական մտահոգությունը կարող է լինել այն, որ իրավապահ մարմինները կչարաշահեն իրենց լիազորությունները ու բանկերում գտնվող գումարների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանգամանքն ավելի լայն շրջանակ կընդգրկի:
Այնուամենայնիվ, կարևոր է, որ կասկածյալի կամ մեղադրյալի ազգականների բանկային հաշիվներին վերաբերող տեղեկություններ ստանալու դիմումները լինեն հիմնավորված, որպեսզի դա իսկապես չվերածվի ինչ-որ չարաշահման»,-ասաց նա՝ հավելելով, որ բանկերն իրենց հերթին պետք է հրաժարվեն տեղեկություն տրամադրելուց, եթե չի հիմնավորվում, որ այդ տեղեկատվության բացահայտումն իսկապես գործի քննության շահերից է բխում։
Հարցին՝ կա՞ն երաշխիքներ, որոնք բացառում են մարդու իրավունքների խախտման հնարավորությունը, Մ. Ատովմյանը պատասխանում է. «Առաջին հայացքից՝ այդ երաշխիքները կան: Այդուհանդերձ, կարևոր է, որ այդ երաշխիքները պրակտիկայում էլ խստորեն պահպանվեն»:
Մարատ Ատովմյանը հղում արեց միջազգային փորձին՝ նշելով, որ տարբեր երկրներ կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ուրույն գործիքակազմն ունեն. «Միջազգային պրակտիկայում կան երկրներ, որտեղ հակակոռուպցիոն մարմինները շատ մեծ լիազորություններ ունեն բանկային հաշվի, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու մասով:
Միակ խնդիրն այն է, որ նշված գործիքն իսկապես կիրառվի հակակոռուպցիոն նպատակներով, այլ ոչ թե սուբյեկտիվ գործիք հանդիսանա»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում