Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ակտիվանում է մամուլը․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 14,2019 11:52

Մինչ քաղաքական կուսակցությունները մեռած են-թաղած չեն, Հայաստանում ակտիվանում է մամուլը՝ լրատվական դաշտը։ Ներքաղաքական  ամենապասիվ շրջանում՝ օգոստոսից սկսած, մամուլի դաշտում հետաքրքիր տեղաշարժեր են սկսվել, լրատվամիջոցներ են վերադառնում դաշտ, խմբագիրներ են փոխվում եւ տեղափոխվում, որոշ պարբերականներ հզորացնում են առկա ռեսուրսներն ու բովանդակային կոնտենտները։
Սեպտեմբերի 21-ից նորից կսկսի լույս տեսնել «Չորրորդ իշխանություն» թերթը՝ որպես շաբաթաթերթ, իսկ նախկին chi.am  կայքը, 4RD.am անվանմամբ, վերագործարկվում է սեպտեմբերի 1-ից։

Թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանին հարցրինք, թե որն է վերադառնալու մոտիվացիան։ «Մենք սկզբում համարեցինք, որ՝ վերջ, արդեն հեղափոխություն տեղի ունեցավ, ինչ-որ փոփոխություն եղավ, բայց այսօր այն կամաց-կամաց ավելի շատ  նմանվում է իշխանափոխության, որովհետեւ ակնկալիքները, որոնք ունեինք՝ սահմանադրական փոփոխություններ, այն բոլոր հայտարարություններով, որով եկել է իշխանությունը, հապաղում են։ Եվ մենք համարում ենք, որ մեր ներկայությունը դաշտում կարեւոր է՝ դրանք հիշեցնելու, խթանելու համար»։ Շողեր Մաթեւոսյանը հայտնեց, որ վերադարձի պատճառը նաեւ ֆինանսական է՝ փնտրել եւ գտել են անկախ ֆինանսական աղբյուր։ Պարզվեց՝ «ՉԻ»-ն ԵՄ-ից դրամաշնորհ է ստացել եւ դրա շնորհիվ հրապարակվելու է։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ամենաընդդիմադիր թերթերից մեկը՝ ՉԻ-ն, դադարել էր լույս տեսնել 2018-ի հունիսից։

«168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւս «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ առաջիկայում  եթերում լինելու են «168»-ի վիդեոկոնտենտով՝ նաեւ որպես առցանց հեռուստաընկերություն։ «Վիդեոպրոդուկտ, լուրերի թողարկում, նոր հաղորդաշարեր»։ Սաթիկ Սեյրանյանին նաեւ հարցրինք՝ ինչպե՞ս կարողացավ գտնել անհրաժեշտ գումարը։ «Ես՝ ինքս, եւ «168»-ի միջոցներից»։ Ի դեպ, Սեյրանյանի հեղինակային «Ռէվոլյուցիա» հաղորդաշարը եւս կվերադառնա «Արմենիայի» եթեր, այն դադարեցրել էին հեռարձակել 2018-ի հեղափոխության օրերին։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը վրացագետ-փորձագետ Վահե Սարգսյանն է, թեեւ դեռ պաշտոնապես չի նշանակվել։ Yerkir.am-ը գործում է որպես անկախ ՍՊԸ, այսինքն՝ պաշտոնապես կուսակցական լրատվամիջոց չէ, թեեւ Վահե Սարգսյանն էլ եւ լրագրողների հիմնական մասը դաշնակցականներ են։ Վահե Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, բնականաբար, պահպանելու է «Երկիր»-ի «նախկին  ավանդույթները» եւ հայտնի նախապատվությունները՝ գաղափարական գիծ, ազգային ուղղվածություն, բայց նաեւ որոշել են ավելի լայն հարթակ տրամադրել հասարակական տարբեր խմբերին եւ դառնալ մասսայական կայք։
«Մտավորականության լայն խավ պետք է իր տեսակետներն արտահայտի Yerkir.am-ում, եւ լինի հասարակության սերուցքի համախմբում։ Նաեւ ասեմ, որ մենք չենք դառնալու դեղին մամուլ, մենք համարձակ լուսանկարներ չենք հրապարակելու՝ ինչ-որ ծովափնյա գեղեցկուհիների կամ համաշխարհային մոդելների, դրանցով չենք փորձելու անպայման լայքեր շատացնել կամ ամեն գնով՝ դիտումներ։ Եվ մեր դիմագիծն ու շրջանն ավելացնելով՝ ավելացնելու ենք մեր ընթերցողների շրջանը»,- ասաց Վահե Սարգսյանը։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30