Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի 13-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրել էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (6.09.2019թ.), փառատոնի բացման համերգին մեր հանդիսատեսը կհանդիպի ծանոթ երաժիշտների՝ դիրիժոր Պիեր Կառլո Օրիցիոյին (Իտալիա) եւ դաշնակահար Սիմոն Տրպչեսկիին (Մակեդոնիա): Կհնչեն Բրամսի սիմֆոնիա թիվ 4, Շումանի «Գենովեւա» նախերգանք եւ Բեթհովենի դաշնամուրային կոնցերտ թիվ 5 ստեղծագործությունները:
Պիեր Կառլո Օրիցիոն, որ չորրորդ անգամ է այցելում Հայաստան, նշեց, որ սիրով է ընդունում հրավերներն ու հաճախ մասնակցում է Ֆալսբերոյի (Շվեյցարիա), Սանտանդերեի (Իսպանիա), Լյուդվիգսբուրգի (Գերմանիա), Սեն-Ռիկեի (Ֆրանսիա) փառատոներին: Հետո էլ հավելեց. «Բնականաբար, սիրով եմ ընդունում նաեւ Երեւանում անցկացվող փառատոնի հրավերը, բայց մեկ տարբերությամբ՝ համերգից անմիջապես հետո կամ հաջորդ օրը, երբ մեկնում եմ ձեր երկրից, արդեն անհամբերությամբ եմ սպասում հաջորդ այցիս»: Ավելին՝ հավաստիացրեց, թե Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) դասվում է Սանկտ Պետերբուրգի, Ռուսաստանի, Դանիայի Ազգային, ինչպես նաեւ Չայկովսկու անվան սիմֆոնիկ, Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախմբերի շարքում:
«Նախատեսված է բեմելս Լոնդոնի Ռոյալ ֆիլհարմոնիկի հետ, հավանաբար մեկ-երկու տարի անց, երբ կրկին կհրավիրվեմ Հայաստան, կկարողանամ զուգահեռ անցկացնել Հայաստանի եւ Լոնդոնի նվագախմբերի միջեւ: Ծանոթ լինելով Ռոյալին, այսօր էլ կասկած չունեմ, որ այդ երկու կոլեկտիվները ցանկացած նյութ ներկայացնելիս ապահովում են կատարողական բարձր մակարդակը»,-հայտնեց երաժիշտը:
Հետաքրքրությանը, թե իր ղեկավարած փառատոներին մասնակից հայ երաժիշտներ եղե՞լ են, դիրիժորը հիշատակեց Էդուարդ Թոփչյանի եւ ճանաչված ալտահար Քիմ Քաշքաշյանի անունները:
Դաշնակահար Սիմոն Տրպչեսկին դարձյալ բարձր կարծիքի է Հայաստանի ֆիլհարմոնիկի մասին: Ներկա լինելով մեր եւ դիրիժորի զրույցին, նա էլ «բարձրացրեց» հայաստանյան նվագախումբը, նշելով իր մասնակցությամբ համերգները Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի, Հոնկոնգի եւ այլ նվագախմբերի հետ:
Զրույցի ընթացքում «ստուգեցինք» հյուրախաղորդ երաժիշտների տեղեկացված լինելը Կոմիտասի արվեստին:
Պիեր Կառլո Օրիցիոն հավաստիացրեց, որ կոմիտասյան երկերին ծանոթացել է հոր՝ դիրիժոր Օրացիոյի շնորհիվ:
Ժամանակին, երբ հայրը ղեկավարել է միջազգային փառատոն, Քիմ Քաշքաշյանը հանդես է եկել նաեւ կոմիտասյան ստեղծագործությունների կատարմամբ: Իսկ իր ղեկավարած փառատոներում դաշնակահար Գրիգորի Սոկոլովն է հանդես եկել կոմիտասյան երկերով: «Գիտեմ, որ տարին հոբելյանական է Կոմիտասի ծննդյան առիթով: Այս պահին չեմ կարող խոստանալ, բայց վաղուց գլխումս միտք է պտտվում նրա ստեղծագործություններով հարստացնել ղեկավարածս իտալական փառատոնային համերգները, ինչպես նաեւ Չինաստանում վերջերս իմ կողմից հիմնած Պեկինի միջազգային փառատոնը»,- հավաստիացրեց երաժիշտը:
Իսկ դաշնակահար Տրպչեսկին հարցին հայերեն պատասխանեց. «Կոմիտաս գիտեմ, բայց չեմ կատարել: Բայց որ կկատարեմ՝ չկասկածեք»: Ժպտալով էլ հավելեց, թե Երեւան հաջորդ այցին կարող ենք ստուգել իրեն, եւ որ ծրագրից դուրս անպայման կհնչեցնի Կոմիտաս:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14․ 09․19 թ․