Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է գալիս ատելության մշակույթը

Սեպտեմբեր 14,2019 10:00

Չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 11-ին, Շենգավիթի դատարանի մոտ Քոչարյանի երկրպագուների ու հակառակորդների ընդհարումից հետո, Երկրորդ նախագահի կողմնակիցներից շատերը բողոքեցին ատելության եւ չարության մթնոլորտից: Իսկապես անհրաժեշտ է բոլորի, այդ թվում՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ պահպանել մարդկային վերաբերմունք, եւ ինձ համար բացարձակապես ընդունելի չէ որեւէ մարդու երեխաներին եւ թոռներին անիծելը: Ոչ միայն ընդունելի չէ՝ խիստ դատապարտելի է:

Բայց Քոչարյանը սովորական ամբաստանյալ չէ՝ նա 10 տարվա ընթացքում Հայաստանի առաջին դեմքն էր, եւ շատ բանով նրանից էր կախված՝ արդյո՞ք հասարակական մթնոլորտը կլինի բարի եւ հանդուրժող, թե՞ հակառակը: Թող նախկին նախագահի կողմնակիցներն անկեղծորեն պատասխանեն՝ արդյո՞ք նախկին նախագահը հանդուրժող էր իր ընդդիմախոսների եւ ազատ խոսքի նկատմամբ, արդյո՞ք նրա իշխանության օրոք քաղաքական հակառակորդները չէին հետապնդվում (ոչ միայն «մարտի 1-ի» ժամանակ), արդյո՞ք վարչական եւ «իրավական» լծակներ օգտագործելով, մարդկանց չէին վախեցնում եւ ահաբեկում իրենց քաղաքական հայացքների համար: Արդյո՞ք այդ 10 տարիների ընթացքում բարի էր ու հանդուրժող քոչարյանական «Հայլուրը»:

Եվ, վերջապես, Քոչարյանի երկրպագուները պետք է հիշեն, որ իրենց «պաշտպանյալը» Սանտա Կլաուսը չի՝ նա մի անձնավորություն է, որն իր զվարճանքի, հաճույքի համար կենդանիներ է սպանում, իսկ հետո իր սպանած կենդանու լեշը հեծած հպարտորեն լուսանկարվում է: Բայց այդ ամենը, կրկնեմ, անեծքների եւ ատելության առիթ չպիտի դառնա:
Ես գիտեմ, որ Քոչարյանի նկատմամբ դրական կամ բացասական բուռն էմոցիաներով լցված խմբերը բանի տեղ չեն դնի իմ առաջարկը, բայց ես, այնուամենայնիվ, առաջարկեմ:

Հարգելի քաղաքացիներ, շատ բնական է, որ դուք գալիս եք դատարանի մոտ ու ձեր կուռքի կամ ձեր հակահերոսի հանդեպ վերաբերմունք եք արտահայտում՝ աշխարհի բազմաթիվ երկրներում մենք ականատես ենք նման տեսարանի, երբ դատավարության ժամանակ մի մասը պահանջում է ամբաստանյալին ազատել, իսկ մյուսը՝ գնդակահարել: Բայց հնարավոր չէ՞ արդյոք, որ դուք, ծայրահեղ հակառակ զգացմունքներ ունենալով Երկրորդ նախագահի հանդեպ, փորձեք այդ զգացմունքները չտարածել իրար վրա: Աշխատեք իրար հետ կոնտակտի մեջ չմտնել, զբաղվեք ձեր սիրո եւ ատելության առարկայով, ոչ թե միմյանց բարոյական կերպարով, ծախված-չծախված լինելով: (Ոստիկանությունն էլ, կարծում եմ, պետք է որոշակի տարածություն ապահովի այս երկու խմբերի միջեւ՝ թույլ չտալով, որ նրանք բախվեն):
Այսօր Քոչարյանի նստել-չնստելը Հայաստանի կարեւորագույն խնդիրն է թվում, բայց մեկ-երկու տարուց այս բոլոր կրքերը կմոռացվեն: Կմնա իրար ատելու եւ իրար չհանդուրժելու մշակույթը: Որի ձեւավորմանն, իմ կարծիքով, մեծապես նպաստել է Երկրորդ նախագահը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Որպէս Երկրորդ Նախագահի համակիր, այո, անշուշտ թէ կ’ընդունիմ թէ իր մօտեցումները շատ հեռու էին – եւ են – սէր եւ համերաշխութիւն ներշնչելէ հայերի միջեւ: Ինքը այդ մարդը չէ:

    Սակայն ինք երբեք ու երբեւիցէ չէ ըսած թէ նպատակ ունի ներազգային սէր եւ համերաշխութիւն գոյացնելու: Երբեք չէ ձեւացուցած թէ ինք այդ մարդն է:

    Այժմու իշխանութիւնն է որ այդ է քարոզում, վարդապետական տարողութեամբ, մէկ ու կէս տարիէ ի վեր: Մինչ ճի՛շդ հակառակն է կատարում, անդադար եւ տեւաբար:

    Այս է՝ պարզ ու յստակ խնդիրը:

    Եւ նոյնպէս, ամէն անգամ որ նորը եւ նախկինը իրարու կը բաղդատուին, որեւէ նիւթի մէջ: Ճակատաբաց «վատ» – versus – լրիւ կեղծիք:

    ( Սակայն «ատելության մշակույթը» ստեղծողը ոչ Երկրորդ Նախագահն է, ոչ Առաջինը, ոչ ալ Վերջինը: Իրենք բոլորն ալ այդ «մշակոյթին» արտադրութիւններն են, արտացոլացումն են: )

  2. Մարգար Մախսուդյան says:

    Քանի դեռ որևէ երկրում կա ծայրահեղ աղքատություն, ունեցվածքի ու գույքի նկատմամբ պետական ոտնձգություն, արհամարանք ու բռնաճնշումներ ազատ ու ընդդիմադիր խոսքի նկատմամբ, այդտեղ ատելության մշակույթը չի կարող հաղթահարվել։ Հիշում եք, չէ՞, ինչպես էր այսօրվա մեղադրյալ Քոչարյանը իր նախագահության տարիներին բնորոշում ընդդիմախոսներին. iki-bir, կամ լավագույն դեպքում՝ моська, սակայն ամենանհանդուրժելին նրա այն խոսքն էր, որն արտաբերեց Պողոս Պողոսյանի դաժան սպանությունից հետո․ “Եթե նա կենդանի լիներ, ես նրան ասելիք կունենայի”, այսինքն՝ բախտը բերել է, որ մահացել է, թե չէ այլ բաներ էլ կանեի․․․ Սա իր իշխանությամբ արբածի ու կատարած հանցանքներից լկտիացածի վարքագիծ է, որն այլ կերպ դժվար է բնութագրել։
    Բարեբախտաբար այսօր բարենպաստ պայմաններ կան այդ ամենից աստիճանաբար հեռանալու և քաղաքակիրթ հասարակություն ստեղծելու առաջին քայլերն անելու համար։

    • Հ.Շ. says:

      «քաղաքակիրթ հասարակություն ստեղծելու առաջին քայլերը»՝ դիակներու շահագործումն է, փաստօրէն. Պողոս Պողոսյանն ալ հիմա անոնց կարգին. երբ որ դէպքերը ընթանում են ձեր ուզած կերպով, ձեզի համար հաճելի ուղղութեամբ, կարծում էք թէ ամէն բան շա՜տ լաւ ընթացքի մէջ է, առանց տեսնելու հակառակ ուղղութեամբ տեղի ունեցող գործընթացը.

      տուեալ հասարակութիւնը ոչ թէ քաղաքակրթութեան, այլ ընդհակառակն՝ փոխադարձ ատելութեան աննախադէպ աստիճաններու հասած է.

      հարաւային կովկասի բնիկներու կենցաղը միայն կապուած չէ իրենց կեանքի պայմաններուն. աւելի խորունկ բան մը կայ այդտեղ. որու շնորհիւ դասական Սփիւռքն ալ հասկցաւ թէ այդ ալ չէ եղեր, իր կարծեցեալ «Հայրենիքը»… վնաս չունի, մեր ծննդավայրներն ու որդեգիր հայրենիքները վատը չեն, փառք Տիրոջ, կը գոհանանք անոնցմով, եւ հեռուէն կը դիտենք թէ ոնց էք տեւաբար զիրար բզկտում, դուք ձեզ քայքայում, շատ քաղաքակրթօրէն.

  3. Garo says:

    Ատելության մթնոլորտը ստեղծվելա ՀՀՇ ի իշխանության օրոք մեր դեմ խաղ չկա և այլն։ Իշխանությունը կորցնելուց հետո ՀՀՇ -ն տարբեր մասերի տրոհված ՀԱԿ բան շարունակում էր իր գործը ու շարունակումա մինչև հիմա։
    Հիմաել ատելության մթնոլորտի տոն տվողները Անդրանիկ Քոչարյան, Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան, Արամ Սարգսյան, Վահան Շիրխանյան մի խոսքով ձերոնք։

    • Հ.Շ. says:

      ԼՏՊի սկզբնական ժամանակը, դեռ… սկզբնականն էր: Երբ որ կենցաղը (որ ինքը չէր ստեղծողը, այլ յայտնաբերողը, եւ յաջորդներն ալ շարունակեցին, քանզի պակաս վայրագ չէին), դեռ ժամանակով կը վատթարանայ, կ’«եփի» երեսուն տարիներ, ապա դարձեալ կը վերադառնայ, կը ժայթքի, այս անգամ հին ոխերու, թանձրացած մաղձի եւ մոլեգնոտ վրէժխնդրութեան յաւելեալ կատաղիութեամբ, հաւաքական ախտը այլեւս անդարմանելի կը դառնայ, ինքնափճացման գործընթացը՝ անյեղաշրջելի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դուք «մերոնց» հարցրեք, թե ինչ են մտածում՝ ես «իրենցն» եմ, թե չէ

  4. Ruben says:

    «Որտեղի՞ց է գալիս ատելության մշակույթը»
    Մարդու միջից / էությունից / հոգուց:

  5. henri says:

    Շատ ՛՛հեռուներէն կու գաք ՛՛ վերեւի քաղաքագէտներ ; Ինծի համաձայն Պ.Աբրահամեան շատ յստակ վերլուծում կատարած է որ յաւելեալ բացատրութեան չի կարօտիր ; Քոչարեան Պետութեան մը նախագահն էր բայց վարուեցաւ կրկէսի գազանազուսպներու նման -սարսափով-սպաննութիւններով-կողոպուտներով – ինչ ելեր կը խօսիք ՛՛նկարագրի ՛՛ մասին ; ասոնցմէ ամենափոքրն անգամ / բնակիչներու բնակարաններուն բռնագրաւումը,,,բաւարար էր որ վտարուեր նախագահական պալատէն …և դատապարտուեր որպէս ՛՛հայրենիքի դաւաճան ; Որքան ամօթ է որ տակաւին շաբաթ օր ՛՛ Պաշտպանութեան յայտնի նախկին նախարար մը կը յայտարարէր թէ Ք.ազատութեան մէջ պէտք է գտնուի ??? այս որքան ցաւալի և ՛՛պրիմիթիւ՛՛ ըմբռնում է մարդկային արժանապատւութեան սկզբունքին ? Երեւանի ապագայ քաղաքապետին ՛՛մանկական ՛՛արտայայտութիւնը ——-՛՛դուք սեւ մենք ճերմակ ՛՛— մատի փաթթոց ըրին-իբրեւ թէ անվայել խօսքեր են ? ԼՏՊ-ի որ՞ համակիրները Միլիառատէր եղան ? Իր ընտանիքը թէ իր կուսակցական ընկերները ; Տարիներով գոյութիւն ունեցող բոլոր կարելի միջոցներով մարդոց ուղեղները լուացին … ես վստահ եմ , եթէ 100 դոլար
    ՛՛գողցած՛՛ ըլլար պետութեան գանձանակէն,գնդակահարած կ՛ըլլային մինչեւ հիմա /?/. Պ. Մարութեանը պէտք չունէր Սեւ-Ճերմակի մասին խօսելու .ամէնքը գիտեն այդ մասին ,կարելի է ժպտիլ միայն իր ՛՛անփորձութեան՛՛ համար ; Ատելութիւնը դրամով և կաշառքով գնեցին – և ներկայիս կը շարունակեն այդ ճամբով ; Մեր ժողովուրդը հակառակ ամէն բանի ԱՌՈՂՋ է ,աղքատութեամբ թող չի փորձեն ստրկացնել ;

  6. Լավատես says:

    Ժողովուրդն է գերագույն իշխանությունը եւ եթե այդ իշխանությունը օր առաջ չի շտկում սեփական սխալները՝ սխալ մարդկանց նշանակելով որպես բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, հիմա մեղադրել այդ մարդկանց, բնական է մեղքի տակ ենք գցում այդ մարդկանց: Ո՞վ չգիտի, որ հոգեպես փոքր մարդկանց չի կարելի բարձր պաշտոններ տալ, նույնն է ցածր քաշայինին ամենածանր ծանրաձողը տալ, այդ խեղճը կամ չի բարձրացնի, կամ էլ դրա տակ կկոտրվի: Հա, ժողովուրդն էլ ընտրության հարցում մեծ փորձ չուներ, որ ճիշտ ընտրություն կատարեր, բոլորս էլ սխալական ենք, բայց ո՞ւր է այսօր այն օրենքը, որով ժողովուրդն իր սխալ ընտրությունը շտկելու հնարավորություն ունի, որ այսօրվանից նման էշությունն անելուց արագ շտկի իր սխալը: Այսօրվա ժողովուրդը պետք է պատասխան տա եւ մեր նախնիների առջեւ եւ մեր հաջորդ սերունդների առջեւ: Հայ դատ՝ հայ ժողովրդի նախնիների ու ներկայիս սխալների ու նվաճումերի հետազոտության համար եւ մեր հաջորդներին դաս տալու համար: Այծին նշանակել պարտեզի պահապան ու հետո մեղադրել այծին, որ պարտեզն ավիրել է եւ ծաղիկները կերել, հիմա մեղադրենք այծին թե՞ նրան պարտեզի պահապան նշանակողին: Եթե այծին ճիշտ օգտագործեին, նրանից միայն օգուտ կլիներ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30