Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշում կայացրի՝ Կարմենի օրինակով ես էլ լինեմ ազատ թռչնակ»

Սեպտեմբեր 14,2019 12:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 15-ին Տոսկայի դերերգով Պուչինիի համանուն օպերայում հանդես կգա ճանաչված հայազգի օպերային սոպրանո Կարինա Ֆլորեսը: Թեեւ երաժշտարվեստի մարդիկ պնդում են, թե սոպրանոն առաջին անգամ է Հայաստանում, բայց մենք հիշում ենք 2000-ականների սկզբին նրա կատարմամբ Անուշի արիան՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ:

«Առավոտի» հետ զրույցում երգչուհին հաստատեց դա եւ մինչ օրս Երեւանի օպերային թատրոնում բեմ չբարձրանալու փաստը մեկնաբանեց այսպես. «Հանդես եմ եկել, փոքր-ինչ չափազանցված ասած՝ աշխարհի գրեթե բոլոր հռչակ վայելող եւ պակաս համբավավոր օպերային թատրոններում, բայց առաջին անգամ ուզում եմ տեղեկացնել, որ տարիներ շարունակ անձամբ եմ զբաղվել Երեւանում հանդես գալու համար: Այդ նպատակով դիմել եմ, նույնիսկ ձանձրացրել հայաստանյան համապատասխան ոլորտի պատասխանատուներին, եւ ոչ մի արձագանք: Նշեմ նույնիսկ, որ նպատակս իրականացնելու համար գործին խառնել եմ ծանոթներիս, բարեկամներիս, գործընկերներիս… Եվ վերջապես այստեղ եմ մաեստրո Օրբելյանի հրավերով»:

Դիտարկմանը՝ ասում են՝ ձեզ հաջողությունը ժպտացել է կարիերայի հենց սկզբից՝ Վլադիմիր Սպիվակովի ուշադրությանն արժանանալու արդյունքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա միանշանակ այդպես է: 2006թ. նոր-նոր առաջին քայլերս էի անում Մոսկվայի «Գելիկոն- օպերա» թատրոնում (գեղարվեստական ղեկավար՝ Դմիտրի Բերտման) եւ շուրջ մեկ տարի հետո զանգ ստացա մաեստրո Սպիվակովից: Հիշողությունիցս չեն ջնջվի նրա խոսքերը՝ ձեր սոպրանոն ալմազ է, ինչը պետք է մշակել, որպեսզի դառնա ադամանդ, ես կհովանավորեմ, որպեսզի դուք մեկնեք Հռոմ՝ Ռենատա Սկոտտի մոտ կատարելագործվելու: Եվ ես մեկնեցի: Տիկին Ռենատայի հետ համագործակցությունս շարունակվեց ուղիղ 4 տարի ու այդ ընթացքում համերգներ, ներկայացումներ, նույնիսկ ինձ առաջին օրվանից նշանակվեց, չգիտեմ ինչպես անվանել՝ կրթաթոշա՞կ, թե՞ աշխատավարձ, 2000 եվրո գումար: Դա պարզապես երազանք է ցանկացած վոկալիստի համար, այն էլ՝ սկսնակ»: Հետաքրքրությանը՝ այդ դեպքում ինչո՞ւ վերադարձաք, Կարինա Ֆլորեսն ասաց. «Այ հիմա պատասխանս կհնչի հայավարի՝ ամուսնացած էի, մեծանում էր հրեշտակս՝ որդիս»:

Արտասահմանյան մամուլից տեղեկանում ենք, որ ունենալով ոչ թե մեկ, երկու, այլ բազմաթիվ ագենտներ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտասահմանյան երկրներում, այնուամենայնիվ, այսօր երգչուհին ինքն է կատարում սեփական մենեջերի աշխատանքը: Այդ առիթով երգչուհին առանց մանրամասնելու հայտնեց. «2013-ին, երբ հրաժարվեցի «Գելիկոն- օպերայի» պրիմադոննայի «պաշտոնից» ու դուրս եկա, որոշում կայացրի՝ հանրահայտ Կարմենի օրինակով ես էլ լինեմ ազատ թռչնակ: Ու պատկերացրեք՝ հաջողվեց»:

Զրույցի ընթացքում սոպրանոն նշեց, որ իր դեբյուտը՝ Մադամ Բաթերֆլայի դերերգով Պուչինիի համանուն օպերայում, կայացել է ծննդավայրում՝ Ռոստովում, իսկ «Գելիկոն- օպերայում» առաջին անգամ ներկայացել է Ջորդանոյի «Սիբիր» օպերային ներկայացման մեջ գլխավոր դերերգով: Ստեղծագործական ճանապարհին մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների, համագործակցել է անվանի դիրիժորների ու երգիչների հետ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30