Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ-ն չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական հատուցում չի վճարել

Սեպտեմբեր 14,2019 12:30

Ցոլակ Խաչատրյանի անունը հայտնի է ՀՀ կառավարության շենքի դիմաց երկարատեւ՝ 17 օր հացադուլ, բողոքի ակցիաներ կատարելու շրջանից սկսած: ՊՆ նախկին աշխատակիցը 2016 թվականի օգոստոսի 23-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով պարտավորեցնել վերջինիս կատարելու վերջնահաշվարկ՝ վճարելով ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց որոշակի դրամական հատուցում՝ եւ դրա վրա հաշվարկվող տուժանքը օրական 0.15 տոկոսի չափով՝ սկսած 24.12.2014 թվականից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը:

Ց.Խաչատրյանը 1995 թվականից մինչեւ 2014 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014 թվականին ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ հայցվորն ազատվել է ծառայությունից, սակայն նրան այդ պահին չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական հատուցում չի վճարվել: Դրանից հետո հայցվորը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով վճարել վերջնահաշվարկը եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը (դիմումը թվագրված է 30.06.2016 թվականին, ՀՀ պաշտպանության նախարարությունում փոստով ստացվել է 04.07.2016 թվականին): Պատասխան չստանալով՝ Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան: Նախնական հայցապահանջը դրամական հատուցման տեսքով 10.201.319 ՀՀ դրամի չափով էր եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով: Հայցվորը հետագայում փոխել էր հայցապահանջի չափը, վերջնական հայցով խնդրել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը վճարել 1998 թվականից մինչեւ 2013 թվականը ներառյալ ընդհանուր 354 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով:

Ց.Խաչատրյանը դատարանին հայտնել է, որ աշխատանքից ազատվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին, ինչը ենթադրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն, վերջնահաշվարկը պետք է կատարվեր աշխատանքային պայմանագրի լուծման օրը՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին:

Դատարանը մեկ անգամ մերժել էր հայցվորին, պատճառաբանելով, թե հայցվորը բաց է թողել գործողությունների կատարման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը, քանի որ հայցվորի կողմից հայցվող գործողության կատարման ժամկետը, ըստ հայցադիմումի, լրացել է 2014թ. դեկտեմբերի 24-ին,  իսկ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 2016 թվականի օգոստոսի 23-ին:

Միաժամանակ, դատարանն արձանագրել  էր, որ հայցվորը բաց է թողել նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված երկամսյա ժամկետը, որպիսի պարագայում հայցվորի կողմից 30.06.2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված դիմումը չի կարող համարվել վարչական բողոք:

Ըստ այդմ, մերժել էր դատարանը, իսկ վերաքննիչ, Վճռաբեկ դատարանից հետո, գործը հանգրվանել էր նորից վարչական դատարանում:

Երեկ վարչական վերաքննիչ դատարանում նշանակվել էր հոկտեմբերի 16-ի որոշման դեմ բողոքի քննությունը:  Ըստ դատարանի որոշման, Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության՝ չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով, եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել էր մասնակի:

Դատարանը  պարտավորեցրել էր պաշտպանության նախարարությանը տրամադրել Ցոլակ Խաչատրյանին 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում եւ մնացած մասով հայցը մերժել էր:

Նշեմ, որ 2018թ. ապրիլի 6-ին դատարանը գործի վարույթը կասեցրել է, քանի որ կողմը դիմելու էր Սահմանադրական դատարան: Գործի վարույթը վերսկսվել էր օգոստոսի 30-ին:

Դատարանն այս գործով փակուղու մեջ էր հայտնվել, քանի որ որոշ օրենքներ՝ կապված զինծառայողների չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման հարցին առնչվող, ուղղակի հակասությունների մեջ են:

Դատարանը նկատում է, որ սկզբում այն կարգավորված է եղել «Զինվորական ծառայություն անցնելու մասին»: ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասում հետեւյալ կերպ. «Զինծառայողի՝ ժամանակին չզորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) կամ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ չօգտագործած հերթական արձակուրդի օրերը հաշվարկվում եւ տրամադրվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրը»: Այնուհետեւ 28.11.2007 թվականին ընդունված եւ 05.01.2008 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով նշված դրույթը ստացել է հետեւյալ տեսքը. «Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով»: Դատարանը արձանագրել էր, որ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 778 որոշումը 02.10.2014 թվականի թիվ 1075-Ն որոշմամբ լրացվել է 15.1 կետով հետեւյալ բովանդակությամբ. չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի եւ փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

Նշեմ, որ երեկվա դատական նիստին պաշտպանության նախարարությունը ներկայացուցիչ չէր ուղարկել, իսկ երրորդ կողմ է ներգրավված ֆինանսների նախարարությունը:

Հոկտեմբերի 2-ին վերաքննիչ վարչական դատարանը կհրապարակի որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30