Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումից շոշափելի արդյունքներ չէի ակնկալի

Սեպտեմբեր 14,2019 13:00

Ըստ Արման Մելիքյանի՝ «Եթե մինչեւ տարեվերջ Փաշինյան-Թրամփ հանդիպումը չկայանա, կնշանակի կամ պաշտոնական Վաշինգտոնը հետաքրքրված չի եղել, կամ Փաշինյանն է հրաժարվել դրա համար պահանջվող գինը վճարել»

Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների, Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպման եւ այլ թեմաներով «Առավոտի» հարցերին պատասխանեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Ինչպե՞ս կգնահատեք Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը եւ նրա անձի շուրջ ծավալվող քննարկումները, որոնք ծավալվում են նրան չգրանցելու քողի տակ՝ մեկնաբանելով, թե Երեւանը նրան մերժել է եւ այլն:

-Սամվել Բաբայանն, իր թիմի հետ միասին, Արցախում ծավալվող քաղաքական պայքարի, նախընտրական գործընթացների առավել ակտիվ մասնակիցներից մեկն է: Առայժմ իր առջեւ կանգնած ամենամեծ խոչընդոտը օրենսդրական այն սահմանափակումն է, ըստ որի՝ նա իբրեւ թե կորցրել է առաջադրվելու իրավունքը, քանի որ տեղափոխվել է Երեւան մշտական բնակության եւ, այլեւս չունենալով արցախյան գրանցում, չի հանդիսանում Արցախի քաղաքացի: Այս խոչընդոտը վերացնելու համար Սամվել Բաբայանը դիմել է ստորագրահավաքի միջոցով օրենսդրական համապատասխան փոփոխությունները նախաձեռնելու միանգամայն օրինական միջոցին: Իր այս նախաձեռնումը իրավաչափ է եւ թե գործող իշխանությունը, թե իր քաղաքական հակառակորդները պետք է դրա հետ հաշվի նստեն, իսկ դրան հակազդելու միջոցներն էլ պետք է համապատասխանեն օրենքի տառին: Արցախում վաղուց օրակարգային է «Արցախի քաղաքացիության մասին» լիարժեք օրենքի ընդունման հարցը, որը տարիներ շարունակ միտումնավոր կերպով անտեսվել է Ազգային ժողովի կողմից: Դրա արդյունքում Արցախը չունի մարդկանց քաղաքացիությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ ու, հետեւաբար, նաեւ չունի քաղաքացիներ: Եթե ՏԻՄ ընտրություններին քվեարկությունը դեռ կարելի է դիտարկել որպես տեղի բնակիչների կողմից կատարված ընտրություն, եւ քաղաքացիության հարցն առաջնային չէ, ապա համապետական ընտրությունները քաղաքական ակտ են, որը վավեր է միայն այն դեպքում, երբ դրան մասնակցում են պետության քաղաքացիները: Արցախի պարագայում այս պայմանն ապահովված չէ:

-Մտահոգիչ չե՞ք համարում Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հետեւաբար չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:

-Պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը սա է տարիներ ի վեր: Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները, Աբխազիայի ու Հարավային Օսիայի՝ Վրաստանի կազմ վերադարձնելու հետ կապված քաղաքականությունն այլ մոտեցում առայժմ չեն ենթադրում: Կարեւորն այն է, որ Արցախի վերաբերյալ Թբիլիսիի ունեցած դիրքորոշումը որեւէ կերպ բացասաբար չի անդրադառնում Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններին: Ի դեպ, գուցե սխալվում եմ, բայց որեւէ պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը, պաշտոնապես չի ճանաչել Արցախի ՏԻՄ ընտրությունների իրավաչափությունը: Այս առումով Վրաստանը թիրախավորելն ուղղակի անմտություն է:

-Վիտալի Բալասանյանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչի՞ արդյունք է եւ ի՞նչ զարգացումներ ըստ Ձեզ դեռ կլինեն:

-Արհեստականորեն թեժացվող հարց է՝ այս կապակցությամբ մեկնաբանություններ անելն անիմաստ եմ համարում:

-Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումը Հայաստանի համար օրակարգային հարց է: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից եւ նույնքան օրակարգայի՞ն է այդ հանդիպումը ԱՄՆ-ի համար, եւ արդյոք արցախյան հակամարտության կարգավորման հարցում փոփոխություններ կարո՞ղ են գրանցվել այս հանդիպումից հետո:

-Այս պահի դրությամբ ես նման հանդիպումից ՀՀ-ի համար կամ արցախյան խաղաղ կարգավորման համատեքստում առաջընթաց ապահովելու տեսանկյունից շոշափելի արդյունքներ չէի ակնկալի: Առավելագույնը, ինչի կարող է հասնել մեր գործող վարչակազմը նման հանդիպում կազմակերպելու միջոցով, դա Փաշինյանի ու վերջինիս կառավարության վարկանիշի ժամանակավոր աճն է լինելու, բայց դրա դիմաց նաեւ բարձր գին է պահանջվելու: Եթե մինչեւ տարվա վերջ այդ հանդիպումը չկայանա, ապա դա կնշանակի, որ կամ պաշտոնական Վաշինգտոնն ինչ-ինչ պատճառներով հետաքրքրված չի եղել դրանում, կամ էլ վարչապետ Փաշինյանն է հրաժարվել դրա համար պահանջվող գինը վճարել:

-Խոսակցություններ կան, որ հավանական է ԵԱՏՄ գագաղաժողովի նիստը տեղափոխվի Մոսկվա: Համենայն դեպս, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այս հարցին մերժողական պատասխան չի տվել: Ի՞նչ եք կարծում՝ նիստի տեղափոխումը կապված կլինի Ռոբերտ Քոչարյանի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքի հե՞տ:

-Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու հանգամանքը մասնավոր խնդիր է եւ դրա՝ այդօրինակ քաղաքականացումը Մոսկվայի կողմից Կրեմլին վատ ծառայություն կմատուցի ու նաեւ կստվերի Ռոբերտ Քոչարյանին՝ նրան որպես նախագահ Պուտինի հովանավորյալ ներկայացնելով: Այդ պատրվակով նիստին չմասնակցելը կամ այն Երեւանում անցկացնելու որոշումը չեղարկելը միայն վնաս կբերի բոլոր շահագրգիռ կողմերին: Ամեն դեպքում, շուտով կիմանանք, թե որն է լինելու իրական արդյունքը, մանավանդ, որ միգուցե սեպտեմբերի 17-ին դատարանը կարող է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշում կայացնել:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30