Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն ամփոփել է Ադրբեջան կատարած այցը: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ-ի կայքը, նախագահը կոչ է արել բաց և անկեղծ երկխոսություն հաստատել Եվրոպայի Խորհրդի և Ադրբեջանի միջև ու ընդլայնել համագործակցությունը:
Պասկիեն երկօրյա այցի ընթացքում հանդիպել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ անդրադառնալով քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների գործունեությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների իրագործմանը, Ադրբեջանի անդամակցությանը Ստամբուլի Կոնվենցիային և այլն:«Հանդիպման ընթացքում իմ գործընկերները շեշտեցին, որ այն պահից, ինչ Ադրբեջանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան դարձել է երկրի սահմանադրական համակարգի անքակտելի մաս, և, հետևաբար դատարանի վճիռները պետք է իրագործվեն»,-ասել է Պասկիեն:
ԵԽԽՎ նախագահը, հատկապես բարձր է գնահատել քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը: Պասկիեի խոսքով՝ նրանք հսկայական ներդրում ունեն Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման գործում: Միևնույն ժամանակ նա կոչ է արել ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն մշտական երկխոսություն Ադրբեջանի իշխանությունների և քաղհասարակության միջև:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ