Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում հետևում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին

Սեպտեմբեր 13,2019 20:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Պիեր Ուզալիասը:

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին Հայաստանի կառավարությունում և ընդգծել, որ նրանք մեծ ներդրում ունեն հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման և Արցախի հարցի արդարացի լուծման գործում: «Մենք բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, որն ապացույց է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների: Շնորհակալ ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած աջակցության, ձեր սկզբունքայնության, հետևողականության և վճռականության համար: Ձեր գործունեությամբ դուք կարևոր նպաստ եք բերում Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը», – նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նկատել է, որ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաև թե՛ երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական խորացումը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Գի Տեսիենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և նշել, որ շուրջ 30 տարի հանդիսանալով Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ՝ մեծ սիրով շարունակում է աշխատել հայ-ֆրանսիական բարեկամության սերտացման ուղղությամբ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների՝ Արցախ կատարած այցին և խոսել տպավորությունների մասին: Նա նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք և խաղաղ պայմաններում ապրելու վճռականություն, և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ Ֆրանսիայում հետևում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին և խորը հարգանք ունեն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ: Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) և պատրաստակամություն հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության շրջանակում աջակցել CEPA-ի կիրարկմանը:

Վարչապետը կարևորել է Հայաստանի եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման համատեքստում կարևորել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը:

Նիկոլ Փաշինյանը նաև երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող քայլերի համար ու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու համար, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարեկամության անշրջելի բնույթը:

Մտքերի փոխանակության ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտների բարեփոխումներին, կանանց հասարակական-քաղաքական կյանքում ներգրավվածությանը և տնտեսական գործունեության խթանմանը, երիտասարդ սփյուռքահայության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին և այլն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30