Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Երանյանը ներկայացնում է զբաղեցրած պաշտոնից իր ազատման մանրամասները։
Երանյանն ասաց, որ 2018 թվականի դեկտեմբերին Կրթության պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել, ինչ արդյունքում տեսչությունը ՀՀ օրենսդրությանը հակասող է ճանաչել դպրոցի 2003 թվականի կանոնադրությունը, ուսուցիչների մրցույթների անցկացման վերաբերյալ խախտումներ է հայտնաբերել։ Երանյանի խոսքով՝ բազմիցս բանավոր բարձրացրել է կանոնադրության հարցը, սակայն այն չի փոխվել։ 2019 թվականի հունվարին ՀՅԴ գործիչը ստացել է իր առաջին նկատողությունը։
Այնուհետև նա պատմեց, որ սուրճի սեղանի շուրջ խոսակցություններ են ունեցել, որից հետո «ինչ-որ մեկի ահազանգով» դպրոց են ժամանել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը, նույն խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը,Կրթության և գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությունից մի ներկայացուցիչ եկել են դպրոց։
«Ահազանգն էլ ինչ էր՝ որ ես դպրոցը կուսակցականացրել եմ (ասեմ, որ ես դաշնակցական եմ 1990 թվականից) և ուսուցչանոցում նոր «Հոկտեմբերի 27»-ի կոչ եմ արել»,- ընդգծեց նա։
Պաշտոնյաների ժամանումից հետո, ըստ ՀՅԴ գործչի, պարզաբանում է եղել ու հաստատվել է, որ թե՛ կուսակցականացման վերաբերյալ լուրն է սուտ եղել, և թե՛ կոչի։ Շարունակելով՝ Երանյանն ասաց, որ հունիսի 13-ին դպրոց է ժամանել աուդիտը և հունիսի 22-ին ավարտել աշխատանքները, կազմել արձանագրություն թերությունների, և իր կողմից դրանք ընդունելու և վերացնելու մասին։
ՀՅԴ գործչի փոխանցմամբ՝ օգոստոսի 23-ով թվագրված, բայց դպրոց օգոստոսի 26-ին ուղարկված ծանուցագրով ստացել է խիստ նկատողություն, իսկ օգոստոսի 27-ին դադարեցվել են իր լիազորությունները։ Ֆորմալ առումով, իր պաշտոնանկությունը, Երանյանը ճիշտ է համարում, սակայն դրանից հետո, ըստ նրա, սկսվում է կառավարության որոշման խախտումը։
«Կառավարության կողմից պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 69-րդ կետի համաձայն` տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում, տնօրենի պաշտոնակատար նշանակվում է, ըստ լիազորության, տնօրենի տեղակալներից որևէ մեկը, անհնարինության դեպքում՝ այլ անձ»,- ընդգծեց նա։
Վերջինս հավելեց, որ երաժշտական դպրոցի չորս փոխտնօրեններից ոչ ոք չի նշանակվել։ Երանյանի համար անհասկանալի է, թե ինչու է ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը տնօրենի պաշտոնակատար ներկայացնում։
«Չգիտես ինչի՞, ի՞նչ լիազորությամբ է այս գործընթացը, կարծես թե կազմակերպում է իր կողմից, հանձնարարված է իրեն, կամ իր անձնական շահախնդրությունը կա այդտեղ»,- շարունակեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում