Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտի լավտղությունը տեսել եմ, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց էդ մորը կյանքում ծաղիկ չեն առնում. Սիսակ Գաբրիելյան

Սեպտեմբեր 13,2019 18:55

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, բազմաթիվ քննադատությունների առարկա դարձավ:

Նախագծով սահմանվում է, որ քաղաքացիները, օրինակ, կարող են տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտում, և դա կարող է հիմք դառնալ, որպեսզի խախտում կատարող քաղաքացին տուգանվի: Այս պատճառով որոշ պատգամավորներ օրինագծի հեղինակներին մեղադրեցին, թե քաղաքացիներին դրդում են «գործ տալ»:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, թե ակտիվ քաղաքացին նա չէ, որ գնում է ոստիկանություն, այլ որ խախտում չի անում: Նա հայտարարեց. «Ի՞նչ ենք անում, առաջարկում եք՝ վազելով գնալ քաղմա՞ս, կամ եթե հարևանը ժամը 8-ին քեֆ ա անում, զանգել գան՝ հավաքե՞ն։ Եթե դուք բերում եք կարգավորում, դուք քաղաքացու ձեռքը տալիս եք գործիք, իսկ հիմա հարցնում եմ՝ ճանապարհների որակը բավարարո՞ւմ է, որ վարորդը առանց խախտումներ անելու քշի, իհարկե՛, ոչ, լուսավորությունը բավարարո՞ւմ է՝ ոչ։ Դե, եթե այդպես է, եկեք ոստիկանությունը ցրում ենք, սաղ մենք ենք անելու, պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք՝ էսօրվանից ցրվում են։ Այո՛, այս օրենքը հում է, այս օրենքը վատն է, մենք դեմ ենք»:

Արման Աբովյանը վստահեցրեց՝ այլանդակությունը դադարեցնելու մեխանիզմը սխալ է, և վտանգ կա, որ նույն խախտման համար անկարգապահ վարորդը կարող է երեք-չորս անգամ տուգանվել:

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց ու հիշեցրեց, երբ մի տատիկ էր հանդիպել իրեն ու ասել, որ տեսախցիկները ավելացնեն և պատճառաբանել էր, որ եթե մի քանի տեսախցիկ ավել լիներ, հիմա իր որդին ողջ կլիներ: Ու հայտարարեց. «Կարգազանց վարորդնե՛ր, սա նախևառաջ ձեզ համար է: Էս ամենի արդյունքում ոչ թե թշնամանալու եք ձեր բարեկամի հետ, այլ դառնալու եք օրինապահ: Եթե այդպես է, պարո՛ն Աբովյան, ես «Իմ քայլին» կոչ կանեմ դեմ քվեարկել քրեական օրենսգրքի փոփոխություններին: Տիկին Զոհրաբյանն իմ լավ ընկերն է, բայց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն այդ վերաբերմունքը դրսևորո՞ղն է ասելու, թե՞ նա, ով տեսել է: Ինչ վերաբերում է գործ տալուն, ապա ես մեծացել եմ մի տեղ, որտեղ հանցագործների թիվը Գինեսի գրքում կարող ենք գրել: Էս սուտի լավտղությունը տեսել եմ, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց էդ մորը կյանքում  ծաղիկ չեն առնում: Մարդ չեն տեսնում, նկարում, խնդիրն են արձանագրում, եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողն եք»:

Այս ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ա՛յ մարդ, հազիվ հանգստացել էին: Այդ պահին կրկին դահլիճում սկսվեց լեզվակռիվ:

Հարցի քննարկումն ավարտվեց, նիստը ևս, քննարկումները կշարունակվեն երկուշաբթի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30