Այսօր խորհրդարանում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստն էր: Այն անցկացվում էր դռնփակ: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք ուսումնասիրում ենք՝ առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել, և դա շատ կարևոր էր հետագայում քննության կանչված անձանց լսելու առումով»:
Հանձնաժողովի այսօրվա հյուրը առաջնադիրքից է եղել` Զինված ուժերից: Հյուրի անուն կամ զրույցի մանրամասներ Անդրանիկ Քոչարյանը չհրապարակեց. «Նորությունների մասին տեղյակ կպահենք»: Նա նաեւ ասաց, որ իրենք այսօր շատ կարևոր տեղեկություններ են ստացել հրավիրված անձից, նրա պատմածները հանձնաժողովականների վրա լարված տպավորություն են թողել: Խոսքը առաջնագծում եղած իրավիճակի մասին է:
Հարցին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ ներկա՞ են եղել նիստին, նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք անընդհատ բարձրին փնտրում: Ամեն ինչ և բարձրում կա, և ներքևում: Այս ամբողջի մեջ շատ կարևոր են ավելի ցածրում կանգնածները: Այսինքն՝ հերոսապատումը կերտած զինվորները շատ ավելի կարևոր են, նաև զինվորականությունը, որ այս ամենը պետք է հասկանանք՝ ապրիլին, այնուամենայնիվ, ինչ է տեղի ունեցել»:
Մեկ այլ հարցի`ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինե՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ թերացումներ չլինեն»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ