Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Նաղդալյանը` Բոլթոնի հրաժարականի, Արցախի ընտրությունների ու Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Սեպտեմբեր 13,2019 15:05

ԱԳՆ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ նախապատրաստվում է ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի գոտի համաձայնագիրը, արդյոք Իրանի, Սինգապուրի եւ Ռուսաստանի ղեկավարները հաստատե՞լ են իրենց այցը Հայաստան: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան լրագրողի այս հարցին, հայտնեց, որ ղեկավարների այցի հետ կապված քանիցս մեկնաբանություն եղել է, իսկ ԵԱՏՄ-ի այս միջոցառմանը առաջնահերթություն է տրվել Հայաստանի կողմից , եւ ԵԱՏՄ-ի այս միջոցառման լավագույնս անցկացումը ՀՀ նախագահության գերակայություններից մեկն է:

«Մեր նախագահության եւ ԵԱՏՄ-ի վերաբերյալ վերաբերմունքից է գալիս այն, թե Հայաստանն ինչպիսի առաջատար ներգրավվածություն է ունեցել Իրանի եւ Սինգապուրի հետ նշյալ շրջանակի ամրագրման գործում»,-ասաց նա:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականին եւս անդրադարձ եղավ: Լրագրողներից մեկին հետաքրքրում էր, թե ինչ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա այդ հրաժարականը:

«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն` տարբեր մակարդակներում: Մենք պատրաստակամ ենք շարունակել քայլերն այդ ուղղությամբ: ԱՄՆ-ի հետ ՀՀ հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով եւ դրանք կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ էլ նշեց. «Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները բարձրաձայնվել են: Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա: Հետեւողականորեն քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի բացառենք ՀԱՊԿ անդամ պետության կողմից ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքը»:

Արցախում կայացած ընտրություններին Վրաստանի եւ Ուկրաինայի արձագանքների մասին էլ հարց հնչեց: «1991թ.-ից Արցախում անխափան իրականացվել են ՏԻՄ, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք Արցախի ժողովրդի կողմից իրենց իրավունքների իրացման շարքին են դասվում: Ինչպես արձանագրել են դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները եւ դիտորդները, այդ ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այդ 28 տարվա ընթացքում Արցախը կուտակել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու փորձ, ինչը ի ցույց է դնում Արցախի լրջությունը եւ կարողությունը կառուցելու ժողովրդավարական ինստիտուտներ եւ երաշխավորելու մարդու ազատ կամարտահայտությունը:

Կարող եմ վկայակոչել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն առ այն, որ իրենք ճանաչում են Արցախի բնակչության սեփական ապագայի հանդեպ որոշում կայացնելու դերը: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքների իրացումը պայմանավորված չէ իրենց բնակության վայրի կարգավիճակով, մարդու իրավունքների չճանաչումը որեւէ կերպ չի սահմանափակում դրանց իրացումը, այն պարզապես անհարմար իրադրության մեջ է դնում այն կողմերին, որոնք նման հայտարարություն են անում»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30