Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Նաղդալյանը` ՌԴ փոխվարչապետի սկանդալային հայտարարության մասին

Սեպտեմբեր 13,2019 14:06

Սեպտեմբերի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը պաշտոնական այցով  կլինի Լիտվայում, որտեղ հանդիպումներ կունենա Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը;

«Սեպտեմբերի 17-ից մեկնարկելու է նախարարի պաշտոնական այցը Լատվիա, որի շրջանակում ԱԳ նախարարը կհանդիպի Լատվիայի նախագահի, Սեյմի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ»,-ասաց Աննա Նաղդալյանը: Հավելեց, որ սեպտեմբերի վերջին էլ մեկնարկելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթաժողովը, որը արտաքին հարաբերություններում ներգրավված մարդկանց համար, ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի,  համարվում է գրեթե ամենածանրաբեռնված շաբաթը:

Նշվեց, որ Զոհրապ Մնացականյանը եւս կմասնակցի գագաթաժողովին, ելույթով հանդես կգա «Անվտանգության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի տարածաշրջանային եւ ենթաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը» խորագրով բաց քննարկմանը: Նաղդալյանն ասաց, որ ՀՀ ԱԳ նախարարը, ի թիվս այլ հանդիպումների,  կմասնակցի նաեւ արտգործնախարարների, հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպումներին:

Պատասխանելով Ազատություն ռ/կ-ի հարցին` արդյոք Զոհրապ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարարի հետ, Աննա Նաղդալյանը նշեց. «Համանախագահների կողմից եղել է առաջարկ՝ կազմակերպելու համանախագահների հանդիպումը եւ կողմերը համաձայնել են, որ հանդիպումը կայանա: Իսկ թե որտեղ կկայանա, ինչ ժամկետներում, մենք բազմիցս ասել ենք, որ կա սկզբունք, որ դա մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով: Հայկական կողմը այդ սկզբունքը չի խախտել եւ չի խախտելու»

Անդրադարձ եղավ նաեւ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը դեմ չէ, որպեսզի Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենա, նույնիսկ իրենք ողջունում են:

«Պետք է արձանագրենք, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են եւ դիտորդին, եւ գործընկերոջը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների հետ: Ավելին, դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի եւ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես եւ դիտորդի պարագայում, այստեղ նույնպես պետք է ունենալ դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենալ հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ, տարածքային վեճեր` հարեւանների հետ:

Մենք հետեւեցինք եւ մեկնաբանություններին, եւ տարբեր դիրքորոշումներին, եւ հայտնված կարծիքներին, բայց հստակ արձանագրենք, որ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ եւ կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի  հիման վրա: Ուստի առանց Հայաստանի համաձայնության` ցանկացած մեկնաբանություն, կարծիք եւ դիրքորոշում կմնա որպես այդպիսին»,-շեշտեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30