Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՆ մամուլի խոսնակը` մուտքի արտոնագրերի ստացման մերժումների եւ ՀՀ քաղաքացիների բողոքների մասին

Սեպտեմբեր 13,2019 13:28

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ստորագրվել է Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրություն, ինչից հետո եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ արձանագրությունը:

«Այս արձանագրության ստորագրումը նախատեսված է Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագրով, որի 20-րդ հոդվածով նշված է, որ Հայաստանը եւ ԵՄ անդամ պետությունները պետք է համաձայնագրի կիրարկման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ ստորագրեն: Արձանագրությունը տեխնիկական փաստաթուղթ է, որով կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստեղծել արդյունավետ իրավական ընթացակարգեր այն մարդկանց հայտնաբերման, անվտանգ ու կանոնակարգված կերպով փոխանցման առնչությամբ, որոնք չեն համապատասխանում ՀՀ եւ ԵՄ անդամ պետությունների սահմանը հատելու, այլ տեղ գտնվելու եւ բնակվելու չափանիշներին, ինչպես նաեւ դյուրացված կերպով կազմակերպել նրանց տարանցումը»,-պարզաբանեց մամուլի խոսնակը` ներկայացնելով առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին արձանագրությունը:

Հավելեց, որ ՀՀ-ն նման արձանագրություններ ստորագրել է նաեւ Բենիլյուքսի պետությունների (Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ), ԳԴՀ-ի, Էստոնիայի եւ Ֆրանսիայի հետ: Ներկայումս նախագծման փուլում են գտնվում կիրարկվող արձանագրություններ` Բուլղարիայի, Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Շվեդիայի հետ:

ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 13-ին ԱԳՆ-ում կայանալու է «Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որի ժամանակ անդրադարձ կարվի նաեւ խնդիրներին:

«Հայկական կողմը ԵՄ գործընկերների ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ ՀՀ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցման խելամիտ ժամկետների ամրագրման համար առաջացող բարդությունների եւ այն անհիմն մերժումների քանակի հետ, որոնք կապված են հատկապես այն անձանց հետ, որոնք բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետությունների տարածքներում: Դրանց թվում են` գիտնականները, ուսանողները, արվեստագետները, լրագրողները եւ այլք: Հայաստանը մշտապես նշել է, որ ԵՄ համագործակցությունը կարեւորում է մարդկանց միջեւ շփումների խրախուսումը եւ մենք մշտապես հանձնառու ենք լինելու այս հարցին», -ընդգծեց Նաղդալյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30