Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Նաղդալյան. «Գեորգի Ծերեթելին որեւէ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին»

Սեպտեմբեր 13,2019 12:56

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցում անդրադարձավ մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումների:

Արա Բաղդասարյանի ազատման մասին խոսելով՝ ասաց, որ նա ոչ թե ՀՀ հյուպատոսն է Անդորրայում, ինչպես ներկայացվել է մամուլում, այլ պատվավոր հյուպատոսը, եւ ՀՀ ԱԳ նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնելու Արա Բաղդասարյանի պարտականությունները` դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ: «Այդ մասին տեղեկացվել է ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունները: Ինչ վերաբերվում է Անդորրայի հետ հարաբերություններին, դրանք համակարգվում են Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից»,-հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Երկրորդ հարցը, որին անդրադարձավ Աննա Նաղդալյանը, վերաբերում է ադրբեջանական մամուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցին. «Վստահ եմ, որ տեսել եք Վրաստանում մեր դեսպանության տարածած հաղորդագրությունը, որ կայացել է հանդիպում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի եւ Գեորգի Ծերեթելիի միջեւ, որտեղ ի թիվս մի շարք հարցերի, բարձրացվել է նաեւ այս հարցը:

Հարցին անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, եւ ինչպես մեզ հավաստիացրել են ԵԱՀԿ-ում խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, Գեորգի Ծերեթելին իր հարցազրույցում որեւէ անդրադարձ չի արել, առավել եւս որեւէ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին: Նա աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, ինչպես նաեւ կարեւորում է խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան միջավայրի ձեւավորումը:

Նշեմ, որ առավոտյան մեզ տեղեկացրին, որ ադրբեջանական լրատվամիջոցները հետին թվով արդեն իսկ խմբագրել են այդ հարցազրույցը, որը վերագրվում է պարոն Ծերեթելիին»:

Աննա Նաղդալյանը փաստեց, որ առաջին անգամը չէ, երբ պաշտոնյաներին վերագրվում են խեղաթյուրված մեկնաբանություններ` հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ինչը չի նպաստում հակամարտության լուսաբանման գործում ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ արժանահավատության բարձրացմանը, եւ նման դրսեւորումները զուտ քարոզչական հնարքներ են պարունակում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30