ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 70-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Նախաքննության ընթացքում, ձեռք բերված տվյալների համաձայն Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակիչը, 70-ամյա թոշակառու մորից, սեփական կարիքները հոգալու նպատակով, պահանջել է գումար , մերժվել և այդ հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում ծեծել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կարդացեք նաև
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին