Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւել Լենինի խորհրդին

Սեպտեմբեր 13,2019 10:00

Վերջերս հաճախակի են դարձել խոսակցությունները իշխանական թիմի դիլետանտիզմի մասին, եւ այդ խոսակցությունների մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա: Ամբողջական չէ, իմ կարծիքով, բացատրությունը՝ «դե, ինչ էիք ուզում փողոցային պայքարողներից»:

ՀՀՇ-ն նույնպես իշխանության էր եկել փողոցային պայքարի արդյունքում՝ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները պարզապես ամրագրել էին այդ պայքարի արդյունքները: Բայց տեսեք, թե ովքեր էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1988 թվականին՝ նշանավոր ռադիոֆիզիկոս Ռաֆայել Ղազարյանը ԳԱ թղթակից անդամ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ գիտությունների դոկտոր, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը գիտությունների թեկնածուներ էին եւ ԵՊՀ դոցենտներ: Նրանք, ովքեր 1988-1990 թվականների հեղափոխությունից հետո ընդգրկվեցին Տեր-Պետրոսյանի թիմում, նույնպես խորհրդային շրջանում ինչ-որ բանի հասել էին: Իհարկե, դուք կասեք՝ «ի՞նչ մեծ բան էին խորհրդային ԲՈՀ-ի կողմից տրվող գիտական աստիճանները»: Գուցե մի բան չէին: Բայց, համաձայնեք, առնվազն 3 տարի ինչ-որ մի թեմայի վրա աշխատելը դաստիարակում է մտքի որոշակի կարգապահություն, համակարգված մտածողություն, գոնե այդ ընթացքում որեւէ նոր բան իմանալու անհրաժեշտություն: Վերջին հանգամանքը, կարծում եմ, շատ կարեւոր է. լուսահոգի Էդուարդ Եգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայց իր վրա այնքան էր աշխատել, որ դարձել էր պետական իրավունքի մեր լավագույն մասնագետներից մեկը:

Իշխանության եկած այսօրվա երիտասարդների՝ պատգամավորների, նախարարների մեծ մասին ես հավանում եմ, նրանցից շատերն ինձ համար ավելի համակրելի են, քան 1988-ի հեղափոխականները: Բայց նախ՝ այդ երիտասարդները մեծացել են կրթության բոլորովին այլ, իմ կարծիքով՝ ավելի ցածր որակի պայմաններում: Երկրորդ՝ միայն փողոցներ փակելը եւ ինչ-որ մեկին մերժելը հերիք էր, պարզվում է, հեղափոխություն անելու, բայց դա խիստ անբավարար է՝ պետության ղեկը ստանձնելու համար:

Եվ վերջապես՝ անգամ նախագահական կամ կիսանախագահական համակարգերի դեպքում արդարացված չէ ամբողջ պատասխանատվությունը դնել առաջին դեմքի վրա, իսկ մենք հիմա, կարծես թե, խորհրդարանական հանրապետություն ենք: Այնպես որ ինձ հասկանալի չէ այն տրամաբանությունը, թե՝ «թող Փաշինյանը վիճելի որոշումների դեպքում ամբողջ թուքումուրն ուտի, իսկ մենք զբաղվենք մեր «լայքերով» եւ «սրտիկներով»:

Իշխանությանն, իմ կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է երկու բան.

1/ դրսեւորվել որպես իշխանություն, ոչ թե՝ որպես «նախկինների» ընդդիմություն,

2/ ինչպես ավելի քան մեկ դար առաջ խորհուրդ էր տալիս իշխանության եկած ամենահայտնի հեղափոխականը՝ սովորել, սովորել, սովորել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հետեւել Լենինի խորհրդին՝
    «Լենինի պապին մեռել է,
    Մեզի ավանդ թողել է,
    Փոքր բալեք մեծացեք,
    Իրար կերեք չաղացեք:»
    «Սովորել, սովորել, սովորել»… «ուտել, ուտել մինչև վերջ»:
    Իրականությու՞ն, թե՞…

  2. Aha says:

    The soviet education system was top notch, especially in natural sciences ad arts. The whole world knows this, even the previous opponents of the USSR. The proof is that scientists/engineers/musicians/dancers/etc from the former soviet union are in extremely high demand in the west.

    The new generation grew-up during difficult years, the independence/war/earthquake years, it is understandable that their education level couldn’t match the one offered by the quasi-infinite resources of a superpower like the USSR. What is less understandable is that most of them are staunchly pro-western and blindly reject everything associated with the second republic (soviet Armenia). One should explain them that Armenia became a modern state during the second republic, everything they have now they largely owe to the second republic.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30