Կարծում է հոգեբան դերասան Հարություն Կրիկյանը
Վերջին շրջանում «Առավոտը» հաճախ է նկատում, որ մի երիտասարդ միաժամանակ հանդես է գալիս տարբեր ոլորտներում, մանավանդ «կենդանի» կատարողական արվեստներում՝ որտեղ ֆիզիկական ներկայությունը պարտադիր է, եւ մասնագիտական պատշաճ պատրաստվածությամբ ներկայացնում իրարից բավականաչափ տարբեր ասպարեզներ:
Երիտասարդության շրջանում «փնտրտուքի» նման երեւույթն ավելի տարածված է, որը կարելի է դիտարկել որպես «կյանքում իր տեղը գտնելու» ջանք կամ իր կարողությունների դրսեւորման համար առավել արդյունավետ գործունեություն գտնելու ասպարեզ:
Բայցեւայնպես, կան մարդիկ, որոնց մոտ փնտրտուքը ոչ միայն երկար է տեւում, այլեւ մինչեւ վերջ էլ չեն կարողանում ընտրել իրենց հոգեհարազատ ասպարեզներից մեկը:
Կարդացեք նաև
Տվյալ դեպքում խոսքը մի երիտասարդի մասին է, որը հանդես է գալիս պրոֆեսիոնալ բեմում, այս դեպքում՝ օպերային թատրոնում, նկարահանվում է սերիալներում, հազվադեպ էլ նրան հանդիպում ենք մոդելային ոլորտում:
Բե՞մ, էկրա՞ն, թե՞ պոդիում կամ լուսանկարչական խցիկ. ո՞րն ընտրել, ո՞րն է նրա հոգուն ավելի հարազատ, թե՞ փորձել երեքն էլ համադրել՝ անընդհատ «շնչակտուր վազքով» հասնել մեկից՝ մյուսը:
Մեծ էր մեր զարմանքը, երբ հանդիպեցինք երիտասարդ արվեստագետին, որը, պարզվեց՝ առաջին մասնագիտությամբ հոգեբան է:
Մեր զրուցակիցը Հարություն Կրիկյանն է:
«Յուրաքանչյուր մարդ երբեք չպետք է դադարի ինքն իրեն փնտրել: Զարմանալու ոչինչ չկա, երբ կերպար են առաջարկում, նախ կարեւորում եմ դրա հոգեբանական գծերը: Օրինակ՝ ստացվել է այնպես, որ սերիալներում հանդես եմ եկել, կարելի է ասել՝ մշտապես, բացասական դերերով: Եվ այստեղ ինձ օգնել է հենց հոգեբանի մասնագիտությունը»,-նշեց Կրիկյանը:
Նա նաեւ հավելեց, թե՝ կային ժամանակներ, երբ ինքը հանդես է եկել մենեջերական ոլորտում՝ որպես քասթինգ-մենեջեր, կազմակերպել է նաեւ մշակութային միջոցառումներ:
Մեր դիտարկմանը, թե՝ հոգեբանն էլ պետք է ունենա դերասանական շնորհ՝ պարզ պատճառով՝ նա շփվում է տարբեր բնավորությունների տեր այցելուների հետ, արվեսագետը հակադարձեց. «Հակառակը, հոգեբանը չպետք է օժտված լինի դերասանական շնորհով: Եթե հանկարծ այցելուն դա նկատի, ապա չի վստահի մասնագետին»:
Զրույցի ընթացքում առանձին-առանձին անդրադարձ եղավ նրա ստեղծագործական աշխատանքին՝ օպերային թատրոնում, սերիալներում եւ մոդելային ոլորտում:
Մեր զրուցակիցը հետաքրքիր դիպվածներ պատմեց ե՛ւ թատրոնից, որտեղ հանդես է գալիս որպես միմանս՝ օպերային եւ բալետային ներկայացումներին, ե՛ւ նկարահանման հրապարակից:
Մոդելային իր կարիերայի մասին պատմելիս՝ ավելի անկեղծացավ. «Այստեղ ես ինձ «կոմֆորտ» չեմ զգում: Իմ աշխարհը բեմն է ու նկարահանման տարածքը»:
Իսկ ինչո՞ւ հանդես «չի գալիս» իբրեւ հոգեբան եւս, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Ցանկություն ունեմ է՛լ ավելի կատարելագործվել այդ մասնագիտության մեջ: Անպայման «հանդես կգամ», կտեսնեք»:
Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ «ոլորտից՝ ոլորտ». ինչպե՞ս է դիմանալու վազքին, Հարությունը պատասխանեց. «Նախ՝ դա վազք չէ, ես կասեի՝ քայլ է: Ի վերջո, ձեր խոսքով ասած՝ «վազքը», եթե նույնիսկ դա այդպես է, ինքնանպատակ չպետք է լինի: Հաճախ չենք գիտակցում՝ ո՞ւր ենք վազում, ինչի՞ հետեւից ենք վազում…»:
Զրույցի ընթացքում դերասանը հանկարծ «վերափոխվեց» հոգեբանի՝ նկատելով հանրության խոցելի 1-2 շերտեր: Օրինակ, իր համոզմամբ՝ կինը, լինի ընտանիքում, թե՝ դրանից դուրս, ասենք՝ աշխատավայր, պետական համակարգ, կարծես հանդես է գալիս մեծամասամբ «էպիզոդիկ» դերերում. «Այսօր, քան երբեւէ, անհրաժեշտ է ոչ թե փշրել, այլ՝ ուղղակի կոտրել, ոչնչացնել, վերացնել բոլոր կարծրատիպերը: Յուրաքանչյուր մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է լինի անկեղծ, հանդուրժող, հարգանքով, կարեկից… կարճ ասած՝ մի կողմ պետք է նետել բոլոր բացասական հատկանիշները ու զինվել դրական լիցքերով: Այ, այստեղ կօգնի հոգեբանը: Ընդ որում, հոգեբանի ծառայությունն անհրաժեշտ է բոլորին՝ անկախ հասարակությունում զբաղեցրած դիրքից, պաշտոնից»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2019