Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտահրավեր՝ Մամուլի շենքի համար

Սեպտեմբեր 13,2019 13:30

ProfEye Challenge նախագծի շնորհիվ կմշակվեն այս շենքի արտաքին տեսքի վերականգնման նախագծեր

Սեպտեմբերի 6-ից   մեկնարկել է Երեւան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված ProfEye Challenge նախագիծը: Այն դիզայներների, ճարտարապետների եւ  ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց համարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։  ProfEye Challenge-ի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր» մասնակիցների կողմից կմշակվեն եւ կառաջարկվեն Երեւանի կոլորիտային եւ պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի վերականգնման նախագծեր:

ProfEye Challenge արշավի նախաձեռնող «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով նախագծի մասին, ասաց, որ այն մի քանի նպատակ ունի, որոնցից առաջինը Երեւանի պատմամշակութային շենքերին ուշադրություն դարձնելն է: Նաեւ ընդգծեց, որ մեկ շենքով չեն սահմանափակվելու, այլ շենքերի եւս կանդրադառնան: Հաջորդ նպատակը, ըստ Էդգար Ավետիսյանի, ճարտարապետներին ու դիզայներներին, հատկապես սկսնակներին, հնարավորություն ընձեռելն է, որ ցույց տան իրենց աշխատանքներն ու մտքի թռիչքը:

«Այս պահին սա  մեր երկրում միակ հարթակն է, որի շնորհիվ կարելի է նրանց ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ»,-ասաց մեր զրուցակիցը: Հայտնեց, որ ProfEye Challenge-ը նաեւ հարթակ է հասարակության եւ ոլորտի մասնագետների (ճարտարապետ, դիզայներ, կառուցապատող, արտադրող) միջեւ երկխոսության համար, իսկ գերնպատակը ներդրող գտնելն է, որ կիրականացնի նախագիծը: «Կլինի 15, 20, թե  30 նախագիծ, սա ներդրողի համար շահեկան վիճակ կստեղծի, քանի որ  ներդրողը կունենա պատրաստի նախագծեր, որոնցից կարող է ընտրել ցանկացածը: Հակառակ պարագայում, եթե որեւէ շենք չլինի ProfEye Challenge-ի շրջանակում, ինքը գնալու է դիմի  որեւէ նախագծային ընկերության, գումար է ծախսելու,  եւ առաջարկելու  են ընդամենը մեկ-երկու նախագիծ»,- հավելեց  Էդգար Ավետիսյանը: Ասաց, որ չեն սահմանափակվելու մայրաքաղաքի շենքերով եւ չի բացառվում, որ իրենց երկրորդ կամ երրորդ նախագիծը լինի մարզերից մեկում:

Մանրամասնեց, որ իրենց ընկերությունը դիտարկել է Երեւանի բոլոր հետաքրքիր շենքերը եւ կանգ է առել հատկապես դրանցից մի քանիսի վրա, մեկը  Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստատան շենքն է, մյուսը՝ Մամուլի շենքը: Ի վերջո ընտրել են վերջինը, քանի որ համարում են, որ Մամուլի շենքը հետաքրքիր ճարտարապետություն ունի, բարձրահարկ շենք է, եւ ցավոք, անխնամ: «Մամուլի  շենքի ճարտարապետությունը մասնագետներին հնարավորություն է տալիս հետաքրքիր մտահղացումներ ունենալ եւ հնարավորինս շատ մասնագետների ընդգրկել»,-հայտնեց ProfEye Challenge արշավի նախաձեռնողը:  Ափսոսանք հայտնեց, որ Մամուլի շենքի վերաբերյալ նախագծային որեւէ փաստաթուղթ չի պահպանվել, եւ իրենք նորից նախագծել են շենքը ու արխիվացրել, որպեսզի պետությունն անհրաժեշտության դեպքում տնօրինի այն:

«Պրոֆ Ալ» ընկերությունը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում իրականացրել  է քաղաքի եւ երկրի համար նշանակալի կառույցների վերակառուցման մի շարք նախագծեր,  այն ProfEye Challenge-ի հիմքում եւս առաջնային է համարել պրոֆեսիոնալ մոտեցումը: Ինչ վերաբերում է  ProfEye՝ այսինքն՝ թարգմանաբար մասնագիտական աչք անվանմանը, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, մասնագիտական աչքի ու պրոֆեսիոնալիզմի կարիքը կա, ինչը ոլորտի զարգացման գլխավոր նախադրյալ է: Նշեց նաեւ, որ «Պրոֆ Ալ»-ը մտադիր է տարեկան երկու-երեք Challenge հայտարարել:

ProfEye Challenge-ի կանոնների համաձայն՝ մասնակիցներն իրենց նախագծերը մինչեւ սեպտեմբերի 28-ը պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին: Նախագծերը կներկայացվեն www.profal.am կայքում եւ կդրվեն բաց քվեարկության: Քվեարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, ժամը 10-ին եւ կավարտվի հոկտեմբերի 7-ին, ժամը 20-ին: Համաձայն մրցույթի կանոնների՝ նախագծերը կայքում ներկայացվելու են առանց հեղինակների անունների՝ համարակալված: Հավելենք, որ ProfEye Challenge-ն իրականացնում է Հայաստանում եւ շինարարության ոլորտում առաջատար կազմակերպություններից  «Պրոֆ Ալ» ընկերությունը՝  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի եւ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:

ProfEye Challenge-ի արդյունքները պաշտոնապես կամփոփվեն հոկտեմբերի 8-ին՝ հատուկ միջոցառմամբ, որին ներկա կգտնվեն բոլոր մասնակիցները եւ հաղթողները, ինչպես նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները: Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում 3 ամենաշատ հավանությունների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի եւ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հավանության արժանացած  նախագծերը:

Էդգար Ավետիսյանի հավաստմամբ, բոլոր հաղթող նախագծերի հեղինակները կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների եւ աքսեսուարների  արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման եւ վերապատրաստման:  Ասաց,  որ շատ երիտասարդներ ցանկություն են հայտնել մասնակցել ProfEye Challenge արշավին, որպեսզի հնարավորություն ունենան վերապատրաստվել դրսում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է «Պրոֆ Ալ» ընկերությունը

«Առավոտ» օրաթերթ
12.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30