Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բանտախցում գտնվում էր նաեւ Բուլատ Օկուջավայի հարազատ հորեղբոր որդին

Սեպտեմբեր 13,2019 14:00

Խորհրդային քաղբանտարկյալ Մերուժանի 1968թ. բանտային անտիպ հուշերից

Երբ Մետեխի բանտը փակվեց, Վրաստանում  բանտի փոխարեն ծառայության մտցրեցին Մանթաշովի պահեստները:

Որպես պատժի դաժանագույն միջոց, այս բանտն առանձնանում էր իր բացառիկ խոնավությամբ, եւ կալանավորներին ճնշող մետաղյա շերտավարագույրներով: Բանտարկյալներն իրենց հոդվածների յուրահատկությամբ բաժանվում էին երկու մասի՝ ծանր հոդվածներ կրող կալանավորներ եւ՝ թեթեւ հոդվածներ կրող, կարճաժամկետ պատժի ենթարկվածներ:

Ինձ տեղավորեցին 5-րդ հարկի 56-րդ բանտախցում, որտեղ ծանոթացա մեծաշնորհ մի լրագրողի՝ Վալերի Տկվարելիի հետ: Այս լրագրողը հիսունն անց էր, տիրապետում էր երեք լեզվի եւ ժամանակին թարգմանություններ էր կատարել ռուսերենից: Զարմանալին այն էր, որ իմ խցում տեղավորված էր մի մարդ, ով հանդիսանում էր Լավրենտի Բերիայի գործով մահապատժի ենթարկված Գոգլիձեի քրոջ որդին:

Նա իրեն հավատարիմ էր համարում այն մարդուն, որին ինքը քեռի էր կոչում եւ հպարտանում էր, որ Գոգլիձեն եղել է Բերիայի գործով մասնակիցը կամ հանցակիցը:

Մեծ գովեստով էր խոսում Բերիայի մասին, նրան էր վերագրում Հայրենական պատերազմում տարած հաղթանակը, Բերիային համարելով աշխարհի մեծագույն հետախույզներից մեկը, խորհրդային պետության նվիրյալն ու պետականաշինությանն ակտիվ մասնակցող քաղաքական գործիչ: Երբ մենք փորձում էինք հակաճառել նրան, նա վրդովվում էր եւ մեզ համարում մտավոր հետամնացներ, երկրի քաղաքականությանն ու պատմությանն անծանոթ քաղաքացիներ, պարզապես՝ տկարամիտ մարդիկ:

Տկվարելին արտաքինով գրավիչ, ազդեցիկ դիմագծերով օժտված, աներեւակայելի գրագիտություն ունեցող մի անձնավորություն, որն անցյալում եղել է զինվորական եւ զբաղվել է ռազմական հետախուզությամբ: Տկվարելին նաեւ կարգապահ բանտարկյալ էր եւ սիրում էր չափավոր զրույցներ վարել, այսինքն՝ չխախտելով դիմացինի բարոյական իրավունքները կամ չվիրավորելով նրա ինքնասիրությունը:

Զարմանալի էր նաեւ այն, որ մեր բանտախցում գտնվում էր  Բուլատ Օկուջավայի հարազատ հորեղբոր որդին՝ Նոդարի Օկուջավան, չափազանց կատակասեր, շատախոս, հումորի սիրահար մի մարդ: Մի խոսքով, հակապատկերը Վալերի Տկվարելիի:

Ես հիվանդացա թոքաբորբով եւ պետք է դեղորայք խնդրեի առավոտյան մատուցադռնակը բացող բուժքրոջից, ով ամեն առավոտյան մոտենում էր բոլոր բանտախցերին, եւ առաջարկում էր դեղահաբեր հիվանդ կալանավորներին: Չտիրապետելով վրացերեն լեզվին, ես Նոդարիին խնդրեցի իմ փոխարեն վրացերեն լեզվով խնդրել դեղորայք: Նոդարին ինձ ասաց. «Լավ կլինի, որ դու վրացերեն խնդրես եւ ստանաս քո դեղորայքը»: Եվ բացատրեց, թե իբր վրացերեն այդ նշանակում է «քալբատոնո Նինո, ձու ձու, մոմեցի»: Առանց հասկանալու ասվածի բուն իմաստը, ես այն կրկնեցի: Փոխարեն պատասխանի, տիկին Նինոն ուժեղ խփեց դռնակը եւ հեռացավ: Շրջանցելով բոլոր խցերը, Նինոն մոտեցավ, բացեց խցի դուռը եւ ներս հրավիրեց օրվա հերթապահ սպային: Ներս մտնելուց հետո սպան իր աչքերը խոժոռեց ինձ վրա, ապա զննելով շրջապատը, հետախույզի ճշգրտությամբ նայեց Նոդարին եւ վրացերեն հայհոյախառն ինչ-որ բան արտահայտվեց: Երբ դուռը փակեցին եւ հեռացան, ես դիմեցի Նոդարիին՝ «Ի՞նչ ասացին սրանք», խնդրեցի պարզել: Նոդարին մեղավորի նման գրկեց ինձ եւ ասաց. «Ես քեզ խնդրեցի արտահայտվել հետեւյալը. «Տիկին Նինո, տվեք Ձեր ծծերը», որի պատճառով Նինոն վիրավորված հեռացավ»:

Ես խնդրեցի Նոդարիին բացատրել. «Իսկ ներխուժող սպան ի՞նչ ասաց»: Նոդարին ասաց, որ սպան հայհոյեց ինձ, ասելով. «Այս երիտասարդը մեր հարեւանն է: Դու ինչո՞ւ ես մեր ազգը նվաստացնում ուրիշի առաջ»:

Զրույցի վերջում Տկվարելին դիմեց Նոդարիին. «Հարգելիս, յուրաքանչյուր հայ իր մեջ կրում է վրացու եղբայրությունը: Եվ յուրաքանչյուր վրացի իր մեջ կրում է հայի եղբայրական սրտաբացությունը»:

Զրույցն ավարտվեց, երբ հայտարարեցին «ատբոյ»՝ դադար:

«Առավոտ» օրաթերթ
12.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30