Լրահոս
Օրվա լրահոսը

Զինակոչիկից շորթման գործով ներգրավված է նաեւ զորակոչային հանձնաժողովի նախագահը

Սեպտեմբեր 13,2019 14:30

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը չնայած կասկածյալի հարցաքննությունն արել է վեց ամիս առաջ, սակայն «Առավոտի» տրամադրության տակ գտնվող արձանագրությունը թվագրված է 2019 թվական, դեկտեմբերի 20:

Նման անփութությունը տեխնիկական սխալ համարելը քիչ է:

Իրականում ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոցում» ներկայումս գտնվող կալանավոր, նախկինում չորս անգամ դատված, առողջական խնդիրների հետ կապված մեկ անգամ «ակտիրովկա» եղած Վրեժ Վարդանյանին ԱԱԾ քննիչ Ա.Հովհաննիսյանը հարցաքննել է իր՝ 497 աշխատասենյակում:

Վ. Վարդանյանը պաշտպան չի ունեցել, գտնվելով սոցիալապես անպաշտպան վիճակում, հրաժարվել է պաշտպանից, ցուցմունք է տվել առանց պաշտպանի ներկայության:

Նրան ԱԱԾ-ում հարցաքննել են զինակոչիկից շորթման գործով: Շորթումը չի ընդունել մինչ օրս: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, գործը դատարան դեռ չի հասել: Քննիչը երկու անգամ միջնորդությամբ դիմել է դատարան՝ նրա խափանման միջոցը՝ կալանավորումը երկու ամսով երկարացնելու համար:

«Որդուս՝ Գնելի հետ ընկերություն անող մի տղա, ում անունը Արման էր, ուներ տեսողության խնդիր: Նրա հայրը զանգել է ինձ, խնդրել, որպեսզի որդուն տանենք հետազոտման, պարզելու համար՝ ունի՞ բանակից ազատվելու խնդիր: Դիմել են ինձ, քանի որ ես ծանոթ եմ ընթացակարգերին եւ ճանաչում եմ բոլոր բժիշկներին: Ես Արմանին բերել եմ նրա հոր հետ բժիշկ Տ.Դ.-ի մոտ, խնդրել ենք, որպեսզի նա հետազոտի, որի համար նա պահանջել է հիսուն հազար դրամ: Արմանի հայրը վճարել է: Տ.Դ.-ն տղայի աչքերում դեղ կաթացրեց երկու անգամ, եւ ասաց, որ տղան հարյուր տոկոսով բանակից ազատվող է: Իմ ներկայությամբ բժիշկը Արմանի հետ պայմանավորվեց 7000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեւակերպել բոլոր փաստաթղթերը, որպեսզի նա ազատվի բանակից: Ասաց նաեւ, որ տղային ուղարկելու են Մալայան հիվանդանոց, որտեղ ինքը կզանգահարի բժիշկներին, որպեսզի նույնանման հաստատեն դիագնոզը»,-իր ցուցմունքում հայտնել էր Վ. Վարդանյանը:

Ըստ նախաքննական ցուցմունքի, տղայի զորակոչը հետաձգել են 3 տարի ժամկետով, սակայն այդ նույն ժամանակահատվածում անընդհատ զանգել են զինկոմիսարիատից՝ փաստաթղթերի հետ կապված, իսկ մեկ ամիս հետո զինկոմիսարիատը Արմանին ուղեգրել է Տ.Դ.-ի մոտ:

Ըստ նախնական տեղեկությունների, զորակոչից ազատվածի բարեկամի հետ նրանք գնում են բժշկի մոտ, միացնում ձայնագրիչը, որտեղ «բարեկամը» ձայնագրում է գումարի տրման մասին: Ինչո՞ւ է բարեկամը «խառնվում» գործին. պարզվում է, որ զորակոչիկն առանց այդ թղթերի էլ ուներ տեսողության խնդիր, եւ կարող էր ազատվել բանակից. «բժիշկը գումարը վերցրել է անտեղի, բժիշկը խաբել է, իրականում ոչինչ չի արել»:

Տղայի բարեկամը պահանջում է վերադարձնել 2000 դոլարը, պայմանավորվում են հանդիպել Կասյան փողոցի վրա գտնվող «Երեւան-Սիթի» սուպերմարկետի մոտ: Բարեկամը մոտենում է բժշկին, Վրեժի ասելով էլ՝ ինքն էլ սպասում է մեքենայում, այդ ժամանակ նրանց բռնում են:

Բժշկի հետ առերեսում էլ է եղել: Կալանավոր Վ. Վարդանյանն այդ ժամանակ ասել էր, որ իր ներկայությամբ սպիտակ խալաթի գրպանում Արմանի հայրը դրել է 5000 դոլար գումարը. «Բժիշկն ասել էր, թե ԱԱԾ-ում գեներալ բարեկամ էլ ունի, սակայն չի ասել, թե ով է այդ անձը»:

Ըստ քննիչի «դեկտեմբերյան» արձանագրության, դաժան ավարտ է ունեցել առերեսումը. «Վրեժ Վարդանյանն անսպասելի կանգնեց, վիրավորական խոսքեր ասաց Տ.Դ.ի հասցեին, մոտենալով չհրկիզվող պահարանին՝ գլխի աջ մասով մեկ անգամ հարվածեց պահարանին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Վրեժն ունի անբուժելի հիվանդություն, որը կալանքի հետ անհամատեղելի է:

«Առավոտ» օրաթերթ
12.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30