Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես փաստաթուղթը չէի կոչի ՍԴ որոշում, այն իրականում Հրայր Թովմասյանի որոշումն է»

Սեպտեմբեր 13,2019 15:30

Մինչ դատարանը կանդրադառնար գործի քննությանը եւ որոշում կկայացներ, դատախազությունը հապճեպ հայտարարություն տարածեց`պնդելով, որ ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` կալանավորումը, փոխելու հիմք չէ: Արդյո՞ք իրավական տեսանկյունից սա պետական մարմնի`դատախազության կողմից դատարանի վրա գործադրված ճնշում չէր. «Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը:

«Ես փաստաթուղթը չէի կոչի ՍԴ որոշում, քանզի այն իրականում Հրայր Թովմասյանի որոշումն է, որը ֆորմալ կերպով ստացել է Սահմանադրական դատարանի որոշում անվանումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը:

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումից հետո, պատգամավորները հիմնականում զերծ էին մնում որոշումը մեկնաբանելուց` պատճառաբանելով, որ ծանոթ չեն դրան:

«Իհարկե, այդ որոշումը դեռ անցյալ տարվանից էր գծագրվում. Հրայր Թովմասյանը պետք է այնպիսի փաստաթուղթ երկներ, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը կարողանար օգտագործել: Երկար մտորումներից եւ մեկ տարվա չարչարումներից հետո, վերջապես, այն կայացվեց»,- ասում է իշխող խմբակցության պատգամավորը` հավելելով, որ եթե իրավական տեսանկյունից դիտարկենք`ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի: Իր դիրքորոշումը Վահագն Հովակիմյանն այսպես է բացատրում. «Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, այլ ոչ թե պաշտոնից բխող գործողությունների մեջ»: Իրականությունն ավելի պատկերավոր, նա այսպես է բնութագրում. «Սա նման է հետեւյալին. ԺԵԿ-ից վերցնում ենք որեւէ տեղեկանք, վրան գրված`Ռոբերտ Քոչարյան, Հրայր Թովմասյանը ստորագրում է այն, եւ փորձենք դրանով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել»:

Հարցին`ձեր ասածից կարո՞ղ ենք հետեւություն անել, որ իշխանությունը չպետք է հաշվի առնի այդ որոշումը, թեեւ ՍԴ-ն իբրեւ պետական ինստիտուտ գործադիր իշխանությունն ընդունում է, թե`ոչ, այնուհանդերձ այն կա եւ որոշում է կայացրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ի վերջո, գնահատողը դատարանն է, դատավորը: Տվյալ դեպքում ամբաստանյալ Քոչարյանի գործը քննող դատավորը պետք է որոշի` ինչպե՞ս վերաբերվել: Ինձ համար`որպես պատգամավոր եւ քաղաքական գործիչ, Հրայր Թովմասյանի դեմքով ՍԴ-ն ՍԴ ինստիտուտի վարկաբեկում է: Ինչքան ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հրայր Թովմասյանը, այնքան վերջինիս հեղինակությունը վնասվում է»:

Մինչ դատարանը կանդրադառնար գործի քննությանը եւ որոշում կկայացներ, դատախազությունը հապճեպ հայտարարություն տարածեց`պնդելով, որ ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` կալանավորումը, փոխելու հիմք չէ: Հետաքրքրվեցինք`արդյո՞ք իրավական տեսանկյունից սա պետական մարմնի`դատախազության կողմից դատարանի վրա գործադրված ճնշում չէր: Վահագն Հովակիմյանը դատախազության հայտարարության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում. «Մեղադրող կողմը պարզապես հայտնել է իր դիրքորոշումը: Նույն տեսանկյունից`արդյո՞ք ՍԴ որոշումի հրապարակումից հետո ՍԴ-ում պաշտպանների ելույթը ճնշում չէր: Եթե նույնն աներ, օրինակ, ԱԱԾ-ն, կարող էինք ասել, որ ճնշում է, քանզի ԱԱԾ-ն այս պրոցեսում կողմ չէ, իսկ դատախազությունն այս պրոցեսում մեղադրող կողմ է, որն արտահայտել է իր դիրքորոշումը, որը եւ հետագայում կպաշտպանեն դատարանում»:

Իշխանափոխությունից հետո ՀՀ գլխավոր դատախազը, դատախազությունը մշտապես աշխատել են նոր իշխանության հետ համախոհության սկզբունքով, ինչը մենք տեսել ենք տարբեր դատական ատյաններում, ուստի Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեցինք` սա հաշվի առնելով` կարո՞ղ ենք եզրակացնել, որ դատախազության վերոնշյալ հայտարարությունը ակնարկ կամ ուղերձ էր այն դատավորին, ով զբաղվելու է Ռոբերտ Քոչարյանի գործով: «Այս հարցի մեջ շատ վատ ենթատեքստ կա: Ստացվում է, որ մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանում հին մեթոդները շարունակում են գործել: Էստեղ համախոհության խնդիր չկա. դատախազությունն իրավապահ մարմին է եւ անում է այն, ինչ պահանջում է օրենքը»: Մեր զրուցակիցը նկատի ունի այն, որ դատախազությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտում. «Այլ բան է այն, որ շատ դատավորներ ու դատախազներ իրենք էլ են հին կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված եղել»: Իշխող ուժը ներկայացնող պատգամավորի կարծիքով, հետհեղափոխական շրջանում դատախազությունն ինքնամաքրվել է, եւ այն մարդիկ, ովքեր նախկինում կոռուպցիոն սխեմաներում առանցքային դերակատարություն են ունեցել, այսօր դատախազությունում չեն: Ամեն դեպքում, այս ընթացքում նա մամուլում չի տեսել, որեւէ գրառում, որ դատախազները կապված են ինչ-ինչ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հետ: Իսկ ինչ վերաբերվում է դատավորներին` «նրանք շարունակում են մնալ նույն այն մարդիկ, ովքեր նախորդող տարիներին կասկածելի պայմաններում հսկայական գույքի տեր են դարձել, իրենց օրինական եկամուտներից կրկնակի անգամ ավել արժեցող գույքի տեր են դարձել. սա խնդիր է, եւ այս խնդիրը պետք է լուծվի դատաիրավական բարեփոխումների նոր փուլով»:

Դիտարկմանը, որ իշխանությունը դատաիրավական բարեփոխումների նախագծում կարծես նախապես հայտարարված կոշտ միջոցներից ետքայլ է արել, մեր զրուցակիցը հակադարձեց, որ իրականում իշխանությունն այս ընթացքում մի շարք քայլեր է արել`հավաքել է գործիքակազմ, որպեսզի երբ գործողություն կատարելու փուլը սկսվի, ամեն ինչ անցնի հանգիստ, թավշյա, եւ համակարգը զտվի: Այս փուլում պետք է լուծվի նաեւ փոխարինողների խնդիրը: «Երբ սկսվի դատավորների զտման փուլը, նրանց հարց կտրվի`ինչպե՞ս են դարձել միլիոնատերեր, երբ եղել են պետական ծառայողներ: Անձը, ով չի կարողանա պատասխանել եւ հիմնավորել`պաշտոնանկ կարվի: Եւ այստեղ ծագում է փոխարինողների խնդիրը, որը պետք է լուծվի: Այս գործընթացը կանցնի առանց ցնցումների եւ պետական համակարգի գործունեությունը չի խաթարվի: Ամեն ինչ պետք է բխի Սահմանադրությունից եւ մեր օրենսդրությունից, իսկ դրանք նման հնարավորություն տալիս են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Քանի դատախազա դուրս եկել կոնկրետ թիվ ասեք իմանանք։ Նիկոլականները ինչպես միշտ օդում խոսալու վարպետ են։ Ապօրինի հարստացած դատախազները բոլորը իրենց տեղում են, ուղղակի հիմա ձեր պատվերն են անում դարձել են պուպուշ։

  2. 2008թ-ին 2 անկուսակցական և 7 կուսակցության նախագահներ ելան պայքարի, թե ով ժողովրդին լավ կպահի կամ ընդհակառակը: Ամենազավեշտալին, որ ունեն գերհզոր ծրագրեր՝ որոնք ընտրվելուց հետո դառնում են զուգարանի թուղթ: 5 տարի 1991 – 1996թ.թ. առանց Սահմանադրական դատարանի, իսկ 1996 – 2019թ.թ. Սահմանադրական դատարանով՛ իշխանավորների հագով՛ ժողովրդին խաբելու միջոց: 2008թ. փետրվարի 19-ը բերեց մարտի 1-ի ողբերգությանը, այն ժամանակին նախատեսնված էր Միաբանություն և Միասնություն պայքարի ընթացքում… Վերջնական որոշումը մեկը պետք է լինի ,եթե հանցագործ էս պատասխան տուր օրենքի առաջ: Կապույտ արյուն եք ստեղծել՛ անունը անձեռնամխելիություն:

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30