Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Լրիվ նոր Հայաստան՝ գյումրեցի երիտասարդների ձեռքերով․ «UPSHIFT» միջազգային ծրագրի ցնցող արդյունքները (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 12,2019 23:52

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվեցին «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի շրջանակներում 12-18 տարեկան պատանիների կողմից իրականացված բիզնես գաղափարները․ տեղի ունեցավ այս ծրագրին մասնակցող առաջին սերնդի ավարտման միջոցառումը։ Հիշեցնենք՝ «UPSHIFT» միջազգային ծրագիրը, որը հայտնի է աշխարհով մեկ, առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, ընդ որում մեկնարկը տրվեց Գյումրիում։ Այն մեր երկրում 2018 թվականի դեկտեմբերից ներդրել է Հայաստանի ամենաակտիվ երիտասարդական կազմակերպությունը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Յունիսեֆ»-ի հետ համատեղ։

«UPSHIFT Հայաստան» ծրագրի շրջանակում երկու մարզերի՝ Շիրակի ու Լոռու պատանիներին հնարավորություն տրվեց իրագործել իրենց համայնքներին մեծ օգուտ բերող մի քանի գաղափարներ։ «UPSHIFT»-ի նպատակը հենց համայնքային կյանքի բարելավումն է՝ երիտասարդների միջոցով։

Գաղափարներից մեկը Գյումրի գետակի աղտոտվածության դեմ պայքարն էր, պատանիներն ահռելի աշխատանք կատարեցին այն մաքրելու համար, նույնիսկ ցանց են տեղադրել, որ գետակից եկող աղբը հավաքվի այնտեղ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ էլ, ըստ ձեռք բերված համաձայնության, շաբաթը երկու անգամ հեռացնեն այն։ Ի դեպ, պատանիները մեզ հետ զրույցում փաստեցին, որ ինչ ասես չեն հայտնաբերել գետակում․ վերջինիս աղտոտվածությունը պատուհաս է դարձել այս քաղաքի համար։

Իրականություն դարձած գաղափարներից մյուսն էլ տարբեր հիվանդություններ առաջացնող պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարն էր․ պատանիները էկոլոգիապես մաքուր տոպրակներ էին պատրաստում՝ թղթից ու կտորից, ու դրանք բաժանում քաղաքով մեկ, նվիրում խանութներին։

Հաղթող ճանաչվել էին 6 թիմեր, որոնց խորհրդանշական գումար՝ 150 հազար դրամ էր փոխանցվել իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am –ի հետ զրույցում ասաց․ «Այս 10 ամիսների ընթացքում համայնքային հինգ երիտասարդական նախաձեռնություններ են իրականացվել՝ մասնավորապես Գյումրի քաղաքում։ Համայնքի տարբեր վայրերում ստեղծվել են պուրակներ, բարեկարգվել, կանաչապատվել են դպրոցի բակեր, նաև ունենք արևային պանելային էներգիա ստացող տաղավարը, որը նաև հնարավորություն է տալիս Smart զրուցարան ունենալ։

Երիտասարդների կողմից տեղացիների ու զբոսաշրջիկների համար պատրաստվել են վահանակներ, որոնց միջոցով հնարավոր է քաղաքի տարբեր միջոցառումների ու կարևոր վայրերի մասին տեղեկություններ հավաքել։ Շատ կարևոր նախաձեռնություն է նաև թղթե տոպրակների ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդները լուրջ կապեր են սկսել հաստատել տարբեր կառույցների ու խանութների հետ, որոնք համաձայնության են եկել պլաստիկ տոպրակները փոխակերպել թղթե տոպրակներով։

Սա կարծում եմ դառնում է արդեն սոցիալական բիզնես Գյումրու 4-րդ պետական արհեստագործական ուսումնարանի համար, խոսում է ուսումնարանին եկամուտներ բերելու մասին, ինչը մեզ համար հստակ արդյունք է, որը մենք գրանցել ենք։

Կարևոր նախաձեռնություն էր նաև Գյումրի գետակի մաքրման գաղափարը, որն ավելի շատ շահերի պաշտպանության տանող ծրագիր էր։ Այն ֆուրոր առաջացրեց քաղաքում, անգամ մարդիկ, որոնք տարիներ ի վեր ապրել էին գետակի կողքին և իրենք էին անմիջապես կրել դրա վնասները, ավելի ոգևորությամբ էին մասնակցում։ Նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի, առաջիկայում 20 ցանցեր կտեղադրվեն, և Գյումրու քաղաքապետարանը, ոգևորվելով այս ամենից, պատրաստակամություն է հայտնել այս մոդելը կիրառել ու շարունակական դարձնել ցանցերի տեղադրումը»։

Արթուր Նաջարյանն ամենակարևոր արդյունքը համարեց պատանիների՝ որպես անհատ քաղաքացիների ձևավորումը Հայաստանում։ Մեր զրուցակցի փաստմամբ, իրենք աշխատել են այնպիսի երիտասարդների հետ, որոնք սկզբում ամաչել են նույնիսկ իրենց անունն ասել, այժմ ինքնավստահ ելույթներ են ունենում՝ մտնելով ակտիվ նախաձեռնությունների մեջ։

«Յունիսեֆ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այն մեծ հաջողությամբ է պսակվել Հայաստանում։

«Փորձնական այս ծրագրով շատ բան սովորեցինք․ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տարբեր երկրներում իրականացնում է, Հայաստանում որոշեցինք դեռահասների հետ աշխատել՝ 12-18 տարեկան տղաների և աղջիկների հետ հավասարապես, որպեսզի ունենան հնարավորություն մասնակցելու իրենց ծրագրերով, սոցիալական ձեռնարկատիրությամբ մասնակցեն և օգնեն համայնքներում փոփոխությունների կատարմանը»,-ասաց Լիվ Էլին Ինդրեյտընը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ ապագայում՝ «UPSHIFT»-ի հաջորդ շրջափուլերում կներգրավեն հաշմանդամություն ունեցող դեռահասների, եթե երիտասարդը նույնիսկ կույր է կամ անվասայլակի վրա է, պետք է կարողանա մասնակցել այս ծրագրին։

«Մենք գիտենք, որ ևս 6 շրջափուլեր իրականացնելու ենք «UPSHIFT»-ի» Հայաստանի տարբեր մարզերում, աշխատելու ենք դեռահասների և համայնքների հետ, որպեսզի բարելավենք միջավայրը՝ թե՛ արևային էներգիան, թե՛ գետերի մաքրումը, թե՛ ծառատունկը, մի խոսքով սոցիալական ծրագրերի վրա պիտի աշխատեն։ Հավատացեք, որ երիտասարդները Հայաստանում ունեն պայծառ գաղափար, մի փոքր օգնություն միայն, նրանք կկարողանան հասկանալ ինչպես կյանքի կոչել»,-ասաց «Յունիսեֆ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալը։

Ի դեպ, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որն ամիսներ առաջ մասնակցում էր ծրագրի մեկնարկին՝ վստահություն հայտնելով, որ պատանիները կդառնան դերակատարներ իրենց համայնքներում մեծ փոփոխություններ կատարելու առումով, ծրագրի ամփոփմանը հայտարարեց, որ նրանք իրեն շշմեցրել են։

«Մենք մի լավ կարգախոս ունենք՝ բոլոր որոշումները սկսի՛ր Շիրակից, և «Յունիսեֆն» այս ծրագիրը սկսեց Շիրակից և հաջողվել է, որովհետև այն, ինչին մենք հետևում էինք, մեզ համար շատ կարևոր էր, ես երբ որ տեսնում էի թիմերից մեկի ոգևորությունը Գյումրի գետակի մաքրման ժամանակ, շշմեցնող էր», -ասաց մարզպետը։

Ըստ նրա, եթե անգամ այս ծրագիրն ավարտի, այն երիտասարդները, որոնք իրենց ձեռքերով Գյումրի գետակից հանում էին աղբը, պահանջկոտ կլինեն իրենց միջավայրի նկատմամբ։

«UPSHIFT Հայաստան» ծրագրի առաջին փուլի ավարտին մասնակցում էին մարզային ու քաղաքային իշխանությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Յունիսեֆ»-ի ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց իր կատարած աշխատանքը, ի դեպ, միջոցառման մաս էր կազմում ցուցահանդեսը․ պատերին փակցված էին ամեն մի գաղափարի շուրջ կատարված աշխատանքների մասին պատմող լուսանկարներ։

Լուսանկարները՝ Aravot.am-ի և Շիրակի մարզպետարանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30