Սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 43 անգամ խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով : ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ 43 խախտումը շատ փոքր թիվ է երեք-չորս օրվա համար:
«Այդ թվերն իրականում մինիմալ թվեր են, որ մի հատ էլ ինչ-որ բաներով պայմանավորենք, այսինքն` չկա օր, որ այդ մինիմումները չլինեն մոտ 20 տարի, հետեւաբար՝ ինչը ինչի հետ պայմանավորեմ, նորմալ վիճակը ինչի հետ պայմանավորեմ. նորմալ վիճակ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով են պայմանավորված հայկական սահմանների վրա ուղղված կրակոցները:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ մեզ հետ զրույցում չցանկացավ գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին՝ասելով, թե համոզված չէ, որ իշխանությունները խախտումների իրական թիվն են ներկայացնում: Արծրուն Հովհաննիսյանն էլ չհամաձայնեց ու նկատեց, որ երբեւէ հրաձիգից արձակված մի քանի կրակոցները քննարկման առարկա չեն եղել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում 43 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
Կարդացեք նաև
Ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ, ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 23 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից 20 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ