Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հետ անարդար են վարվել»․ ի՞նչ է կատարվում Հեղինե Բիշարյանի գլխավորած բուհի Գյումրու մասնաճյուղում

Սեպտեմբեր 12,2019 21:12

Օրերս Aravot.am-ին էր դիմել Կարինե Գրիգորյանը՝ դժգոհելով, որ իրեն անհիմն ազատել են Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնից։ Նրա ներկայացմամբ, ինքը Գյումրիում վերոհիշյալ համալսարանի մասնաճյուղի հիմնադիրներից է, կանգնած է ակունքներում։ Դեռ 2008 թվականին, երբ Գյումրիում բացվել է մասնաճյուղը, Կարինե Գրիգորյանն այցելել է մարզի բոլոր դպրոցներ՝ ներկայացնելով բուհը , ապագա ուսանողների մոտ մեծ հետաքրքրություն շարժելով։

Նա սկզբում զբաղեցրել է դեպարտամենտի վարիչի պաշտոնը, այնուհետ ուսումնական մասի պատասխանատուի պաշտոնը, իսկ 2014 թվականից եղել է ուսումնական գծով փոխտնօրեն։ Ըստ, Կարինե Գրիգորյանի, իրեն օգոստոսի 30-ին ազատել են զբաղեցրած պաշտոնից՝ պատճառաբանելով, որ գիտական կոչում չունի, մինչդեռ մյուս աշխատակիցների նկատմամբ նման պահանջ չի դրվել։ Ըստ նրա, իր ազատման հրամանի պատճենը ներկայացրել են սեպտեմբերի 4-ին՝ օրվա ավարտին, օգոստոս ամսվա աշխատանքի դիմաց չեն վճարել, չեն փոխանցել նաև վերջնահաշվարկ։

«Մեզ հետ պայմանագիր կնքվել է 2008 թվականին, լինելով վարչական աշխատող՝ ամեն տարի համաձայնագրի ժամկետը երկարացվել է։ 2019 թվականի օգոստոսի 30-ին իմ համաձայնագրի ժամկետը չեն երկարացրել՝ պատճառաբանելով, որ ես գիտական կոչում չունեմ։ Ամբողջ ամառվա ընթացքում հայտարարություն գնաց, թե այդ պաշտոնի համար գիտական կոչում ունեցող անձ է պահանջվում։ Գիտեք ինչն է տարօրինակ՝ ինչո՞ւ գիտական կոչում պահանջվում է միայն այդ պաշտոնի համար, ոչ թե առաջին դեմքի,ով, ի դեպ, 70 տարեկան է։ Վարչական բոլոր աշխատողները, ըստ համաձայնագրի, օգոստոսի 30-ով պետք է ազատված լինեին աշխատանքից, բայց որևէ մեկն ազատված չէ, բացի ինձանից, մյուս թափուր հաստիքների համար ինչո՞ւ չի տրվել հայտարարություն»,- հարցնում է Կարինե Գրիգորյանը։

Նա նշում է, որ ինքը երբևէ կոնֆլիկտներ չի ունեցել բուհի ղեկավարության հետ, տվյալ պահին բուհի մասնաճյուղի տնօրենը Շիրակի մարզի ՕԵԿ կառույցի ղեկավարն է, նա նաև Գյումրու ավագանու անդամ է։ Նշենք, որ Կարինե Գրիգորյանը ևս կուսակցական է․ նա 1998 թվականից մինչ այսօր ՕԵԿ անդամ է։

«Ես աշխատել եմ նորմալ, ազնիվ, իմ պարտականությունները միշտ շատ ճիշտ եմ կատարել, ես խնդիրներ չեմ ունեցել իմ գործառույթներն իրականացնելու առումով, նորմալ մարդկային հարաբերությունների մեջ եմ եղել»,-ասում է Կարինե Գրիգորյանը։

Մեր հարցին՝ բուհի ղեկավարության հետ եղե՞լ է զրույց, թե ինչո՞ւ է գիտական կոչում պահանջվում միայն իր զբաղեցրած պաշտոնի համար, Կարինե Գրիգորյանն ասաց, որ զրույց չի եղել, սակայն ինքը գիտական կոչում ունենալու պահանջի մասին առաջին անգամ լսել է «Շանթ» հեռուստաընկերությունով տրված հայտարարությունից ու զարմացել է, որ այդ պահանջը ներկայացված է միայն իր հաստիքի համար։

«Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ միայն ես, ինչո՞ւ, մյուսներին պետք չէ՞ դա, ես նախկինում հայցորդ եմ եղել, գիտական հոդվածներ ունեմ, բոլոր մինիմումներն եմ հանձնել, սակայն անձնական պատճառներ կային, չշարունակեցի ուսումը, պատրաստվում էի շարունակել։ Ինձ տնօրենն ուղարկեց, որ գնամ Երևան ռեկտորի մոտ։ Ռեկտոր Հեղինե Բիշարյանն ինձ ասաց՝ մինչև շաբաթվա վերջ կգաք, կմասնակցեք մրցույթի, կհրավիրենք, բայց ես այդ հրավերը չեմ ստացել, ինչո՞ւ, որևէ տեղ չեմ տեսել մրցույթի հայտարարություն, ո՛չ փակցված է եղել, ո՛չ էլ էլեկտրոնային տարբերակով եմ տեսել, պարզապես ռեկտորն ինձ բանավոր ասաց, չգիտեմ՝ որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ պայմաններում է այդ մրցույթն անցկացվում»։

Կարինե Գրիգորյանի ասելով, իրեն ազատել են աշխատանքից, քանի որ բանիմաց մարդիկ իրենց պետք չեն, նրանց անհրաժեշտ են միջակ աշխատողներ։ Նա նաև որոշակի կասկածներ ունի, որ ազատման առանցքային պատճառ կարող է լինել վերջերս բուհում կեղծիքի փաստով հարուցված քրեական գործը․ ինքը պաշտոնի բերումով տիրապետում է փաստաթղթային բոլոր տվյալներին՝ կապված ուսումնական պրոցեսի հետ։

Կարինե Գրիգորյանը նաև ասաց, որ իրեն համալսարանում այլ աշխատանք չի առաջարկվել , օգոստոսի 30-ին եկել, ամբողջ օրն աշխատել է, բայց ոչ մեկը իրեն չի ասել, որ ազատված է աշխատանքից։ Ավելին, մինչև սեպտեմբերի 4-ն աշխատել է և այդ օրը նոր միայն հանձնել են իր ազատման հրամանի պատճենը։

«Կիրակի օրը ինձ զանգահարել է, թե գնա Հեղինե Բիշարյանի մոտ, ես գնացել եմ ռեկտորի մոտ, փորձում էի խոսել, ինքն ասաց, որ այսօր ամսի 2-ն է, ինչո՞ւ ես եկել, մրցույթ է հայտարարված, դու պիտի այդ մրցույթին մասնակցես, կկանչեմ, կգաս, կմասնակցես։ Սեպտեմբերի 5-ին գործերի ընդունում-հանձնում է եղել, սա է ամբողջ պատմությունը։ Ես ձեռքերս ծալած չեմ նստելու, սա անարդարություն է իմ հանդեպ, իսկ ես անարդարություն չեմ հանդուրժում, ես արդար, ազնիվ մարդ եմ, կդիմեմ ուր պետք է՝ թե՛ նախարարին, թե՛ վարչապետին, կպաշտպանեմ իմ իրավունքները նաև իրավական դաշտում», -ասաց Կարինե Գրիգորյանը։

Մենք պարզաբանումներ ստացանք նաև բուհի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Եղիազարյանից։ Նրան հարցրեցինք, թե ինչո՞ւ գիտական կոչում է պահանջվում միայն ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի համար, մյուսների պարագայում նման պահանջ չկա։

«Ես չգիտեմ մյուսների պարագա ասելով՝ ինքն ինչ է հասկանում, բայց պահանջը վերաբերվում է բոլորին, բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական մասի ղեկավարը պետք է ունենա գիտական կոչում։ Սա պահանջ է, բացի սրանից, ասեմ՝ պահանջն այսօր վերաբերում է նաև բոլոր դասախոսներին, դասախոսներն էլ պետք է ունենան գիտական կոչում։ Մենք ունենք բակալավրիատ և մագիստրատուրա, բակալավրիատը հետազոտական գործունեություն է իրականացնում, իսկ մագիստրատուրան գիտական, և գիտական, հետազոտական գործունեություն իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական մասն, անպայման, պետք է ղեկավարի գիտական կոչում ունեցող անձնավորություն։

Սա մեկ, երկրորդ՝ նրան ազատել եմ ոչ թե ես, այլ համալսարանի ռեկտորը, ինքը պայմանագրային աշխատող է, ինչպես մենք բոլորս։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է օգոստոսի 28-ին, պայմանագիրը լուծվել է, և հիմքում կա պահանջ՝ այո, այդ բաժնի ղեկավարն, անպայման, պետք է լինի գիտական կոչում ունեցող անձնավորություն»,-ասաց Հասմիկ Եղիազարյանը։

Մենք նաև փոխանցեցինք Կարինե Գրիգորյանի այն խոսքերը, որ ինքը համալսարանի ակունքներում կանգնած անձ է, Գյումրիում հիմնադրման առաջին իսկ օրվանից այնպես է ներկայացրել բուհը, որ դպրոցի շրջանավարտները դիմեն հենց Եվրոպական համալսարան, Հասմիկ Եղիազարյանն ասաց․ «Իմ հինգ տարվա աշխատանքային գործունեության ընթացքում Կարինեն ոչ մի ուսանող չի բերել այստեղ, իսկ որ 11 տարի աշխատել է, ճիշտ է ասում։ Համալսարան է ստեղծվել, կարո՞ղ է ինքն իր աշխատանքով նվեր է արել համալսարանին, աշխատել է, դրա դիմաց աշխատավարձ է ստացել, վճարվել է իր աշխատանքի դիմաց, բնականաբար, պիտի աշխատեր։

Ես 10 տարի կրթության համակարգ եմ ղեկավարել, մի գիշերվա մեջ ինձ կանչել, ասել են՝ վաղվանից դուք չեք վերընտրվելու, ես շնորհակալություն եմ հայտնել, հաջողության մաղթել, դուրս եմ եկել, որովհետև այդպես է հարմար գտել գործատուն, դա է եղել գործատուի որոշումը։ Ի՞նչ ասեի, ասեի՝ երկրաշարժից հետո քանդված կրթական համակարգը վերակենդանացրե՞լ եմ։ Ես Շիրակի շրջանի ժողկրթբաժինն ընդունել եմ երկու մանկապարտեզով, երեք տարի հետո 23 մանկապարտեզ եմ կառուցելու, ինձ ասել են՝ դուք էլ չպիտի աշխատեք, ի՞նչ ասեի, ասեի՝ ե՛ս եմ սարքել այս մանկապարտեզները, տվեք հետս տանե՞մ»։

Իսկ ի՞նչ մրցույթ պիտի հայտարարվեր ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնի համար, որի մասին Կարինե Գրիգորյանի փոխանցմամբ,Հեղինե Բիշարյանն է իրեն անձամբ տեղեկացրել, Հասմիկ Եղիազարյանն ասաց․ «Մրցույթն արդեն հայտարարվել էր, այն հայտարարվել էր 3 ամիս առաջ, անձնական գործեր են բերել ,մարդիկ ներկայացրել են իրենց ռեզյումեները, ցանկացողների թիվը 6-ն է, մեկը չէ, երկուսը չէ։ Ես այդ վեցի անձական գործերն ուղարկել եմ տիկին Բիշարյանին, փաստաթղթային ընթացակարգով գործերը նայել են, ինձանից կարծիք են հարցրել ու երկու գիտական աստիճան ունեցող թեկնածուների շուրջ մտորումներ են գնում։ Անպայման գիտական կոչում ունեցող թեկնածուի, այլապես մեր համալսարանում գիտական կոչում չունեցող ուրիշ շատ արժանավոր թեկնածուներ կան, կարող են իրենցից մեկնումեկին ընտրել, կամ թեկուզ Կարինե Գրիգորյանին, պարզապես պահանջը մեկն է՝ պարտադիր պետք է ունենա գիտական կոչում»։

Մեր հարցին՝ Կարինե Գրիգորյանին բուհում այլ աշխատանք առաջարկվե՞լ է, նա մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ այլ աշխատանք չեն առաջարկել, Հասմիկ Եղիազարյանն ասաց․ «Առաջարկվել է, նույնիսկ մեկ տարի առաջ, երբ նորից այս հարցը քննարկվում էր, ու գիտխորհրդի ժամանակ տիկին Բիշարյանը շատ խիստ ասաց, որ մենք շատ անտարբեր ենք մեր աշխատող կադրերի որակական տվյալներին ու առաջարկվեց, որ գանք, մեր երիտասարդներից ընտրենք հարմար թեկնածուներ տարբեր պաշտոններ զբաղեցնելու, մենք այս տարի ամբիոնի վարիչներն էլ ենք ընդունել, կառուցվածքային փոփոխություն է եղել ամբողջ համակարգում, ես Կարինե Գրիգորյանին կանչեցի, ասացի՝ շարունակի կրթությունը։ Խորհուրդ տվեցի ընդունվել մեր ասպիրանտուրան կամ հայցորդություն ձևակերպել, ինքը հրաժարվեց, ասաց, որ չի կարող, հետո պիտի գնար Երևան, զրուցեր, պայմանների հետ ծանոթանար, որովհետև պայմանները փոխվել են, գնաց հետաքրքրվեց, թե չգնաց, ես դա չգիտեմ։

Իսկ երբ աշխատանքին վերաբերող հարցի շուրջ մենք մտերմիկ զրուցում էինք, թե ինչ պետք է անենք՝ թեկնածուներ կա՞ն, թե ՞ չկան, ես իրան ասացի, որ կարող եմ խնդրել մայր բուհում հաստիք տան տնօրենի օգնականի կամ թեկուզ ռեֆերենտի, ինքը չուզեց»։

Իսկ Կարինե Գրիգորյանի ակնարկին, թե Հասմիկ Եղիազարյանը ևս գիտական կոչում չունի, բայց զբաղեցնում է տնօրենի պաշտոնը, իսկ ինքը աշխատելու ընթացքում նաև գիտական հոդվածներ է հրապարակել , Հասմիկ Եղիազարյանը հետևյալ պարզաբանումը տվեց․ «Գիտական հոդվածներ ես էլ եմ հրապարակել, ժամանակին ես էլ եմ գրել դիսերտացիա, ատենախոսություն, կիսատ է մնացել երկրաշարժի պատճառով, մինիմումներս եմ հանձնել։ Մոսկվայից մինչև վերադարձել եմ, այնտեղ գործընթաց է փոխվել, վերջապես, երբ ես ընդունվել եմ աշխատանքի, ինքը եղել է վարչական աշխատող՝ առանց գիտական ցենզի, ես էլ եմ ընդունվել այդպես։ Հիմա այսօր իրեն է պահանջ ներկայացվել, վաղն էլ ինձ կներկայանա»։

Ի դեպ, Շիրակի դատախազությունից հաստատեցին, որ այս բուհում կեղծիք կատարելու փաստի առթիվ քրեական գործ կա հարուցված․ այն քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։ Մենք տիկին Եղիազարյանից պարզաբանում խնդրեցինք նաև այս թեմայով։

Հասմիկ Եղիազարյանն ասաց․ «Իրավապահներին տվյալ տվող է եղել, որ ուսանող ունենք, որն առկա բաժնում է սովորել երկու տարի, դասի չի գալիս, բայց անունը կա։ Պարզապես տվյալ տվողը չի իմացել, որ այդ տղան երկու տարի սովորելուց հետո տեղափոխվել է հեռակա բաժին, բնականաբար, պիտի գար հեռակայի պարապմունքներին։ Հիմա այդ քննությունը ընթանում է, ստուգել են, ընթացքի մեջ է, եթե որևէ տեղ սխալ ունենք, թող մեզ պատժեն, բայց մենք սխալ չունենք հարյուր տոկոսով, եթե ինչ-որ տեղ ուսանողի շահը պաշտպանել ենք, դրա համար պիտի շնորհակալություն հայտնեն, որ կարողացել ենք մի երեխայի ճակատագիրը չխեղաթյուրել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հասմիկ Եղիազարյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30