«Եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը»,-այսօր Շենգավիթի դատարանում այսպես արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Քոչարյանի խոսքը մասնավորապես ուղղված էր Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին եւ Մարտի 1-ի զոհերից՝ Տիգրան Աբգարյանի մորը՝ Ռուզաննա Հարությունյանին, որոնք այսօր դատարանում կարծիքներ հայտնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությանը:
Քոչարյանն ասաց, որ ստիպված է հայտարարություն անել, քանի որ տուժողների իրավահաջորդների ելույթներում իրեն հասցեագրված հարցադրումներ կային. «Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց՝ պետք է գոնե ձեւական մեկին պատժել։ Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես Մարտի 1-ի դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի, Մարտի մեկի գործը բացահայտելը երբեք չի եղել իմ լիազորությունների շրջանակներում, ես ընդհանրապես գործին խառնվելու հնարավորություն չեմ ունեցել, եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իր կողքը նստած դատախազներին եւ եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, կամ վարույթն իրականացնող դատախազը, կամ Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը»:
Քոչարյանը համոզված է, որ տուժողները գործի մանրամասներից այդքան էլ լավ տեղյակ չեն եւ նրանց փաստաբանները միտումնավոր չեն բացատրել այդ ամենը. «Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ գործը պատշաճ չեն բացահայտել, ինձ համար սա վիրավորական է նաեւ այն պատճառով, որ փաստաբաններն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությամբ սովորեցնում են իրենք, որ հանրային առումով տպավորություն լինի, որ մեղավորը ես եմ»։
Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով Տիգրան Աբգարյանի մոր ելույթին ասաց, որ նա ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին. «Ասաց այնպիսի բաներ, որոնք կապ չունեն գործի հետ, եւ իր մոտ նստած փաստաբան Սեդա Սաֆարյանը գիտակցաբար չի բացատրել նրան»։
Կարդացեք նաև
Քոչարյանը հայտարարեց, որ զոհերի հարազատներին մոլորության մեջ է գցել ՀՔԾ պետը. «Ես իբրեւ հայտարարել եմ, որ կա զոհ, սակայն դա եղել է ոչ թե իմ, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը, ես մամուլի ասուլիսին ասել եմ, որ կան ծանր վիրավորներ»։ Քոչարյանի խոսքով, քննչական մարմինը քայլ չի արել՝ պարզելու, թե ով է քաղաքապետարանի մոտից մարդկանց տարել Լեոյի փողոց. «Ասում էին, որ ցուցարարներ չկային Լեոյի փողոցում, ցուցարարներ կային եւ դրա մասին վկայող բազմաթիվ ցուցմունքներ կան։ Մարդիկ ասում էին, որ կրակել են հենց ցուցարարների կողմից։ Հանրահավաքը եղել է քաղաքապետարանի դիմաց, իսկ բախումները եղել են Լեոյի փողոցում։ Հակառակը գործը նյութերում տվյալ կա, որ Ներքին գործերի հրամանատարությունը սնայպերին հրավիրել է նրա համար, որ չեզոքացնի Տիգրան Աբգարյանին կրակողին։ Եթե Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, մենք գործի նյութերից այդ դրվագի վերաբերյալ փաթեթ կտրամադրենք տիկին Աբգարյանին»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ