Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, որն այսօր մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստին, նույնպես կարծիք հայտնեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ:
Նա ասաց. «ՀՀ սահմանադրության առաջին կետերից մեկն այն է, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին ունի կյանքի իրավունք, ոչ ոք իրավունք չունի ՀՀ քաղաքացուն կյանքից զրկել: Ինչպես հասկացա, այսօր Սահմանադրական դատարանը կոնկրետ բան չի որոշել: Մարտի 1-ի երեկոյան մեղադրյալ Քոչարյանը հեռուստացույցով ելույթ էր ունենում եւ ասում, որ երկու կողմերից էլ զոհեր կան, իմ որդին դեռ կենդանի էր, կանգնած էր Լեո փողոցի վրա: Ինչո՞ւ սպանվեց իմ որդին: Որպեսզի ասեն 2 կողմերից էլ զոհեր կա՞ն: Իմ որդին զինվոր էր, 18 տարեկան, ո՞վ սպանեց իմ զինվորին: Տարի ու կես մեզ համոզում էին, թե պատահական գնդակ էր, եկավ կպավ, սնայպերը ո՞նց կարող է պատահական կրակի: Հետո ասում են՝ պարոն Քոչարյանը չի իմացել ոչ մի բան, այդ ժամանակ դուք էիք երկրի ղեկավարը: Իմ որդին 40 օր հիվանդանոցում վիզը կոտրած, ապարատներով պառկած էր, 40 օրում ոչ մեկ չեկավ, ոչ նախագահը, ոչ դատախազը, բա մեկը չկարողացա՞վ գար տեսներ էդ զինվորը մեռե՞լ է, թե՞ կենդանի է»:
Տիկին Հարությունյանը նաեւ պատմեց, որ, երբ որդին Միքայելյան հիվանդանոցում պառկած է եղել, հիվանդանոց է այցելել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն, ինչպես հետո պարզվել է, նախարարը ոչ թե վիրավոր զինվորին տեսության է գնացել, այլ՝ իր հորը, որն այդ օրերին հիվանդանոցում պառկած է եղել: Ռուզաննա Հարությունյանի խոսքով. «Մոտեցա իրան, ասացի՝ եկել եք զինվորին տեսակցությա՞ն: Նա նույնիսկ չբարեհաճեց մտնել սենյակ, տեսներ էդ ի՞նչ զինվոր է, որ պառկած է էդտեղ»:
Որդեկորույս մայրը խոսում էր հուզված, լացը՝ կոկորդում. «Արդեն հնարավոր չէ, 11 տարի, հասկանո՞ւմ եք, էլ ինչպե՞ս կարելի է հասցնել մարդկանց, որ գործը պետք է բացահայտվի: Ասում են սնայպերն է խփել: Ի՞նչ գործ ուներ սնայպերը Երեւանի քաղաքի կենտրոնում: Իմ որդու մոտ ոչ մի ցուցարար չի եղել: Ինչքա՞ն կարելի է ձգել գործը»:
Դատական նիստից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման միջադեպ չի հիշում: ՊՆ նախկին նախարարը չմտաբերեց նաեւ, որ իր հայրը այդ օրերին հիվանդանոցում պառկած է եղել:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ