«Փաստերի ստուգման հարթակ» նախագիծը հայտնել է, որ պատգամավորների գործուղումների ծախսերի մասին Արմեն Աշոտյանի հայտարարությունները կեղծ են:
«Օգոստոսի 29-ին արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպում էին ունեցել Ազգային Ժողովում։ Հանդիպման նպատակը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների ու դիվանագիտական առաջնահերթությունների հստակեցումն էր։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ կասկածի տակ առնելով վերջինիս կողմից մատնանշած խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումները», որոնք արձանագրվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում։
Մինչև այդ Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել էր․ «Այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն կուտակել ենք համագործակցության արժեքավոր փորձ, այլև ունեցել ենք ակնառու նվաճումներ խորհրդարանական դիվանագիտության թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ հարթակներում՝ արտահայտված նաև Արցախյան հիմնահարցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր գերակայություններում»։
Կարդացեք նաև
Հակադարձելով սրան՝ Արմեն Աշոտյանը նշել էր, որ «իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել» առհասարակ, ուր մնաց՝ խորհրդարանական ասպարեզում: «Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առաջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար»,- գրել էր ՀՀԿ փոխնախագահը:
«Փաստերի ստուգման հարթակն» Արմեն Աշոտյանի խոսքերի իսկությունը ճշտելու նպատակով դիմել էր Ազգային ժողովի աշխատակազմ՝ պարզելու, թե որքա՞ն գումար է հատկացվել ԱԺ արտասահմանյան գործուղումների համար 2019 թվականի պետական բյուջեից և դրա ո՞ր մասն է ծախսվել առաջին կիսամյակում։ Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ 2019 թվականի պետական բյուջեով խորհրդարանի գործուղումների համար հատկացվել է 460 միլիոն դրամ։ Տարեսկզբից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է 258 միլիոն 266 հազար 593 դրամ։ Ընդ որում՝ զգալի են այն գործուղումները, որոնց ծախսերի մի մասը, ըստ պայմանավորվածությունների, հոգացել է հրավիրող կողմը (ճանապարհածախս կամ կեցության ծախս)։ Ինչ վերաբերում է գործուղումները շարունակելու համար կառավարության կողմից նոր միջոցներ տրամադրելուն, ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ սպասվող նստաշրջանում գործուղումների համար ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չկա։
Այսպիսով՝ Արմեն Աշոտյանը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մեկ տարվա գործուղումների համար հատկացված գումարները ծախսվել են կես տարում և այդ նպատակով կառավարությունը նոր միջոցներ է տրամադրել կամ պատրաստվում է տրամադրել։
Նշենք, որ իրականությանը չհամապատասխանող այս տեղեկությունները տարածել են նաև մի շարք լրատվամիջոցներ, ինչպիսիք են՝ aravot.am, news.am, hraparak.am, iravunk.com, ankakh.com»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է վերոնշյալ հրապարակմանը՝ նշելով.
«Քիչ առաջ «Փաստերի ստուգման հարթակ» նախագիծն իր կայքում անդրադարձել է իմ հայտարարությանը, կապված Ազգային Ժողովի անարդյունավետ գործուղումների և տարվա կեսից այդ գործուղումների համար կառավարության կողմից հատկացված հսկայական գումարների հետ: Ես գրել էի բառացի հետևյալը. «Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առաջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար»:
Daniel Ioannisyan-ին պատկանող այս նախագիծը իր կայքում իբր թե ստուգել է այս հայտարարության իսկությունը և եզրակացրել, որ «Արմեն Աշոտյանը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մեկ տարվա գործուղումների համար հատկացված գումարները ծախսվել են կես տարում և այդ նպատակով կառավարությունը նոր միջոցներ է տրամադրել կամ պատրաստվում է տրամադրել»: Զուգահեռ նրանք մեղադրել են նաև որոշ լրատվականների իմ այս պնդումը տարածելու մեջ՝ aravot.am, news.am, hraparak.am, iravunk.com, ankakh.com։
Իրականում դեռևս սույն թվականի մայիսի 16-ին Կառավարության նիստին ընդգրկված է եղել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին գումար հատկացնելու մասին» հարցը:
Այդ նիստին ՀՀ կառավարությունը կայացրել է համապատասխան որոշում և Ազգային ժողովին լրացուցիչ հատկացրել 892,628.9 հազ. դրամ:
Որոշման կից տեղեկանք-հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գումարը ներառում է նաև ԱԺ գործուղումների համար լրացուցիչ ծախսեր՝ (4222) «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301,802.0 հազ. դրամ:
Այսքանից հետո տվյալ հարթակը մոլորության մեջ է գցում հասարակությանը, մեղադրում է ինձ իբր ապատեղեկատվություն գրելու, իսկ զլմներին՝ այն տարածելու մեջ:
Ակնհայտ է, որ իրեն փաստերի ստուգման հարթակ հռչակած կայքը կարող էր իսկապես խորամուխ լինել հարցի մեջ: Հակառակ դեպքում գործ ունենք կամ աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ ուղղորդված հակաքարոզչության հետ:
Տվյալ հարթակից ակնկալում եմ ներողություն և իրենց հրապարակած նյութի բովանդակության վերանայում:
Հ.Գ. Մեկնաբանությունում՝ կառավարության որոշման հղումը (հարց 31)»:
Կառավարության որոշման հղումը՝ այստեղ