Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի հերթական հյուրը IQ Center Global Education-ի հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանն է:
Յուլյան ասում է, որ մանկության շրջանը մութ եւ ցուրտ տարիների հետ է համընկել, բայց այդ տարիները համարում է ջերմ ու լուսավոր: Հիշում է, թե ինչպես էր ամեն օր պարտաճանաչ դպրոց հաճախում, երբ ցուրտ դասարաններում վառարաններ էին դրված ու ընդամենը մի քանի աշակերտ էր գալիս:
Յուլյան կրթության վերաբերյալ ծնողների խորհուրդներն է հիշում, հատկապես հոր խորհուրդները. «Հայրս ասում էր, որ կրթությունը միակ բանն է, որը քեզանից ոչ ոք չի կարող վերցնել, հետեւաբար այնպես արա, որ լավ կրթություն ստանաս, լավ մարդ դառնաս, լավ կրթությունը քեզ ամբողջ կյանքում ուղեկցելու է: Մյուս խորհուրդը ազնվությանն է վերաբերում` ազնիվ լինել ոչ միայն այլ մարդկանց, այլեւ ինքդ քեզ հետ»:
Յուլյա Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կարողանում համատեղել օրինակելի մայրիկի առաքելությունը եւ IQ կենտրոնի ղեկավարի աշխատանքը:
«Ես չորս երեխաների մայր եմ, մասնագիտությամբ` իրավաբան: Մասնագիտությանս մեջ չխորացա, որովհետեւ կարծում եմ, որ կնոջ առաքելությունը նախ եւ առաջ լավ կին ու լավ մայր լինելն է, այդ պատճառով ընտրեցի հենց այս ուղին: Համատեղում եմ այդ երկու կարեւոր առաքելությունները, որովհետեւ IQ կենտրոնում կատարվող ամեն ինչին նախ եւ առաջ որպես մայր եմ փորձում արձագանքել»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա ղեկավարած IQ կենտրոնին էլ անդրադարձանք, որի սաներին Արմեն Սարգսյանը «դրսի» օլիմպիադաներում գրանցած հաջողությունից հետո հյուրընկալել էր Նախագահի նստավայրում: Յուլյա Գասպարյանն ասում է, որ շատ են ուսումնական կենտրոնները եւ ինքը նոր կենտրոն հիմնելիս բնավ մտավախություն չուներ, թե չի կարող հաջողել. «Եթե ունես գաղափար, նպատակ, հաջողությունը ուղեկցում է քեզ…Երեխաները մեր կենտրոնում սիրված են զգում, սովորում են սիրել, ինչն էլ հենց մեր առանձնահատկությունն է»:
Յուլյա Գասպարյանն ասում է, որ երբեմն որոշ փոքրիկներ լաց են լինում ու անգամ չեն ցանկանում տուն գնալ մանկակրթարանից, ինչը իրենց լավագույն գնահատականն է:
Հումորից էլ խոսեցինք: Մեր զրուցակցի համոզմամբ, հումորի զգացողությունը մարդու բարձր ինտելեկտի արտահայտությունն է եւ ցանկացած բարդ կամ անելանելի իրավիճակ, ըստ նրա, կարելի է հարթել հումորի միջոցով: Ինչ վերաբերում է գրքերին, Յուլյա Գասպարյանն ասում է, որ լավագույն գրողներից մեկն է համարում Պաուլո Կոելիոյին: Նաեւ Ռոբին Շարմային առանձնացրեց, ասաց, որ IQ կենտրոնի ստեղծման գաղափարում վերջինս ուրույն ներդրում է ունեցել: Յուլյա Գասպարյանը նաեւ իր սիրելի կոմպոզիտորից` Շոպենից խոսեց: Ասաց, որ դասական երաժշտություն է սիրում, եւ իր ամեն առավոտն ու երեկոն սկսվում եւ ավարտվում են Շոպենի երաժշտությամբ, կենտրոնի դասընթացները նույնպես ուղեկցվում են դասական երաժշտությամբ:
Յուլյա Գասպարյանն ընդգծեց, որ եթե կյանքում որեւէ նպատակ ունես, որի հետեւից գնում ես, պետք է պատրաստ լինես հիասթափությունների. «Հիասթափություններն ու պարտությունները Աստծո կողմից են տրված, որպեսզի ճիշտ ուղու վրա կանգնեցնեն; Ինձ յուրաքանչյուր խնդիր, հիասթափություն մոտիվացնում է: Ես երբեք թեւաթափ չեմ լինում, ընդհակառակը` շատ ավելի ուժեղ եմ դառնում, յուրաքանչյուր խոչընդոտ մեզ մի քայլ առաջ է տանում դեպի մեր նպատակը»:
Մեր զրուցակիցը երբեւէ ստացած ամենաթանկ նվերի մասին էլ հետեւյալ կերպ խոսեց. «Կյանքում ստացած ամենաթանկ նվերը իմ երեխաներն են: Նրանք նվեր են Աստծո կողմից, իսկ աշխարհի ամենասիրելի անկյունը իմ տունն է»: Յուլյա Գասպարյանն իրեն համարում է հաջողակ մարդ, քանի որ ունի գեղեցիկ ընտանիք եւ սիրելի աշխատանք:
Մանրամասները` տեսանյութում
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Յուլյա Գասպարյանի անձնական արխիվից:
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի: