Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն ունեմ, որ ԱԺ-ում կան շատ վատ՝ 131 պատգամավորներ և մեկ սուրբ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը. Մխիթար Հայրապետյանը հեգնեց

Սեպտեմբեր 12,2019 18:12

«Ուրախ եմ, որ որևէ ձևով չեմ մասնակցել այն համաձայնությանը, որ կայացել է իշխող ուժի և ընդդիմադիր խմբակցությունների միջև: Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է»,- ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ որևէ հիմնավորում չկա, թե ինչու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը հանվել այս նախագծից և առաջադրվել մի տարբերակ ու լուծում, որը քաղաքականացնում է հանձնաժողովի ամբողջ կազմը և վտանգում հանձնաժողովի անկախ ու անաչառ մասնագիտական գործունեությունը:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Ըստ հեղինակի՝ կատարված փոփոխություններով առաջարկվում է այդ հանձնաժողովի 5 անդամներից մեկին առաջադրելու հնարավորությունը տալ Բարձրագույն դատական խորհրդին, երկուսինը՝ ընդդիմադիր խմբակցություններին, 1-ական անդամ էլ կառավարությանն ու ԱԺ իշխող խմբակցությանը։ Միրզոյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի 5 անդամներն իրենք իրենց միջից կընտրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ։ Միրզոյանը առանձնացրեց մեկ այլ փոփոխություն ևս, որով քաղաքական ուժերը չեն կարող հետ կանչել իրենց առաջադրած թեկնածուներին՝ դրանով իսկ չկարողանալով նրանց վրա ճնշում գործադրել։

Դիմելով կառավարության ներկայացուցիչներին՝ Արման Բաբաջանյանն ասաց. «Այս նախագծի՝ առաջին ընթերցումով ընդունումից հետո մասնավորապես քաղհասարակության ներկայացուցիչները բարձրացրին փաստարկված մտահոգություն առ այն, որ հանձնաժողովի ձևավորմանը, նաև անդամներին առաջադրվող չափանիշների հետ կապված մտահոգությունները վերհանեցին, և արդարադատության նախարարը հանրային քննարկման ժամանակ ստանձնեց հանձնարարականներ մշակել, որ նոր նախագիծը հիմնված լինի մասնագետների, քաղհասարակության հետ քննարկումների վրա: Ինչո՞ւ է կառավարությունն իր այս տեսակետը փոխել և ինչպե՞ս է այս հարցը փաստարկելու: Ենթադրենք հանձնաժողովը քննում է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի կամ Ռուբեն Վարդազարյանի հարցը: Ձեր կողմից առաջարկված նախագծում ի՞նչ երաշխիքներ եք տեսնում, որ հանձնաժողովի անդամները նշված հարցերի շրջանակում զերծ կմնան քաղաքական և կորպորատիվ նեղ շահերից և կաշկանդված չեն լինի կայացնել օբյեկտիվ և անաչառ որոշում»:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթասր Հայրապետյանն, արձագանքելով Արման Բաբաջանյանին ասաց, թե ուշի ուշով հետևել է նրա վերջին ելույթներին և հեգնեց. «Ինձ մոտ ընդգծված մի վստահություն կա, որ ԱԺ-ում կան շատ վատ՝ 131 պատգամավորներ և մեկ սուրբ պատգամավոր: Ես ընդհանրապես զարմանում եմ, թե ինչպես կարելի է այսչափ երկակի ստանդարտներ կիրառել: Ասում եք՝ դավադրություն է հայ ժողովրդի ու պետականության նկատմամբ, խայտառակություն, մինչդեռ այդ առաջարկները, երբ այս դավադիր խմբակցությունը ներկայացնում էր և մյուս դավաճանները ընդունում էին, Դուք դեռ հանդիսանում էիք «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ: Բա այդքան սկզբունքային պատգամավոր ու պետական գործի՞չ էիք առաջին ընթերցման ժամանակ այս ամբիոնը օգտագործեիք և ասեինք՝ էս ի՞նչ եք ասում»:

Արման Բաբաջանյանը արձագանքեց, թե արել է, մինչդեռ Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց ՝ չեք արել: Ու հայտարարեց, թե ընդդիմության հետ կառուցողական այս համագործակցությունը իր արդյունքը տալու է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30