Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Եթե ունենք նորմալ հարաբերություններ, ուրեմն մե՞նք պետք է Հայաստանի իշխանությունների համար լինենք նախագահի ցանկալի թեկնածու»

Սեպտեմբեր 12,2019 18:44

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայ-Ռուսական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Aravot.am-ի եւ նրա միջեւ մի փոքրիկ հարցազրույց կայացավ:

-Արցախի նախագահի ապագա ընտրություններում դուք ձեզ համարո՞ւմ եք Հայաստանի իշխանությունների ցանկալի թեկնածու:

-Բոլոր թեկնածուներն էլ Հայաստանի իշխանությունների համար ցանկալի են, իսկ ցանկալին պիտի լինի ժողովրդի համար ընտրվածը: Սա է խնդիրը: Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ նաեւ վարչապետը, բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Արցախում պետք է տեղի ունենան ընտրություններ առանց խախտումների, ժողովրդավարության կանոններին համապատասխան, ձեւավորվի լեգիտիմ իշխանություն: Եվ լեգիտիմ իշխանությունն է լինելու Հայաստանի իշխանության համար ցանկալի: Ինչ վերաբերում է հարաբերություններին, որը կա, եթե ունենք նորմալ հարաբերություններ, նշանակում է՝ պարտադիր պետք է մե՞նք լինենք ցանկալի: Համարում եմ, որ բոլորն էլ, ովքեր առաջադրվելու են, կլինեն ցանկալի:

Համոզված եմ, որ բոլոր այն քաղաքական գործիչները, անձինք, ովքեր այսօր հայտ են ներկայացնում կամ խոսում են, բավականին կիրթ ու հայրենասեր, պետականամետ մարդիկ են՝ անցած ճանապարհով, եւ բոլորն էլ ընտրելու են առանց խնդիրների ընտրություններ անցկացնելու ճանապարհը:

-«Սասնա ծռերը» նո՞ւյնպես:

-Իսկ «Սասնա ծռերի» առումով ի՞նչ վտանգ եք տեսնում:

-Արցախում էին վտանգ տեսնում:

-Դրան չանդրադառնանք: Ես կոնկրետ որեւէ վտանգ չեմ տեսնում, որ որեւէ քաղաքական ուժ կարող է խանգարել:

-Ամուլսարի հանքի շահագործման մասին կարծիք ունե՞ք:

-Կարծիք, իհարկե, ունեմ: Ամեն ինչ նախ պետք է լինի շատ խիստ՝ բնապահպանական առումով: Պետք է այնպիսի լուծում ունենալ, որը չվտանգի. առաջինը՝ Հայաստանի տնտեսության ապագան, երկրորդը՝ Հայաստանի բնությունը եւ էկոլոգիան: Իհարկե, կարող է եւ քննադատություն լինել՝ ասեն երկուսը համատեղել չի լինի: Բայց հնարավոր է: Եվ ինձ թվում է՝ Հայաստանի իշխանություններն ավելի խորը վերլուծություններ ունեն: Ես ինֆորմացված չեմ, թե էկոլոգիական ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, բայց հրաժարվել հանքարդյունաբերությունից ընդհանուր առմամբ, նշանակում է՝ խաչ դնել Հայաստանի տնտեսության զարգացման վրա ապագայում: Մենք ի վիճակի չենք այսօր առանց հանքարդյունաբերության արձանագրել տնտեսական աճի բարձր տեմպեր: Խոսքս միայն Ամուլսարի մասին չէ: Եթե հաջորդ կոչը լինելու է Քաջարանի կամ այլ հանքարդյունաբերական կոմբինատների մասին, դրանց փակելը ճիշտ չի լինի: Բայց  վերահսկողությունը պետք է շատ ավելի խստացնենք եւ այդ բոլոր ընկերություններին պարտադրենք՝ առաջին հերթին ապահովել էկոլոգիական պահանջները:

-Արցախում հանքարդյունաբերություն կա՞:

-Իհարկե կա: Եվ Արցախի ամենախոշոր հարկատուն, ամենախոշոր գործատուն «Վալեքս գրուպ»-ն է, որն այսօր շահագործում է Կաշենի պղնձի հանքը եւ Արցախի տնտեսության, ժողովրդագրության, բարեկեցության վրա բավականին մեծ՝ ամենախոշոր, մասնակցություն ունի:

-Իսկ անտառահատումներ Արցախում լինո՞ւմ են:

– Իհարկե կան անտառահատումներ եւ անտառահատումները կատարվում են նորմայի չափ: Գիտե՞ք, անտառահատում ասելով՝ հասկանում ենք անտառը փչացնել: Ես կարող եմ մի թիվ ասել. Արցախն ունի 300 հազար հեկտար անտառ: Բնական աճը տարեկան կազմում է տարբեր հաշվարկներով՝ նվազագույնը 600-700 հազար, առավելագույնը՝ 1 մլն. խորանարդ մետր, իսկ հատվում է առավելագույնը տարեկան 150 հազար խորանարդ մետր: Եթե կան հանցագործներ, մարդիկ, որոնք չարաշահում են եւ անտառ հատում այնտեղ, որտեղ չի կարելի, դա ընդամենը վերահսկողության խնդիր է: Եթե մենք անտառաշինական ճիշտ աշխատանք չկատարենք, ապագայում տարեկան կորցնելու ենք տասնյակ հազար հեկտարներ՝ արդեն հրդեհների պատճառով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30