Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին մեկն է. ունենալ տնտեսական աճ, մեծացնել բյուջեն եւ ամրացնել բանակը»

Սեպտեմբեր 12,2019 17:32

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայ-Ռուսական համալսարանում խոսեց Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացման հեռանկարների եւ առաջնահերթությունների մասին:

«Մեր հիմնական նպատակը տնտեսական աճ ապահովելն է, եւ կա երեք կարեւոր պայման, որը պարտավորեցնում է մեզ՝ ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր: Առաջին. եթե չկան տնտեսական աճի բարձր տեմպեր, ապա ունես ժողովրդագրական խնդիր: Երկրորդ. եթե չկա տնտեսական բավարար իրավիճակ, որն էլի անուղղակի ազդում է ժողովրդագրական վիճակի վրա, երկրում չի կարող լինեն համերաշխություն, նորմալ իրավիճակ: Երրորդ, որը վերաբերում է Հայաստանին. եթե չունենանք տնտեսական աճի բարձր տեմպեր, խնդիր ենք ունենալու քաղաքական, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների հետ կապված»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով, 2006 թվականին, երբ դեռ երիտասարդ քաղաքական գործիչ էր եւ դեռ վարչապետ չէր, մի առիթով հայտարարեց, որ եթե ուզում ենք, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հարցում հաջողություն ունենալ, պարտավոր ենք ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր, որպեսզի դիմակայենք: «Ի՞նչ կապ կա դրանց միջեւ: Ավարտվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը, որն Ադրբեջանի համար տնտեսական բարձր տեմպեր ունենալու նոր հեռանկարներ էր բացում: «Բրիթիշ Փոթրոլիումի» կողմից կար վերլուծություն, որ Ադրբեջանի նավթային արդյունահանման ծավալները պետք է հասնեին օրական մինչեւ 1,3 մլն. բարելի: Ադրբեջանը մի պահ ուներ $ 22 միլիարդանոց բյուջե, իսկ այսօր այդ բյուջեն իջել է $ 14 մլրդ: Սա եւ էլի մի քանի հանգամանքներ ստիպել են, որ քաղաքական հարթությունում Ադրբեջանի հայտարարությունների շեշտադրումները փոխվեն:

Այն ժամանակ ես նաեւ կանխագուշակել էի պատերազմ 2014-2015 թվականներին: Այսօր եթե ուզում ես պահպանել անվտանգություն, կայունություն, պետք է մեծ ռեսուրսներ ուղղել ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելուն: Ի՞նչ կատարվեց: Դժբախտաբար, Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպը չապահովվեց եւ արդյունքում մենք էլ ունեցանք խնդիր: Ունեցանք 2016 թվականի ապրիլյան պատերազմ: Եվ այն շուտ ավարտվեց, որովհետեւ Ադրբեջանը չուներ երկարատեւ պատերազմի ֆինանսական ռեսուրսները, տնտեսական հիմքը: Մնացածը՝ ով, ինչ ուզում է ապացուցի, ես համամիտ չեմ: Երբ Ադրբեջանն ունենա առավելություն Ղարաբաղի խնդիրը զենքի ուժով լուծելու հնարավորություն, այդ քայլին կգնա: Սրա պատասխանը մեկն է. ունենալ տնտեսական աճ, դրա հաշվին մեծացնել բյուջեն, բյուջեի մեծացման արդյունքում ամրացնել բանակը եւ սպառազինությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30