Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թվականից կարգելվի ծխելը փակ տարածքներում. նախագիծը հաստատվեց

Սեպտեմբեր 12,2019 16:20

Այսօր կառավարությունը հաստատեց փակ տարածքներում ծխելու արգելքի մասին փոփոխված օրենքի նախագիծը:

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծով կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում եւ աստիճանաբար նաեւ կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաեւ հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական  հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի եւ ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման եւ գովազդի սահմանափակման առնչությամբ:

Այսօր նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը ծխելը թողել է դեռ 2004 թվականին: Նա նաեւ ասաց, որ կառավարության անդամների 80%-ը չի ծխում, մարզպետների ՝100 %-ը. «Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում»:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Թորոսյանն ասաց, որ վերջին եւ վերջնական փոփոխությունները, որոնք կատարվել են օրենքում՝ օրենքի որոշ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետներն են հետաձգվել, նաեւ հաշվի առնելով ոլորտի այլ օրենքների փոփոխությունները, օրինակ՝ հարկային օրենսգիրքը:  «Այսպիսով՝ վաճառքի կետերում ծխախոտային արտադրության ցուցադրության արգելքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելքը, որի շուրջ հիմնական «աղմուկն» եղավ, 2022 թվականի մարտի 15-ից»,-տեղեկացրեց նախարարը: Ըստ Արսեն Թորոսյանի, հնարավոր է այդ ընթացքում էլ որոշ փոփոխություններ արվեն նախագծում:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է օրենքի խախտման տուգանքներին, ապա նախարարն ասաց. «Միշտ նշել եմ՝ ցանկացած օրենքի տուգանքները կանխարգելիչ են, որպեսզի օրենքի դրույթները չխախտվեն, եւ ոչ թե խախտվի՝ նոր տուգանք գանձվի: Իսկ տուգանքների չափերի խնդիրը երկրորդական է դառնում»:

Թորոսյանը հստակեցրեց՝ պատասխանատվությունն ընկնելու է  տվյալ հաստատության վրա՝ եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաստատությունը արգելքը չկիրառի, սակայն եթե որեւէ անձ ծխի փակ հաստատությունում, որտեղ իրեն զգուշացնեն, որ օրենքը գործում է, չի թույլատրվում ծխել, անձը շարունակի ծխել, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ֆիզիկական անձի վրա. «Փորձը ցույց է տալիս, որ հատուկ վերահսկողության կարիք չկա:  ՌԴ-ում օրենքը ներդնելուց  2 օր հետո մշտադիտարկում են արել ռեստորաններում, 98%-ով օրենքը պահպանվել է առանց վերահսկողության: Վրաստանում 2018-ին է ներդրվել, մեկ տարում մոտ 200 իրավախախտում է եղել: Տնտեսվարողներին հատուկ նեղելու նպատակ չի լինելու: Մենք մշակույթ ենք փոխում եւ աստիճանաբար հասնելու ենք արդյունքի»:

 

Այս օրենքն արգելում է ծխելը նաեւ կանգառներում, հիմա շատ են դեպքերը, երբ կանգառներում  ծխում են, ինչպե՞ս է վերահսկվելու, հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ ոստիկանությունն այն մարմինն է, որը պետք է հսկի, բայց շքամուտքերում, վերելակներում էլ չի կարելի ծխել,  ոչ ոք չի վերահսկում, բայց եթե  ինչ-որ դեպքում տուգանքը կիրառվի՝ մյուսների դեպքում դաս լինի.« Վստահ եմ՝ հատուկ վերահսկողության կարիք չի լինելու»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30