Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է ներդրել «Լիդիան Արմենիան» այդ 400 միլիոն դոլարը. Արման Աբովյան

Սեպտեմբեր 12,2019 15:21

«Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչներն անընդհատ հայտարարում են 400 միլիոն դոլարի ներդրումների մասին եւ մեզ շատ հետաքրքրեց, թե ի՞նչ 400 միլիոն դոլար ներդրման մասին է խոսքը, քանի որ դա ահռելի գումար է եւ ինչ-որ մի տեղում այդ ներդրումը պետք է երեւա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն`անդրադառնալով «Ամուլսարի» հանքի շահագործման հարցով իրենց խմբակցության նախաձեռնությանը: ԲՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել` Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ հանքի շահագործման առաջին իսկ օրից գործընթացն ուսումնասիրելու:

Հիշեցնենք, օրերս ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ թերահավատություն էր կատարված արտահայտել 400 միլիոն դոլար ներդրումների մասով:

«Որտե՞ղ է ներդրվել այդ 400 միլիոն դոլարը: Ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ այն փաստաթղթերը, որոնք հրապարակված են «Լիդիան» ընկերության կայքում, եւ, անկեղծ ասած, տարակուսանք ունեմ, որովհետեւ այն աշխատանքն ու ծախսերը, որոնք երեւում են այդ փաստաթղթերում, չեն համապատասխանում հայտարարված ներդրման չափին»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իրենք հաստատ են իրենց դիրքորոշման մեջ եւ յուրաքանչյուր գործընթաց պետք է լինի հանրային փոխհամաձայնության արդյունքում, ուստի, շահարկումներից եւ ավելորդ քննարկումներից զերծ մնալու համար նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որպեսզի, այսպես ասած, մութ անկյուններ չմնան այս հարցում:

Երեկ նաեւ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ամենաթափանցիկն է: «Շատ լավ, փայլուն է եւ եթե թափանցիկ ընկերություն է, քննիչ հանձնաժողովը կստեղծվի եւ մենք կփորձենք հասկանալ, թե այդ 400 միլիոն դոլարը որտե՞ղ է ծախսվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ձեւաթուղթն ուղարկվել է նաեւ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցություններին, առայժմ արձագանքներ չկան: Այս պահի դրությամբ միայն ԲՀԿ-ական պատգամավորներն են ստորագրել ձեւաթուղթը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծելու համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների ընդհանուր թվի 1/4-ի ստորագրությունը. նվազագույնը 33 ստորագրություն է պետք:

Արման Աբովյանը կարծում է, որ իշխող եւ մյուս ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները ևս պետք է շահագրգիռ լինեն հանձնաժողովի ստեղծման եւ ճշմարտության բացահայտման մեջ եւ անհրաժեշտ թվով ստորագրությունները կհավաքվեն: Մեր հստակեցնող հարցին`թողնվելու է պատգամավորների հայեցողությա՞նը, թե՞ փորձելու եք բանակցել, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ «Իմ քայլում» կան շատ պատգամավորներ, որոնք ի սկզբանե դեմ են եղել հանքի շահագործմանը, Արման Աբովյանը պատասխանեց. «Հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց պարզ է, որ ոչ ոք ոչ ոքի չի համոզելու: Մեր գործընկերներն են, համոզելու խնդիր չկա: Ես կարծում եմ, որ պատգամավորները` կապ չունի, որ խմբակցությունից, բոլորն էլ պետք է հետաքրքրված լինեն, նույնիսկ այն մարդիկ, ովքեր «կողմ» են հանքի շահագործմանը: Այստեղ խոսքն այն մասին թե ներկայացվող հիմնական փաստարկը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: Թող մեզ եւ հանրությանը պարզ դառնա, թե ի վերջո, որքա՞ն գումար է ներդրվել եւ ի՞նչ գործընթացներ են ընթանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30