Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

Սեպտեմբեր 12,2019 15:11

ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում:

Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենը, ինչին հաջորդել է արարողության մասնակիցների շրջայցը վերանորոգված ենթակառուցվածքում:

Վերջինիս աջակցությամբ բաժինը հագեցվել է նոր սոնոգրաֆով, որը հնարավորություն կտա հայտնաբերելու լյարդի ֆիբրոզը, որոշելու դրա աստիճանը և նորագոյացությունների առկայությունը: Նախկինում ընդամենը 565մ2 տարածք զբաղեցնող բաժինն այսօր արդեն ընդլայնվել է 400մ2 մակերեսով` 1 լիարժեք հարկաբաժնով, ընդհանուր առմամբ` զբաղեցնելով շուրջ 965մտարածք: Զգալիորեն ավելացել է նաև զննման և պրոցեդուրային սենյակների թիվը, էապես բարելավվել են բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպելու պացիենտների սպասարկումը, որոնց  տրամադրվում է նեղ մասնագիտական բժշկական օգնություն. կատարվում են ուլտրաձայնային, ռենտգենաբանական և տուբերկուլոզի հայտնաբերման հետազո­տութ­­յուն­ներ:

Ակնհայտ է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում.

  • Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017թ-ից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում` անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում, ինչը կազմում է դիսպանսերային հսկողության մեջ գտնվողների 97,5%-ը:
  • Ընդհանուր առմամբ` ՀՌՎ բուժում ստանում է ՄԻԱՎ վարակ ախտորոշումով պացիենտների 84%-ը (նախանշված թիրախը` 90%՝ 2020թ.):
  • Ներդրված է դեղերի պատվերի, գնման և մատակարարման անխափան շղթա, ինչի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ երբևէ չի եղել բուժման ընդհատում:
  • Բուժում ստացողներից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցողների թվի աճի հարցում էական նշանակություն ունի այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու վարումն իրականացնում է բազ­­մա­պրոֆիլային խումբը, որի կազմում ընդգրկված են բժիշկ (վարա­կաբան և/կամ ընտանեկան բժիշկ), բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող և ոչ բժշկական հարցերով զբաղվող այլ անդամներ (իրավա­խորհրդատու, «հավա­սարը` հավա­սա­­­­րին» խորհրդատու և այլն): Խմբի անդամները կատա­րում են որոշակի գոր­ծա­ռույթ­­­­ներ՝ փոխադարձաբար լրացնելով միմյանց` որպես առանցքային խնդիրներից մեկը դիտարկելով բուժման կարգը պահպանելու հարցում պացիենտներին աջակցելը, ինչը չափազանց կարևոր է բուժման արդյունավետությունն ապահովելու համար:
  • Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կենտրոնի և աջակիցների ջանքերով տարիների ընթացքում ստեղծված ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման համակարգի (ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ, կանխարգելում, մոնիտորինգ, բուժման ծառայություններ) անխափան գործարկումը և միջոցառումների հետևողական իրականացումը թույլ կտան ՀՀ-ում հասնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրով և միջազգային պարտավորություններով նախանշված «90-90-90» հավակնոտ թիրախներին:

Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30