Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Եթե մեկը պատուհանից թռնում ու դոշակի տակի փողը տանում է, մենք իրավունք ունե՞նք պատուհանի տակ ոստիկան կանգնեցնել, ով իրեն կբռնի»

Սեպտեմբեր 12,2019 13:37

Այսօր կառավարության նիստին, երբ քննարկում էին Քրեական դատավարության եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, կառավարության անդամները երկար ժամանակ իրար չէին հասկանում՝ ինչպես պետք է գաղտնալսել, կամ պե՞տք է արդյոք, կամ որն է բանկային գաղտնիքը եւ այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ կիսապայքար չի իրականացնելու։

Նախագիծը զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նկատեց՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, որոնց առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը։ Ներկայումս ըստ օրենքի, միայն կասկածյալ եւ մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներն է հնարավոր ստանալ: Փոխնախարարի ներկայացմամբ՝ սա բազմիցս քննադատել են միջազգային կառույցները, եւ նաեւ բարձրաձայնել են իրավապահ մարմիններ՝ որպես խոչընդոտ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար։

Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացնելով նախագիծը, նշեց՝ առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման։ Բայց, ինչպես ասաց փոխնախարարը, միաժամանակ, նման դեպքերում նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով կարող են միայն ներկայացվել միջնորդություններ. «Դատախազական վերահսկողություն, միջնորդության ներկայացման նկատմամբ։ Մասնավորապես, քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ եւ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ։ Գործով տեղեկատվության անհրաժեշտության հիմնավորման համար բաձր չափանիշներ են սահմանվել։ Օրինակ՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալու քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման ժամանակ պարբերաբար ասում էր՝ բանկային գաղտնիքը շատ նուրբ բան է, պետք է շատ զգույշ լինել:

Փաշինյանն ասաց, որ այս հարցը շատ երկար ու տարբեր ձեւաչափերով քննարկվել է, կան շատ մտահոգություններ, բայց քաղաքական եզրակացությունն է՝ կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում. «Կիսապայքարն անընդունելի է։ Մենք այս ընթացքում ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ իքսը՝ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ճանապարհով վաճառված գույքը վաճառքի է հանել։ Էդ գույքը ֆորմալ ձեւակերպված է ուրիշ մարդու անունով, ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, գույքը վաճառվել ա։ Մենք իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է եւ գումարը Հայաստանից հանվելու է դուրս։ Այսինքն՝ ըստ էության մենք իմացել ենք, որ հիմա էտ բանը տեղի է ունենում, բայց այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ մենք կամ ստիպված էինք կոպիտ ապօրինի միջամտություններ անել, որի բացատրությունը հետո իրավական առումով լուրջ հետեւանքներ կունենար կամ էլ մենք պետք է լուռ հետեւեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում։ Մեր քաղաքական որոշումը հստակ է՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու, եւ պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես որեւէ կասկած չլինի Հայաստանի հանրապետության ժողովրդի եւ կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ»:

Վարչապետն ասաց, որ այս հարցը մոտ մեկ տարի քննարկվել է եւ այն ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից է, այս խնդիրը պետք է լուծվի հիմա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ իսկ եթե ապօրինի գույքը վաճառվում է կանխիկ եղանակով, այսինքն՝ առանց բանկային փոխանցումների, ինչպե՞ս է բացահայտվելու։ Փաշինյանը պատասխանեց. «Իմ ասած դեպքին շատ պարզ բացահայտում կար։ Պետավտոտեսչությունը կանգնեցնում է այն ֆուռը, որով փողը տեղափոխվում է եւ այդպես բացահայտվում է»:

Գրիգորյանն արձագանքեց՝ ռիսկ կա, որ այս քայլով մարդկանց մղում են կանխիկ գործողությունների, խուսափելու բանկային գործարքներից, ինչը խորացնելու է կոռուպցիան։

Այդ գումարն, ի վերջո, ինչպես նշեց վարչապետը, ինչ-որ տեղից պետք է դուրս գա, մարդիկ բանկից պետք է հանեն, որպեսզի գործարք կատարեն։ Ըստ Փաշինյանի, քիչ հավանական է, որ այդ գումարը բազմոցի մեջ պահած է. «Եթե բազմոցի մեջ պահած է, դա շատ ավելի հեշտ է, խուզարկությամբ կարելի է գնալ ու գտնել։ Եթե մենք օրենքով իրավասու չենք գնալ ու դոշակի տակ պահած փողը գտնել, ուրեմն պետք է նաեւ համարժեք իրավասություն ունենալ եւ գնալ բանկային հաշվին պահած փողը գտնել եւ փոխանցումը նայել՝ էդ փողը փոխանցել է, թե չէ։ Եթե մեկը պատուհանից թռնում ու դոշակի տակի փողը տանում է, մենք իրավունք ունե՞նք պատուհանի տակ ոստիկան կանգնեցնել, ով իրեն կբռնի»։

Այս նախագծի շուրջ շատ կարծիքներ հնչեցին, կատակներ արեցին, թեմայից մի պահ շեղվեցին, հետո վերադարձան, եւ վերջապես նախագիծն ընդունվեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30