Մամուլին հայտնի է դարձել, թե ովքեր են այն շոուբիզնեսցիները, որոնց Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել եկամուտները հայտարարագրելու համար։ Ըստ տարածված որոշ տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը։ Նշվում է, որ նրանք 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել եւ ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք. այդպես էլ չեն հետեւել դրանց, եւ ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց, իսկ եթե այդ նամակն էլ մնա անպատասխան, ապա Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը նախահաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին։ Վերջիններս կորոշեն, թե շոուբիզնեսցիներն ինչ պատասխանատվության կենթարկվեն:
Հակոբ Հակոբյանն նշեց, որ իրենք ոչ մի գրություն էլ չեն ստացել եւ առանց դրա էլ վերջերս մուտք են գործել հարկային դաշտ. «Մենք արդեն հարկային դաշտում ենք։ Այդքանը կարող եմ ասել։ Երկու-երեք օր էր՝ այդ գործերով էինք զբաղված։ Առանց նամակ ստանալու ինքներս մուտք ենք գործել դաշտ՝ որպես անհատ ձեռներեց։ Առաջիններից մեկը մենք ենք եղել, որ ասել ենք՝ շոուբիզնեսցիները պարտավոր են օրենքի դաշտում լինել։ Պարզապես հարկվելու ձեւերին, մեխանիզմներին ծանոթ չէինք, մինչեւ հասկացանք, հետաքրքրվեցինք, պարզեցինք, որ ԱՁ պետք է բացենք, ժամանակ անցավ»,- պարզաբանեց պրոդյուսերը։
Լուսինե Արշակյանը զարմացած է, թե ինչու է Արման Հովհաննիսյանի անունը շրջանառության մեջ դրվել որպես հարկեր չվճարող արտիստ այն պարագայում, որ երգիչը երբեւէ չի խուսափել հարկերից. «Դեռեւս 2011-ին, երբ Արման Հովհաննիսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես եկավ մենահամերգով, պետությանը վճարեց հարկեր այն դեպքում, երբ շոու- բիզնեսցիներին հարկելու մասին խոսակցություններ անգամ չկային։ Դրանից հետո երգիչը Հայաստանում շահույթ հետապնդող համերգ չի ունեցել»։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում