Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ զինամթերքի պակաս չի եղել ապրիլյան պատերազմի օրերին». «168 ժամ»

Սեպտեմբեր 12,2019 12:08

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ նախկին հրամանատար, Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր զբաղեցնում է Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը (նստավայրը՝ Երևան) և իր գործառույթն այսօր ՀՀ ուժային բոլոր կառույցներում վերահսկողություն իրականացնելն է։ Նկատի ունենալով 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մովսես Հակոբյանի զբաղեցրած պաշտոնական դիրքը՝ ԶՈՒ-ում, և մոտալուտ ժամկետում իր կանչվելը՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, 168.am-ը բարձրաստիճան ռազմական գործչից հետաքրքրվել է այդ հանձնաժողովի ստեղծման խորքային նպատակի, նախկին իշխանության օրոք դեպքերին տրված եզրակացությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած դիրքորոշման մասին և այն մտացածին միֆերի մասին, որոնք շարունակում են մինչ օրս տարածվել հանրության շրջանում՝ բանակի մասին հատուկ կարծիք ձևավորելու նպատակով։

– Կարծիք կա, որ, ինչպես «Մարտի 1»-ի գործը, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի ուսումնասիրությունները իշխանության համար որպես քաղաքական առանցքային թեմաներ են դիտարկվում։ Ի՞նչ եք Դուք հասկացել, դրանով ի՞նչ խնդիր է իր առջև դրել այսօրվա իշխանությունը։

– Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, ինձ թվում է՝ հասարակությանը ինչ-որ նյութ մատուցելու խնդիր է դրված, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչ է կատարվել այդ օրերին։ Իմ կարծիքն այս դեպքում սուբյեկտիվ է, բայց ես երբեք չեմ գնացել որևէ մեկի էմոցիոնալ պահանջները բավարարելու ճանապարհով։ Հնարավոր է՝ ես սխալ եմ, բայց գտնում եմ, որ դու ոչ թե հանրության էմոցիոնալ պահանջները պիտի կատարես, դու պիտի կատարես այն պահանջները, որոնք բխում են ստեղծված իրավիճակից, եթե դա քեզ իրոք հաղթանակ կբերի։ Չեմ կարծում, որ հանձնաժողովը, այն, ինչին այսօր կտիրապետի՝ կհրապարակի, դրանք գաղտնի նյութեր են, և պարտադիր չէ, որ հրապարակային դառնան, դրա անհրաժեշտությունը երբեք չկա և չպետք է լինի նաև հետագայում։ Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակի հետ, դա բանակի ներքին գործն է, և օրենքն է պահանջում։ Ամեն դեպքում, չեմ բացառում նաև, որ հանձնաժողովը աշխատի, և վերջում այդ նոր փաստաթուղթը մնա վարչապետի սեղանին։

– Խնդրում եմ, կարճ ու հիմնավոր բացատրեք՝ ի վերջո, ի՞նչ պատրաստվածության վիճակում է եղել դիրքապահ զինվորը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ զինամթերքի պակաս, տանկերի վառելանյութի խնդիր, բահերով կռվել, սննդի պակաս, խոտով ստիպված սնվել, և այլն, և այլն, սրանք միֆե՞ր են, թե՞ իրականություն։

– Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ զինամթերքի պակաս չի եղել ապրիլյան պատերազմի օրերին։ Զինամթերքի առկա քանակը բավարար էր անգամ այդ օրերին դիրքերին մոտեցած հակառակորդի հարյուրապատիկ գերազանցող ուժերին ջախջախելու համար։ Դրանք հաշվարկված նորմեր են, և այսօր էլ այդ հաշվարկով է զինամթերք տրվում զորամասերին։ Ուզում եմ ընդգծել՝ ապրիլյան դեպքերից հետո էլ շարունակվում է նույն քանակությամբ զինամթերք բաշխվել դիրքապահին, այստեղ միֆեր հորինելու իմաստ չկա։ Հրամանները կան, կարող եք հանել և ուսումնասիրել՝ ինչ քանակությամբ է զենքը տրվել մինչև 2016 ապրիլի 1-ի դրությամբ և այսօր։

Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում։ Ի տարբերություն մյուս բոլոր կառույցների՝ բանակի դեպքում, երբ տեխնիկան շահագործում ես և վերադառնում զորանոց, առաջին գործողությունը, որ կատարվում է հսկիչ կետում անցնելիս, դա լիցքավորումն է։ Դա պարտադիր գործողություն է, բաքը պիտի լցվի ամբողջությամբ՝ անկախ այն բանից՝ տեխնիկան անսա՞րք է, թե՞ սարքին։

Բահերով կռվելու մասով, երևի զարմացրած կլինեմ, բայց ասեմ, որ բահը նաև կռվելու համար է։ Եթե գործը հասել է մենամարտի, ապա բահը կռվելու համար ամենահարմար գործիքն է։ Հաշվի առեք մի բան, բանակում բահերն ուրիշ են, բոլոր կողմերով սուր շեղբ ունեն, և եթե դիվերսիա է, թշնամին անսպասելի մոտեցել է դիրքապահին, մենամարտի բռնվող զինվորին, այդ միջոցին զենքը ճկուն չէ կիրառել, ավելի հարմար ձևը նաև բահով կռվելն է համարվում։ Այն շատ հարմար է բռնելու, շարժելու և սուր կտրող կողմերով հակառակորդին վնասելու համար։ Ի դեպ, մենք դա սովորեցնում ենք մարտերի պարապմունքների ժամանակ, ուսուցանվող նյութերում կա այդ մասին։

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30