ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անընդունելի է համարում, որ մինչեւ այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության վերջնական դիրքորոշումը առանձին պատգամավորներ արտահայտվում են եւ տարբերվող տեսակետ հայտնում։ Որպես օրինակ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բերեց հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցը եւ նշեց, թե ելքը գտնված է, եւ այսուհետ պատգամավորները կարտահայտվեն միայն խմբակցության ներսում քննարկումների ժամանակ եւ չեն հանրայնացնի մինչեւ վերջնական որոշումը։
– Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո սկսվեցին խոսակցություններ, որ էլի կլինեն հրաժարվողներ։ Իսկապես տարակարծությունն այդքան շա՞տ է։
– Խմբակցությունում տարակարծություն եղել է առաջին իսկ օրվանից։ Մեր քննարկումների ընթացքում միշտ իրենց կարծիքն ու դժգոհությունը հայտնել են։ Էդգար Առաքելյանի դեպքի առումով ես հավատում եմ իր տեքստին, որ քաղաքականությունն իրենը չէ։ Եթե լինեն մեր խմբակցությունում նման դեպքեր, ես նույնպես կհասկանամ։ Նոր թիմ է, մարդիկ կան՝ իրենց գործերից կտրվել եւ եկել զբաղվում են քաղաքականությամբ։ Միգուցե եւ լինեն նման դեպքեր, բայց…
– Դուք ասացիք՝ բազմակարծություն միշտ է եղել, սակայն հենց Ամուլսարի հարցում վարչապետը դժգոհել է, թե թիմը հարվածել է իրեն։
Կարդացեք նաև
– Լինում են տարբեր իրավիճակներ։ Կոնկրետ Ամուլսարի հարցում եւ այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը։ Այսինքն՝ գոնե վերջնական թիմի հետ հասկանան՝ չունեն այդ ճանապարհը գնալու, նոր խոսեն։ Այսինքն՝ թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել, արդեն տեսնում ենք այլ կարծիքներ։ Ես չեմ ընդունում դա։
– Բայց պատգամավորն ազատ է արտահայտել իր կարծիքը։
– Միանշանակ ազատ է, բայց նաեւ պատգամավորը թիմի անդամ է, կրում է թիմի պատասխանատվությունը։ Ես չեմ ասում՝ եթե թիմի անդամ է, ուրեմն այդ խաչը պետք է կրի, ոչ։ Երբ գա այն պահը, որ նույն առվով չեն հոսի ջրերը, կասի։ Բայց եղել են դեպքեր, երբ դեռ քննարկումների փուլում կարծիք արտահայտողներ են եղել, որը ես ճիշտ չեմ համարում։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում