Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունն Ամուլսարի վերաբերյալ

Սեպտեմբեր 12,2019 11:14

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը  հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը  հայտարարում է՝

Ամուլսարում հանքարդյունաբերության գործունեությամբ զբաղվող «Լիդիան Արմենիան» ընկերությունը իրականացնում է տնտեսական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեությունը չի կարող քաղաքական ուժերի կողմից ինքնահաստատման, կայացման տարատեսակ մեկնաբանությունների  համար օգտագործվել։

Հայաստանի ընդերքը չի կարող փակ լինել արդյունահանման և շահագործման համար։

Ընդերքը կարևոր ճյուղ է, Հայաստանում ունի գիտական և գործնական ավանդույթներ, այն անհրաժեշտ է զարգացնել ու  օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության։

Դադարեցնել ընդերքի շահագործումը՝ նշանակում է դադարեցնել նաև Ջերմուկի հանքային ջրերի արդյունահանումը։

Ջերմուկի առողջարանային գործունեության նկատմամբ հանրային հսկողություն պետք է սահմանել։

Հաշվի առնելով մեր երկրի բնական հարստություններն ու հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակը, շարունակվող պատերազմն ու շրջափակումը՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հայտարարվել է գերակա ոլորտ և ապահովում է պետական բյուջեի մուտքերի զգալի մասը: Այն, որ հանքարդյունաբերությունը տնտեսական շահավետությամբ հանդերձ առաջ է բերում նաև բնապահպանական առանձին խնդիրներ, ակնհայտ ճշմարտություն է: Բայց, բնականաբար, գլխավոր խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությամբ չզբաղվելն է, այլ անհրաժեշտ ներդրումներով բնապահպանական վնասը նվազագույնի հասցնելը: Այդպես է ողջ աշխարհում, իսկ Հայաստանը աշխարհի մի մասնիկն է: Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ… Միայն տարիներ հետո ի՜նչ մեծ ջանքերով ու հսկայական ներդրումներով վերագործարկվեց այն: Հիշենք նաև մեր երկրին հսկայական եկամուտներ ապահովող «Նաիրիտ» գործարանի փակումը, որն առայսօր դժվարանում ենք վերագործարկել: Հետևաբար՝ օրախնդիրը ոչ թե փակելն է, այլ ճիշտ շահագործելը:

«Լիդիան» ընկերությունը կիրառում է ներկայումս աշխարհում կիրառվող լավագույն փորձն ու գիտական մշակումները բնապահպանության բնագավառում՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով և համալիր ծրագրերով, որոնք արդեն սկսվել են։

Կան միջազգային կազմակերպությունների մասնագիտական դրական կարծիքներն ու վերլուծությունների արդյունքները: Ամուլսարի աշխատանքների դադարեցումը միանշանակ վնասելու է մեր երկրի ներդրումային վարկանիշին, քանի որ հանքարդյունաբերությունը նախ պետք է կանխատեսելի լինի: Իսկ Հայաստանում ընդերքի հարստությունները չօգտագործելը պարզապես աններելի է: Բնապահպանները և այդ թեմայով բանավիճող, բայց գործին երբեմն անտեղյակ քաղաքացիները միայն պայմանական վնասից են խոսում: Հիշեք նաև, թե պատերազմող և արտագաղթ ունեցող երկրում Ամուլսարի հանքի շահագործումը և հարակից ծառայությունները հազարավոր մարդկանց համար աշխատատեղ են, բնականաբար՝ նվազեցնելու են արտագաղթը և տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մուտք են ապահովելու պետական բյուջե:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ անպայման պետք է հաշվի առնել սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունում օրինական գործունեություն ծավալող ոչ մի ընկերություն չպետք է խոչընդոտների առջև կանգնի, առավել ևս՝ չպետք է տարբերություն դնել՝ այդ ընկերությունը հայաստանյան է թե դրսի կազմակերպություն։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հատկապես հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները և միաժամանակ բնապահպանների արդարացի ահազանգերը պահել ամենօրյա ուշադրության և մտահոգության կենտրոնում։ Այստեղ պետական վերահսկողական ատյանների ու բնապահպանների համատեղ աշխատանքը կարող է կարևոր գործոն ու խթան դառնալ։ Չէ որ մայր բնությունը բոլորիս տունն է և այն հնարավորինս անաղարտ պահելը  բոլորիս սրբազան գործն է ու քաղաքացիական պարտքը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը բնականաբար խորապես մտահոգված է մեր բնության անաղարտության պահպանմամբ, բայց միաժամանակ մենք ժողովրդին աշխատանքով ապահովելու, արտագաղթը նվազեցնելու և տնտեսությունն արագ զարգացնելու խնդիրն ու մտահոգությունը ունենք: Մենք կարծում ենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը օրախնդիր է, պարզապես՝ կենսական: Չէ՞ որ երկրի ընդերքի հարստությունները փակ պահելու համար չեն, այլ ժողովրդին ծառայեցնելու: Թեև խնդիրը առավել քան զգացմունքային է ու տաք, բայց հարկավոր է առանց ավելորդ զգացմունքայնության և սառը դատողությամբ մոտենալ: Դա է պահանջում մեր երկրի շահը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Հետաքրքիր է, թե որտեղ էր գտնվում այս միությունը և նրա երկարատև գործող ղեկավարը, երբ հերթականությամբ թալանվում ու փոշացվում էր մեր երկրի արդյունաբերական ձեռնարկությույնները և զրոյացվում հազարավոր բանվորական տեղեր…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30